Քյոլնում Քրդական բանվորական կուսակցության կազմակերպած հանրահավաքի մասին: Ցուցարարները դեմ են արտահայտվել ՔԲԿ-ն լուծարելու, Թուրքիայի դեմ զինված պայքարը դադարեցնելու և քրդամետ DEM կուսակցության միջոցով քաղաքական գործունեություն սկսելու գաղափարին:
Հանրահավաքը կազմակերպվել է Թուրքիայի Ազգայնական շարժում կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելիի հայտարարությունից հետո, որ Թուրքիայում քրդական հարց երբեք չի եղել և չի լինելու, կա ահաբեկչությանը վերջ տալու առաջնահերթություն, և բոլորս պետք է միասնական լինենք։ Քյոլնի ցուցարարները հայտարարել են, որ անկախ Քուրդիստանի համար պայքարը շարունակվելու է:
Եվրոպական երկրներում ՔԲԿ-ն, այսպես ասած, «բջիջներ» միշտ ունեցել է և ունի: Նրանք պարբերաբար հանրահավաքներ, ցույցեր, պիկետներ են կազմակերպում: Հոկտեմբերի 28-ի Քյոլնի բողոքի ակցիան, սակայն, քրդական շարժման պատմության մեջ առաջինն է, երբ մի քանի տասնյակ մասնակիցներ բարձրացրել են Իսրայելի դրոշը:
Անդրադառնալով Բահչելիի առաջարկությանը, որ ՔԲԿ-ն պետք է լուծարվի, վերջ տա զինված պայքարին և ինտեգրվի Թուրքիայի քաղաքական համակարգին, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության աղբյուրը turkgazetesi-ին ասել է, որ հիմնական խնդիրը կայանում է նրանում, թե արդյոք քրդերը կշարունակե՞ն աշխատել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ:
Նույն օրը կայացել է Թուրքիայի կառավարության նիստը: Տարածված պաշտոնական հաղորդագրությունը վերստին մեջբերել է նախագահ Էրդողանի պնդումը․«Մենք թույլ չենք տա, որ մեր սահմանների մոտ ահաբեկչական պետություն ստեղծվի»: Իշխող կուսակցության աղբյուրը փաստացի բացահայտել է Անկարայի մտահոգությունը, որ ԱՄՆ-ը և Իսրայելը «ծրագրել են ստեղծել քրդական անկախ պետություն»:
Բացառված չէ, անշուշտ, որ Քյոլնի քրդական բողոքի ակցիային Իսրայելի դրոշները բարձրացրել են ոչ թե ՔԲԿ համակիրները, այլ թուրքական MITI-ի կողմից հավաքագրված սադրիչները: Նպատակը պարզ է՝ միջազգային հանրությանը համոզել, որ Թուրքիայի դեմ ՔԲԿ զինված պայքարի «հովանավորներն Իսրայելն է»: Այդ հարցում, իհարկե, մեղադրանքը փոխադարձ է. Նաթանյահուն ՀԱՄԱՍ-ի «հոգեհայր» է հայտարարում Թուրքիային:
Անկարան, այսպիսով, որոշակիորեն բացում է մերձավորարևելյան «փասիանսի խաղաքարտերը»: եթե Պաղեստինը ստանա ինքնիշխան պետության կարգավիճակ, ապա նույն իրավունքը կիրառելի է նաև քրդերի նկատմամբ: Պատահական չէ, որ Էրդողանը հիշեցրել է Սաքս-Պիկոյի համաձայնագիրը: Առաջին համաշխարհային պատերազմից հետո կար նաև քրդական պետություն ստեղծելու գաղափար:
Իսրայելի վարչապետ Նաթանյահուն Գազայի հատվածում և Լիբանանի հարավում պատերազմը հիմնավորում է ոչ միայն ինքնապաշտպանության իրավունքով, այլև «նոր Մերձավոր Արևելք ստեղծելու անհրաժեշտությամբ»:
Ո՞վ է «նոր Մերձավոր Արևելքի» շահառուն: Էրդողանը քննադատության սլաքներն ուղղում է Միացյալ Նահանգներին: Թուրքական մամուլի հրապարակումների ենթատեքստային գնահատականներից դատելով՝ նա ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովին մասնակցել է ոչ թե տնտեսական, այլ բացառապես քաղաքական շահերից ելնելով: Թուրքիայի համար դա մի հարթակ է, որտեղ առկա է Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի առաջին դեմքերի հետ ուղղակի շփման հնարավորություն:
Այդ երկրներից յուրաքանչյուրը Մերձավոր Արևելքում իր շահերն ու դրանք իրացնելու գործիքակազմ ունի, բայց նրանց «միավորում է» մի ընդհանուր նպատակ՝ թույլ չտալ, որ տարածաշրջանում ԱՄՆ-ն հեգեմոնիա հաստատի: Երևում է, սակայն, որ նույն երկրները նաև Մերձավոր Արևելքի նոր-օսմանական ստատուս քվոն են մերժում: Այդ բարդ իրավիճակից Թուրքիան փորձում է դուրս գալ ավելի ուժեղ:
Դա հնարավոր կլինի մի դեպքում՝ եթե Իրանա-իսրայելական լայնածավալ պատերազմ սկսվի: Միջազգային փորձագետները, մինչդեռ, Իրանի և Իսրայելի հարաբերությունները գնահատում են որպես «սատիսֆակցիայի իրավիճակ»:
Բաց մի թողեք
Բելգիացի քաղաքական գործիչները Ադրբեջանին կոչ են արել դուրս բերել զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից
Զանգեզուրի միջանցքի շուրջ նոր խմորումներ Թուրքիայի ու Ադրբեջանի միջև
«Զանգեզուրի միջանցքի» հետ կապված գործընթացները ադրբեջանական կողմի հետ շարունակվում են. թուրք նախարար