26/12/2024

Մեքենայի տեխզննության ժամանակ նոր նախագծով կպահանջվի վճարել միայն նախորդ տարիների պարտքը. Թունյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում վարորդների և մեքենա ունեցողների համար իրազեկում է հրապարակել:

«Ես և իմ գործընկեր Նարեկ Զեյնալյանը շրջանառության մեջ ենք դրել օրենքի նախագիծ, որն ընդունվելու դեպքում տեխզննության ժամանակ կպահանջվի վճարել միայն նախորդ տարիների պարտքը՝ հնարավորություն տալով գումարները տնօրինել ձեր հայեցողությամբ մինչև դեկտեմբերի 1-ը»,- գրել է Թունյանը։

Ըստ նրա՝ հարկային օրենսգրքով սահմանված է, որ յուրաքանչյուր տարվա գույքահարկը կարելի է վճարել մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ։

«Սակայն, միևնույն ժամանակ, օրենսգրքով սահմանված մեկ այլ դրույթ ֆիզիկական անձանց պարտավորեցնում է տեխնիկական զննության ենթակա փոխադրամիջոցների համար փոխադրամիջոցների գույքահարկի գծով հարկային պարտավորություններն ամբողջությամբ կատարել մինչև փոխադրամիջոցները տվյալ հարկային տարվա տեխնիկական զննության ներկայացնելը:

Այսինքն, եթե դուք մեքենան տեխզննման եք տանում, օրինակ, հունվարին կամ փետրվարին և գուքահարկի գծով նախորդ տարիներից պարտք չունեք, միևնույն է՝ ստիպված եք լինում վճարել այդ տարվա ամբողջ գույքահարկը»,- նշել է նա։