ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վանաձոր քաղաքի բնակչի կողմից 63-ամյա մորը պարբերաբար ֆիզիկական և հոգեկան բռնության ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։
2023թ․ մարտի 8-ին Վանաձոր քաղաքի բնակչուհին ոստիկանություն է ներկայացրել տարբեր ավտոմեքենաների կողային հայելիներ և հայտնել, որ դրանք գողացել է իր որդին: Օրեր անց նույն կինը ցուցմունք է տվել այն մասին, որ իր՝ հիշյալ հաղորդման պատճառով որդին հարձակվել է իր վրա ու հարվածներ հասցրել իրեն:
Ստացված հաղորդումների հիման վրա նախաձեռնվել է մեկ քրեական վարույթ, սակայն հետագայում որոշում է կայացվել բռնություն գործադրելու վերաբերյալ մասը նշված վարույթից անջատելու և առանձին քննելու մասին։
Վերջինի շրջանակներում իրականացված քննությամբ ձեռք բերված փաստական տվյալերով հիմնավորվել է, որ 42-ամյա տղամարդը, տարբեր օրերի, երբեմն լինելով նաև ալկոհոլի ազդեցության տակ, իրենց բնակարանում ֆիզիկական և հոգեբանական բռնություն է գործադրել իր մոր նկատմամբ։
Մասնավորապես պարզվել է, որ վերջինս 2023 թվականի մարտի 11-ին, իմանալով իր կողմից ավտոմեքենաների հայելիներ գողանալու վերաբերյալ մոր տված հաղորդման մասին, իրենց բնակարանանում նախ վիճաբանել է վերջինիս հետ, ապա հարվածներ հասցրել նրա դեմքին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:
Նույն գործողությունները, միաժամանակ մոր հասցեին նաև սպանության սպառնալիք հնչեցնելով, 42-ամյա տղամարդը առանց որևէ պատճառի կրկնել է 2024 թվականի հունվարի 24-ին, ինչից հետո, հնչեցված սպառնալիքներն իրականացնելու իրական վտանգ զգալով, 63-ամյա կինը դիմել է ոստիկանություն։
Նույն օրը տղամարդու նկատմամբ որոշում է կայացվել անհետաձգելի միջամտություն կիրառելու վերաբերյալ, որով վերջինիս պարտավորեցվել է 20 օր ժամկետով՝ մինչև 2024 թվականի փետրվարի 12-ը, մինչև 100 մետր հեռավորությամբ չմոտենալ մորը, չայցելել նրա բնակության վայր, ինչպես նաև հեռախոսային, նամակագրական և կապի այլ միջոցներով չհաղորդակցվել նրա հետ։
Սակայն, տղամարդը դիտավորությամբ անտեսելով վերոնշված արգելքը, 2024 թվականի հունվարի 25-ին կրկին գնացել է մոր բնակարան:
Նշված այցի ժամանակ էլ, բարկացած լինելով այն հանգամանքից, որ մայրը իր նկատմամբ բռնություն գործադրելու մասին հայտնել է ոստիկանությանը, ոչ սթափ՝ ալկոհոլ օգտագործած վիճակում սպառնացել է սպանել նրան, ապա ձեռքերով մի քանի անգամ հարվածել է վերջինսի գլխին, դեմքին ու մարմնի այլ հատվածներին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:
Տղամարադուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (2 դրվագ) 195-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (3 դրվագ) և 508-րդ հոդվածի 1-ին մասով («Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի 1-4-րդ կետերով, ինչպես նաև 8-րդ հոդվածի 5-րդ մասի 1-4-րդ կետերով նախատեսված պահանջն ընտանիքում բռնություն գործադրած անձի կողմից չկատարելը)։
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Վերջինիս կողմից մոր նկատմամբ ֆիզիկական և հոգեբանական ներգործություն կատարելու մասով նախաքննությունն ավարտվել է։ Քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան։
Ավտոմեքենաներից հայելիներ գողանալու բազմադրվագ վարույթով նախաքննությունը շարունակվում է։
Բաց մի թողեք
Թալանել են Բրյուսովի անվան համալսարանի դասախոսի տունը. խոշոր չափի գումար է հափշտակվել
Տվյալներ են ստացվել ՀՀ պետական սահմանի ապօրինի հատման հավանական փորձի վերաբերյալ. ԱԱԾ
Նախկին դատավորներ Նարինյանի և Կուբանյանի հետ փոխկապակցված անձանց գույքը ենթակա է բռնագանձման. Լուսանկար