25/11/2024

Հայաստանի, Հնդկաստանի ու Իրանի մասնակցությամբ նոր ճանապարհ դեպի Սև ծով

Հայաստանի, Հնդկաստանի ու Իրանի մասնակցությամբ առաջիկայում Իրանում տեղի կունենա եռակողմ հանդիպում, որի ընթացքում քննարկման առարկան կլինի առեւտրային երթուղու հարցը, կդիտարկվի Չաբահար իրանական նավահանգստի հնարավորությունը:

Այլ մանրամասներ առայժմ չեն հրապարակվում: Մամուլի այդ տեղեկատվության պաշտոնական պարզաբանում դեռեւս չկա:

Միեւնույն ժամանակ, Իրանում եռակողմ այդպիսի հանդիպումը անշուշտ Հայաստանի համար կլինի կարեւոր ու ողջունելի, քանի որ Հայաստանով Հյուսիս-հարավ առեւտրային երթուղու, կամ Պսրսից ծոց-Սեւ ծով երթուղու ձեւավորումը մեր երկրի համար ունի ռազմավարական նշանակություն թե տնտեսական, թե առավել եւս աշխարհտնտեսական ու աշխարհաքաղաքական իմաստներով: Հիշեցնեմ, որ շաբաթներ առաջ Հայաստանում Հնդկաստանի դեսպանը Արմենպրեսին տված հարցազրույցում նշել էր, որ Դելին Երեւանից ակնկալում է առարկայական առաջարկներ Չաբահա նավահանգստի հնարավորությունների առնչությամբ:

Ինչպես հայտնի է, մայիսի 13-ին Իրանն ու Հնդկաստանը Թեհրանում ստորագրեցին իրանական Չաբահար նավահանգստի արդիականացման եւ շահագործման տասնամյա պայմանագիր: Չաբահարը դիտարկվում է նաեւ Ռուսաստան-Ադրբեջան-Իրան-Հնդկաստան առեւտրային երթուղու ծրագրի շրջանակում, սակայն Հայաստանի համար անշուշտ էականը գոյություն ունեցող իրողությունների պայմաններում սեփական շահերին համահունչ բովանդակություն ձեւավորելն ու շահընկերների հետ դրա առաջմղումն է:

Իսկ Հնդկաստանն ու Իրանը արտահայտվել են Պարսից ծոց-Սեւ ծով երթուղու՝ իրենց համար շեհեկանության վերաբերյալ, թեեւ հարկ է նկատել նաեւ, որ այդ երթուղին Իրանի ու Հնդկաստանի համար լինելով շահեկան մի շարք առումներով, այդուհանդերձ քաղաքական առումով ունի իրագործելության բարդություններ, կապված սեւծովյան ավազանի ռազմա-քաղաքական ստատուս-քվոյի հետ, որի հարցը բաց հարցերից մեկն է:

Բոլոր դեպքերում, դա ամենեւին չի նշանակում, որ երթուղու մյուս հարցերը եւս պետք է մնան բաց: Ըստ այդմ, Հայաստանի համար շատ կարեւոր է իր տարածքով անցնող ենթակառուցվածքի եւ հնարավոր առեւտրային երթուղու հարցում Հնդկաստանի եւ Իրանի հետ քննարկումների եւ աշխատանքի առավելագույնս գործնականցումը:

Իհարկե, թեեւ չի մանրամասնվում, թե ինչպիսին է լինելլու առաջիկայում Իրանում հնարավոր եռակողմ քննարկման ձեւաչափը, աստիճանակարգը կամ կարգավիճակը, բայց հարկ է հիշել, որ հայ-հնդկական-իրանական եռակողմ քաղաքական խորհրդակցություն արդեն անցկացվելլ է եւ դա տեղի է ունեցել Երեւանում, 2023 թվականի ապրիլին, ԱԳ նախարարությունների մակարդակով:

Պատվիրակությունները գլխավորել են Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, Իրանի ԱԳՆ Հարավային Ասիայի գլխավոր վարչության պետ Սեյեդ Ռասուլ Մուսավին և Հնդկաստանի ԱԳՆ տարածքային գլխավոր վարչության պետ Ջիտենդեր Պալ Սինգհը: Անցել է ավելի քան մեկ տարի եւ կարծես թե ակնառու է, որ այդ ժամանակը բավականին մեծ է՝ դադարի համար: