Ռուսաստանը սպառազինությունների վաճառքի միլիարդավոր դոլարների գործարքներ տապալել է: Բաքվի իշխանական լրատվամիջոցն այդ մասին գրում է՝ հղելով «Ռոստեխի» գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովին:
«Այժմ (սպառազինությունների) արտահանումը հասկանալի պատճառներով կրճատվել է. ամեն ինչ՝ ռազմաճակատի համար, ամեն ինչ՝ հաղթանակի համար,» – Reuters-ին ասել է ռուսաստանցի պաշտոնյան:
Ադրբեջանական լրատվամիջոցը վկայակոչում է Խաղաղության խնդիրների ուսումնասիրության Ստոկհոլմի ինստիտուտի վիճակագրական տվյալները: Ըստ այդմ, նախորդ հնգամյակի համեմատությամբ 2019-2023 թվականներին Ռուսաստանից սպառազինությունների արտահանման ծավալները կրճատվել են 53 տոկոսով:
Ռուսաստանն այդպիսով սպառազինություններ արտահանող երկրների ցանկում երկրորդ տեղից իջել է երրորդ հորիզոնական: Առաջին տեղում շարունակում է մնալ Միացյալ Նահանգները, որի արտահանումն աճել է 17 տոկոսով: ԱՄՆ-ը սպառազինությունների միջազգային շուկայում 43 տոկոսի մասնաբաժին ունի: Երկրորդ տեղում Ֆրանսիան է, որը հինգ տարում 47 տոկոսով ավելացրել է սպառազինությունների արտահանումը: Ռուսաստանի ընդհանուր բաժինը կազմում է սպառազինությունների համաշխարհային արտահանման 11 տոկոսը:
Ռուսաստանը սպառազինությունների վաճառքի գործարքներ չի իրականացրել Հնդկաստանի և Հայաստանի հետ, իսկ Իրանի հետ այդ բնագավառում պայմանագրի հարցը առկախ է մնում: Վերջերս Իրանի պաշտպանության նախարարության բարձրաստիճան պատվիրակություն է մեկնել Մոսկվա, բայց, երևում է, ոչ մի կոնկրետ համաձայնություն ձեռք չի բերվել: Օրեր անց Իրանը հայտարարել է ՀՕՊ սեփական համակարգը մարտական հերթապահության կանգնեցնելու մասին:
Այս տեղեկատվությունը կարելի էր միայն ի գիտություն ընդունել: Պարզ է, որ Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրն աշխատում է գերլարված: Արեւմտյան լրատվամիջոցներից մեկը նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդեւին համեմատել է Լավրենտի Բերիայի հետ, որն Ստալինի հանձնարարությամբ շրջում էր ռազմական գործարաններով եւ պարտադրում աշխատել երեք հերթափոխով: Ըստ էության, Չեմեզովը կրկնել է Հայրենական մեծ պատերազմի «ամեն ինչ՝ ռազմաճակատի համար, ամեն ինչ՝ հաղթանակի համար» կարգախոսը:
Բայց օրինաչափ հարց է առաջանում. այդ իրավիճակում գտնվող Ռուսաստանի նախագահը Բաքու ուղեւորության պետական պատվիրակության կազմում ինչու՞ է ընդգրկել Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային գործակալության տնօրեն Դմիտրի Շուգաեւին: Սա ենթադրություն չէ, Կրեմլը պաշտոնապես հրապարակել է ռուսաստանյան պատվիրակության անդամների ինքնությունը եւ նրանց պաշտոնները:
Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային գործակալության տնօրենը Բաքվում ի՞նչ հանդիպումներ եւ քննարկումներ է ունեցել՝ հայտնի չէ: Պատերազմի մեջ է նաեւ Ադրբեջանի սպառազինությունների երկրորդ խոշոր մատակարար Իսրայելը: Մամուլում նույնիսկ տեղեկություններ են հայտնվել, որ Իսրայելն Ադրբեջանին մատակարարած «սպառազինությունների մի մասը ետ է վերադարձրել»: Հնարավոր է, խոսքը գործարքը չեղարկելու, սպառազինությունները չմատակարարելու մասին է:
Այս առումով Բաքվում ռուս-ադրբեջանական բանակցություններին Դմիտրի Շուգաեւի ներկայությունը լուրջ ենթադրությունների տեղիք է տալիս: Արդյո՞ք Մոսկվան, այնուամենայնիվ, Ադրբեջանին սպառազինությունների մատակարարման մի «ճեղք» ունի՞: Դատելով ԱՄՆ-ի եւ հատկապես Ֆրանսիայի հետ Ադրբեջանի հարաբերությունների «ջերմությունից», Ալիեւը հազիվ թե այդ երկրներից սպառազինությունների ձեռքբերման հույս ունենա: Մնում է դարձյալ Ռուսաստանը:
Բաց մի թողեք
Պատրուշևը փաստացի գործարք է առաջարկում Թրամփին
Վաշինգտոնից հետո Միրզոյանը կգնա Մոսկվա, ինչ սպասել ․․․
Արշակ Կարապետյանը կեղծ լուսանկար է հրապարակել