22/11/2024

Հայաստանը 44-օրյա պատերազմից հետո մտել է «տաբուների հաղթահարման» փուլ

Ո՞վ կարող է երաշխավորել Հայաստանի անվտանգությունը,- հարցին գոնե մոտավոր ճշտությամբ պատասխանելու համար պետք է հասկանալ, թե «անվտանգություն» ասելիս ինչ է նկատի առնվում:

Միջին-վիճակագրական հայի «անվտանգության» պատկերացումը կառուցված է տեսլականի վրա, երբ պատմական հայրենիքն ամբողջացած կլինի, Թուրքիան եւ Ադրբեջանը՝ «քարտեզից ջնջված»: Որեւէ բացատրություն, հիմնավորում, որ այդ կարծրատիպը Հայաստանի համար ինքնին սպառնալիք է, նա չի ընդունում:

Իսկ եթե իջնենք առօրյա–կենցաղային մակարդակի, ապա «անվտանգության» մեր ընկալումն այն է, որ «թուրք հարեւան չպետք է լինի»: Թե ով եւ ինչպես պիտի մի հսկայական տարածաշրջան «թրքազերծի» եւ մեզ համար «սանիտարական անվտանգ արեալ ստեղծի», հենց դա էլ հայկական «տառապանքն է»:

Այս իմաստով, այո, ոչ ոք Հայաստանի անվտանգության երաշխավոր չի եղել եւ չի լինելու, որովհետև տարածաշրջանի «թրկազերծման» մեր բաղձանքը ոչ միայն անհասկանալի ֆանտոմ է: Այն ուղղակիորեն հակադրվում է «աշխարհի ուժեղների» շահերին:

Եւ եթե մտայնություն կա, որ դեպի Եվրոպա «քայլը» մեզ մեկ միլիմետրով մոտեցնելու է Հայաստանի «անվտանգության» ապահովմանը, ապա գործ ունենք չափազանց վտանգավոր մոլորության հետ, որովհետև եթե Ռուսաստանը մեր իղձերը գոնե մասամբ բավարարելու համար Թուրքիայի հետ չի թշնամացել, ապա չի թշնամանալու նաեւ Եվրամիությունը, Միացյալ Նահանգները:

Քաղաքականության մեջ աքսիոմա չէ, որ «իմ թշնամու թշնամին իմ բարեկամն է»: Ավելին, այդ դիրքորոշումը շատ հաճախ բերում է նրան, որ երեկվա թշնամիները դաշնակից են դառնում եւ հավասարապես մեղադրում երրորդին:

Եթե Հայաստանի մասին Ռուսաստանի նախագահի, արտաքին գործերի նախարարի, նույնիսկ Ալեքսանդր Լուկաշենկոյի դիտարկումների ենթատեքստը սառը դատողությամբ բացենք, ապա նրանք այլ բան չեն ասում, քան, որ «Հայաստանը փորձել է իրենց Թուրքիայի հետ թշնամացնել»:

Վաղը նույն ենթատեքստը մեզ Եվրոպան եւ Միացյալ Նահանգներն են հասցեագրելու, եթե փորձենք նրանց հետ հարաբերություններ կառուցել այն ակնկալիքով, որ ունեինք Ռուսաստանից:

Նույնը վերաբերում է նաեւ անմիջական հարեւանների՝ Վրաստանի եւ Իրանի հետ կապված սպասումներին: Արդի աշխարհը չափազանց բարդ է, որպեսզի մենք մեզ շռայլություն թույլ տանք եւ առաջնորդվենք «այն, ինչ վնաս է Թուրքիային, մեզ օգտակար է» մտայնությամբ:

Տասնամյակներ շարունակ Սփյուռքի կառույցներն, օրինակ, լոբբիստական աշխատանք են տարել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության դեմ: ԵՄ-ն, իհարկե, Թուրքիային այդ պատճառով չէ, որ մերժում է, բայց, երեւի, ժամանակն է, որ փորձենք հասկանալ՝ մեզ ձեռնտու է ունենալ ՆԱՏՕ-ի եւ ԵՄ անդամ, թե՞ «եվրասիական ընդհանուր տան» դաշնակից Թուրքիա:

Շատ բարդ է նաեւ հարցը, թե Իրան-Ռուսաստան եւ Իրան-Թուրքիա հակասություններից, եթե դրանք խորանան, մենք կշահե՞նք, թե՞ կտուժենք:

Հայաստանը 44-օրյա պատերազմից հետո մտել է «տաբուների հաղթահարման» փուլ, բայց դա պահանջում է մասնագիտական լրջագույն ուսումնասիրություն:

Նախ չպետք է տուրք տալ նիհիլիզմին, երկրորդ, որ ավելի կարեւոր է, գործընթացում տաբուներ չպետք է լինեն: Հակառակ դեպքում կունենանք նոր տաբուներ: Եւ, ասենք, անձեռնմխելի կհամարվի այն, ինչ «արեւմտյան արժեհամակարգից» է կամ՝ եվրաատլանտյան:

Իրական քաղաքականության կարգախոսը մեկն է. «Եթե դա պահանջում է ազգային շահը, ապա պետք է բարեկամանալ անգամ սատանայի հետ»: