27/12/2024

Վենեսուելայում շարունակվում են զանգվածային բողոքի ցույցերը. Լուսանկար

Նախագահական ընտրություններում Նիկոլաս Մադուրոյի հաղթանակից հետո Վենեսուելայում շարունակվում են զանգվածային բողոքի ցույցերը։ Ցուցարարները փակում են ճանապարհները, Մոլոտովի կոկտեյլներ են նետում, այրում Մադուրոյի պաստառները և քանդում Ուգո Չավեսի հուշարձանները։

Բողոքի ակցիաներ են տեղի ունենում միանգամից մի քանի խոշոր քաղաքներում։ Վենեսուելայի հակամարտությունների դիտորդական կենտրոնի տվյալներով՝ երկրում գրանցվել է 187 բողոքի ցույց 20 նահանգներում։

Կարակասում և Մարակայում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել, իսկ ցուցարարները փակել են Բարքիսիմետոյի մայրուղու մի մասը: Կորոյում և շատ այլ քաղաքներում ցուցարարները քանդել են հանգուցյալ նախագահ Ուգո Չավեսի արձանը։

Ցուցարարները դժգոհ են ընտրությունների արդյունքներից՝ պաշտոնական տվյալներով Մադուրոն երրորդ անգամ է ընտրվել պետության ղեկավարի պաշտոնում։

Ընդդիմության առաջնորդներից մեկի՝ Մարիա Կորինա Մաչադոյի խոսքով, վերահաշվարկը, որն իրենք իրականացնում են ինքնուրույն, ցույց է տալիս Գոնսալեսի ջախջախիչ հաղթանակը։ Նա պնդում է, որ Գոնսալեսը ստացել է 6,27 միլիոն ձայն, իսկ Մադուրոն՝ ընդամենը 2,75 միլիոն։

Իր հերթին, Վենեսուելան որոշել է հետ կանչել իր դիվանագետներին այն երկրներից, որոնք չեն ճանաչել երկրում ընտրությունները։

Խոսքը Արգենտինայի, Չիլիի, Պերուի, Կոստա Ռիկայի, Պանամայի, Դոմինիկյան Հանրապետության և Ուրուգվայի մասին է։

Վենեսուելայում շարունակվում են զանգվածային բողոքի ցույցերը