Irna-ն հայտնում է, որ Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին նամակ է հղել աշխարհի իր գործընկերներին:
Նա ասել է, որ իսրայելական ռեժիմի անսահմանափակ իմունիտետը հանգեցրել է նրա ագրեսիայի ընդլայնմանը և Լիբանանի դեմ լայնածավալ հարձակմանը, իսկ իր պարտականությունների կատարելու՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անկարողությունը համարձակություն է ներշնչել այդ վարչախմբի ռազմատենչ առաջնորդներին, որպեսզի շարունակեն իրենց մշտական հանցագործությունները:
Իրանի արտգործնախարարը միաժամանակ հավաստիացրել է, որ իսլամական հանրապետությունը հարկ եղած դեպքում լիովին պատրաստ է գործի դնել պաշտպանական ավելի ուժեղ միջոցներ և այդ կապակցությամբ կասկածի ոչ մի տեղ չի թողնում:
Հոկտեմբերի 9-ին, այն բանից հետո, երբ Իսրայելի վարչապետ Նաթանյահուն արգելել է պաշտպանության նախարար Գալանտի ԱՄՆ այցը, Սպիտակ տունը երկամսյա դադարից հետո կազմակերպել է Բայդեն-Նաթանյահու հեռախոսազրույց, որը տևել է ընդամենը 50 րոպե: Ընդ որում՝ բանակցությունների մի հատված ընթացել է ԱՄՆ փոխնախագահ Հարիս-Իսրայելի վարչապետ Նաթանյահու ձևաչափով:
Vesty.go.il կայքը համարում է, որ Բայդեն-Նաթանյահու հարաբերությունները վերջնականապես խաթարված են, և Իսրայելի վարչապետը Սպիտակ տանը սպասում է հանրապետական Թրամփին: Ըստ տեղեկությունների՝ԱՄՆ-ն հրաժարվել է Իսրայելին տրամադրել խորքային թիրախներ խոցող ավիառումբեր կամ Իրանի դեմ հարվածներին ներգրավել B 2 ծանր ռմբակոծիչները: Իսկ միայն սեփական ուժերով Իսրայելը չի կարող «հանկարծակի, թիրախային և խորտակիչ հարվածներ» հասցնել Իրանին՝ ինչպես խոստացել է պաշտպանության նախարար Գալանտը:
Իսրայելական մամուլը, հղելով Reuters-ին, կասկածում է, որ Նաթանյահուի ռազմական կաբինետը «կարող է Իրանին հարվածելու որոշում ընդունել»: Բրիտանական լրատվամիջոցին հայտնի է դարձել, որ վերջին օրերին Թեհրանից հատուկ բանագնաց է գործուղվել Պարսից ծոցի երկրներ: Փոխանցվել է հստակ ուղերձ. եթե նրանք իրենց օդային տարածքը տրամադրեն Իսրայելին, ապա դա կդիտվի «պատերազմական ակտ՝ դրանից բխող հետևանքներով հանդերձ»:
Ըստ «մերձավորարևելյան երեք վստահելի աղբյուրի», Սաուդյան Արաբիան, Կատարը, Արաբական միացյալ էմիրությունները Վաշինգտոնին հստակ զգուշացրել են, որ Իսրայելին օդային միջանցք չեն տրամադրի, որպեսզի հարվածներ հասցնի Իրանին: Ավելի վաղ Իսրայելի հարձակումից Իրանին ՀՕՊ միջոցներով օգնելու մասին հայտարարել են Իրաքը և Սիրիան:
Իրավիճակին հավելյալ բարդություն է հաղորդել Իսրայելի կողմից Լիբանանի հարավում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի թիրախավորումը: Հատուկ հայտարարություն է տարածել Իտալիայի վարչապետ Մելոնին, իսկ Հռոմում Իսրայելի դեսպանը կանչվել է ԱԳՆ: Միջադեպին անդրադարձել է նաև Ֆրանսիան, որը սպասում է պաշտոնական բացատրությունների:
Այս համատեքստում Իսրայելի կողմից Իրանին հարվածելու հավանականությունը նվազ է: Նաթանյահուի ռազմական կաբինետը նման որոշում կարող է ընդունել, թերևս, միայն ներքաղաքական նկատառումներից ելնելով: «Մեր տուն Իսրայել» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Լիբերմանը հայտարարել է, որ միայն Իրանի դեմ կործանիչ հարվածները կարող են վերականգնել Իսրայելի միջազգային արժանապատվությունը: Բայց նույնիսկ նա է խոստովանել, որ Իսրայելի և Իրանի հնարավորությունները համադրելի չեն, եւ տևական պատերազմ չի կարող լինել:
Բաց մի թողեք
Ադրբեջանը հօգուտ Իսրայելի՝ մերժում է Թուրքիային. Ինչ սպասել …
Հայության սին հույսերը Թրամփից, թե նա կգա ու կհանդարտեցնի Ալիևին
Թուրքիայի ներկայացուցիչների ընդգրկման հարցը Բաքուն կդիտարկի որպես «կոմպրոմիս»