22/11/2024

Երրորդ համաշխարհային պատերազմ կսկսվի, թե ամեն բան կավարտվի մեկ ճմկտոցով

Axsios պորտալը հայտնել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Մեծ Յոթնյակի երկրների իր գործընկերներին հայտնել է, որ Իրանն ու Հըզբոլլահը Իսրայելին պատասխան հարված կարող է հասցնել օգոստոսի 5-ի ընթացքում:

Ըստ տեղեկության, ԱՄՆ պետքարտուղարը հայտնել է, որ ԱՄՆ չի տիրապետում հարվածծի հնարավոր ձեւի մասին մանրամասն տեղեկատվության: Իրանը հայտարարել է, որ Իսրայելին կհարվածի առանց նախազգուշացման, թեեւ իրավիճակը ռեգիոնում այնպիսին է, որ կարծես թե առանձնապես նախազգուշավման կարիք չկա էլ:

Ըստ էության բոլորը պատրաստվում են հարվածի: Իսկ կարո՞ղ է արդյոք Իրանը կատարել «ձիով քայլ» եւ չանել այն, ինչ սպասում են բոլորը, այդ թվում բնականաբար առաջին հերթին Իսրայելը, եւ գործել այլ տրամաբանությամբ:

Այն, որ Իրանին որեւէ կերպ պետք չէ ռեգիոնալ մեծ պատերազմ, որն ամեն կերպ փորձում է հրահրել Իսրայելի վարչապետ Նաթանյահուն, կարծես թե նկատելի է եւ գնահատելի է անզեն աչքով: Ւրանի ռեգիոնալ ուժը այսպես ասած «պրոքսի» տրամաբանությամբ գործողություններն են:

Այդ տրամաբանությունից դուրս գալն ու ռեգիոնալ մեծ ու բաց պատերազմի մեջ մտնելը հազիվ թե ամրացնի Թեհրանի դիրքերը թե ռեգիոնում, թե աշխարհում: Այլ հարց է, եթե Իրանին հաջողվի ձեւավորել այդպիսի պատերազմի այնպիսի մի ռազմա-քաղաքական բլոկ՝ դաշնակից երկրների շրջանակ, որը ըստ էության կերաշխավորի Իրանի հաղթանակը այդ պատերազմում:

Բայց, այսօր որեւէ կերպ նկատելի չէ այդպիսի բլոկի ձեւավորում: Ավելին, մեծ է այն դերակատարների շրջանակը, որոնք թերեւս շահագրգռված են, որպեսզի Մերձավոր Արեւելքում չբռնկվի մեծ պատերազմ:

Մասնավորապես, այդ հարցում ամենաշահագրգռվածը թերեւս Միացյալ Նահանգների ներկայիս վարչակազմն է եւ թերեւս դրանով է պայմանավորված նաեւ, որ օրերս բավականին կոշտ խոսակցություն է եղել ԱՄՆ նախագահ Բայդենի եւ Իսրայելի վարչապետ Նաթանյահուի միջեւ, ինչպես հայտնոււմ են ամերիկյան ու իսրայելյան լրատվամիջոցներ:

Մերձավոր Արեւելքում մեծ պատերազմը էապես կհարվածի ԱՄՆ նախագահի ընտրությանը դեմոկրատական վարչակազմի նախընտրական դիրքերին, որոնք առանց այդ էլ ուժեղ չեն: Ամերիկյան CNN հեռուստաընկերությունը Թեհրանում Իսմայիլ Հանիայի սպանությունից օրեր առաջ հայտնել էր, թե Իրանը փորձելու է ազդեցություն ունենալ ԱՄՆ նախագահի ընտրության վրա, խանգարելու համար Տրամպի վերընտրությանը:

Բայց, արդյո՞ք հնարավոր չէ դիտարկել իրավիճակը «հակառակ ծայրից», երբ դեմոկրատական վարչակազմը կարող է օգտագործել Նաթանյահուի խնդիրները՝ ամերիկյան հանրությանը Տրամպի ռազմատենչ կերպար ներկայացնելու համար, մի ձեռքով Նաթանյահուին սաստելով, մյուսով նրան «մղելով» սադրանքների: Չէ՞ որ Տրամպն էլ փորձում է դեմոկրատների դեմ օգտագործել ուկրաինական պատերազմը եւ իր «կրեդո» դարձնել խաղաղության հաստատումը: