ՀՀ գլխավոր դատախազությունը Երեւանի քրեական դատարան է ուղարկել երեք օտարազգի անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությունները։ Իրեղեն ապացույցները՝ 8 փաթեթ, քրեական գործի հետ դատարանին են հանձնվել հոկտեմբերի 10-ին։
civic.am-ը «Դատալեքս» հարթակից տեղեկացավ, որ Արտյոմ Դմիտրիի Մախմուտովին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, տարածքային անձեռնմխելիությանը և արտաքին անվտանգությանն ի վնաս օգտագործելու համար օտարերկրյա պետության հատուկ հետախուզության ծառայության ներկայացուցչի առաջադրանքով այլ տեղեկություն հավաքելու և հանձնելու եղանակներով կատարել է լրտեսություն:
Դանիիլ Ալեքսանդրի Սեմենյուկին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ունեցել է դիտավորություն Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, տարածքային անձեռնմխելիությանը և արտաքին անվտանգությանն ի վնաս օգտագործելու համար օտարերկրյա պետության հատուկ հետախուզության ծառայության ներկայացուցչի առաջադրանքով այլ տեղեկություն հավաքելու և հանձնելու եղանակներով կատարել լրտեսություն, սակայն իր դիտավորության մեջ ընդգրկված հանցագործությունը նրա կամքից անկախ հանգամանքներով չի իրագործվում:
Իսկ ահա Վիկտոր Միխայիլի Տիխոմիրովին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, տարածքային անձեռնմխելիությանը և արտաքին անվտանգությանն ի վնաս օգտագործելու համար օտարերկրյա պետության հատուկ հետախուզության ծառայության ներկայացուցչի առաջադրանքով այլ տեղեկություն հավաքելու և հանձնելու եղանակներով կատարել է լրտեսություն:
Հիշյալ երեք անձինք կալանավորված են, գործով դատավորն է Էդուարդ Մկրտչյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԱԾ 2022-ին հայտնեց, որ ռազմական հակահետախուզության դեպարտամենտի աշխատակիցների կողմից ձեռնարկված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում գործակալական ցանց հիմնելու և վարձատրության դիմաց ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության թշնամական գործունեություն ծավալելու վերաբերյալ:
Մասնավորապես, ըստ ԱԱԾ-ի, օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցները Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծել են գործակալական ցանց, որի կազմում ներգրավել են զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում ծառայող անձանց: Ընդ որում, իրենց գործունեությունն անխոչընդոտ իրականացնելու և բացահայտվելու ռիսկերը նվազեցնելու նպատակով լրտեսական գործունեություն իրականացրած անձինք սոցիալական ցանցերում ստեղծել են իգական սեռի ներկայացուցիչների տվյալներով բացված կեղծ անհատական էջեր՝ հայուհիների տվյալներով և լուսանկարներով: Դրանից հետո հայերեն լեզվին ազատորեն տիրապետող օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչները ծանոթություններ են հաստատել ՀՀ զինված ուժերում տարբեր պաշտոններ զբաղեցնող անձանց հետ՝ հնարավորություն ունենալով համացանցային ծանոթությունները վերածել մտերիմ հարաբերությունների, իսկ այնուհետ նաև՝ առաջարկել գումարի դիմաց համագործակցել իրենց հետ և տրամադրել ռազմական բնագավառին վերաբերող տեղեկություններ, մասնավորապես՝ ՀՀ զինված ուժերի տարբեր զորամասերի տեղակայման վայրերի, անձնակազմի, զենքի, զինամթերքի, զինտեխնիկայի քանակի և տեսակի, զորամասերի և դրանց հրամանատարական կազմի, պաշտպանական շրջանների, ինժեներական կառույցների, սարքավորումների և այլնի վերաբերյալ:
Նշված եղանակով լրտեսական գործունեություն իրականացրած անձինք գործակալական ցանցում ներգրավել են շուրջ երկու տասնյակ ՀՀ քաղաքացիների, ովքեր ՀՀ զինված ուժերում զբաղեցրել են տարբեր պաշտոններ և ի պաշտոնե հնարավորություն են ունեցել առնչվելու պետական ու ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների և փաստաթղթերի հետ:
Հիշյալ զինծառայողները տվել են իրենց համաձայնությունը և գումարի դիմաց բջջային տարբեր հավելվածների միջոցով օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին մաս-մաս փոխանցել են ծառայության բերումով իրենց հասանելի դարձած կամ օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցիչների պահանջով հավաքած ռազմական կամ այլ բնույթի տեղեկությունները, ի վնաս Հայաստանի Հանրապետության կատարել դավաճանական գործողություններ:
Քրեական գործի նախաքննության ընթացքում քրեադատավարական ու օպերատիվ- հետախուզական համակցված միջոցառումների արդյունքում հնարավոր է եղել բացահայտել գործակալական ցանցում ներգրավված ՀՀ քաղաքացիների ինքնությունները, պարզել նրանց կողմից օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցներին փոխանցված ռազմական և այլ բնույթի տեղեկությունների ծավալն ու բովանդակությունը, խափանել թշնամական գործունեություն իրականացնելու համար նոր տեղեկությունների հետագա փոխանցումը:
Նախաքննության ընթացքում կատարվել են շուրջ երեք տասնյակից ավելի խուզարկություններ, հայտնաբերվել և վերցվել են քրեական գործի համար էական նշանակություն ներկայացնող իրեր, փաստաթղթեր, այդ թվում՝ նաև ռազմական բնույթի տեղեկություններ պարունակող բնօրինակ փաստաթղթեր, ինչպես նաև օտարերկրյա հետախուզության առաջադրանքով հավաքագրված տեղեկությունների փոխանցման դիմաց արտարժույթի տեսքով վարձատրության հանգամանքը հաստատող անդորրագրերի օրինակներ:
Քրեական գործի նախաքննության ընթացքում պետական դավաճանություն կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել են ընդհանուր թվով 19 անձինք, որոնց մի մասը տվել է խոստովանական ցուցմունքներ:
Բաց մի թողեք
Մահվան ելքով վրաերթ կատարած և փախուստի դիմած վարորդը ձերբակալվել է
Արարատում 13-ամյա աշակերը դանակահարել է նույն դպրոցի 14-ամյա պատանուն
16-ամյա աղջնակը, ում նկատմամբ բռնություն է կիրառվել, տեղափոխվել է «Մուրացան» մանկական հիվանդանոց