03/01/2025

Բայդենի նամակից ու Կազանում հանդիպումից հետո ՔՊ փակ հավաքը խորհրդարանում ․․․

Նիկոլ Փաշինյանը կազանյան այցից հետո, որտեղ երկկողմ հանդիպում էր ունեցել Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ, Երևանում հավաքել է կառավարող ՔՊ կուսակցության, այսպես ասած, ընդլայնված կազմին՝ ՔՊ վարչություն, ՔՊ խորհրդարանական խմբակցություն, կառավարության ՔՊ-ական անդամներ:

Հանդիպումը տեղի է ունեցել խորհրդարանում, ինչի մասին Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում: Կազանի հանդիպումից հետո կառավարող ուժի ընդլայնված կազմով այդ հանդիպումը թերևս խոսում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը կամ հայտնել է հատուկ տեղեկություններ, որոնք ենթադրում են կառավարող ուժի որևէ որոշում, կամ Նիկոլ Փաշինյանը Կազանից հետո շոշափել է որոշակի տրամադրություններ, գուցե Կազանում ինչ-որ քննարկումների «իմպլեմենտացիայի» ներքին հնարավորությունները հասկանալու համար:

Չի բացառվում, որ Նիկոլ Փաշինյանը ՔՊ վերնախավի ընդլայնված հավաքի մասնակիցներին ներկայացրել է առաջարկները, որ Հայաստանին ու Ադրբեջանին Կազանից անմիջապես առաջ արեց ԱՄՆ նախագահ Բայդենը, և արձագանքը, որ տվել են դրան ՌԴ-ն ու Իրանը: Բոլոր դեպքերում, հետկազանյան երևանյան այդ ընդլայնված հավաքը հուշում է այն, ինչի վերաբերյալ դիտարկում արել էի նախօրեին Կազանում Փաշինյան-Ալիև հանդիպմանն անդրադարձում. Կազանի հանդիպումը, որ տևել է մեկ ժամից քիչ ավելի, չէր կարող լինել պարզապես ընդհանուր խոսակցություն և դրանում քննարկվել է որոշակի կոնկրետություն ունեցող առարկա:

Ինչ, հատկապես, բնականաբար ասելը բարդ է, սակայն Երևան վերադարձից հետո ՔՊ վերնախավի հետ կայացած հանդիպումը բավականին խոսուն է: Ընդ որում՝ այդ ֆոնին նաև հատկանշական է, որ Երևանն ու Բաքուն փաստորեն Կազանից հետո «համատեղ» վավերացրին սահմանազատման ու սահմանագծման կանոնակարգը, այն դեպքում, երբ Երևանը մինչ այդ սկսել էր ներպետական վավերացման գործընթացը, իսկ Բաքվում այդպիսի գործընթացի մասին խոսք իսկ չկար:

Կանոնակարգի այդ «համատեղ» վավերացումը, ըստ ամենայնի, «միանվագ» գործողություն չէ, այլ Կազանում քննարկված որոշակի ավելի շատ բաղադրիչներ ենթադրող հարցի մի դրվագ: