«Խաղաղությունը Հարավային Կովկասում մոտ է, քան երբևէ»,-հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը՝ Հայաստանին ու Ադրբեջանին կոչ անելով բաց չթողնել պատմական հնարավորությունը: Առերևույթ խաղաղության մասին այդ հայտարարությունը գործնական առումով, կարծես թե այն մասին է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պատասխանատու են խաղաղությունը բաց թողնելու համար:
Այստեղ առավել էական է Հայաստանի հանգամանքը, որովհետև Ադրբեջանը որևէ կերպ հազիվ թե նեղսրտի «խաղաղությունը բաց թողնելու» համար, որովհետև Ադրբեջանը չի էլ փորձում «բռնել» այն՝ ի տարբերություն Հայաստանի, որը ուժերի բալանսի առնչությամբ իր մտահոգություններն ունենալով, ձգտում է ստանալ հնարավորինս կառավարելի կայուն միջավայր:
Այդ իմաստով, Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությունը դե ֆակտո ուղղված է պատասխանատվությունը Հայաստանի վրա դնելուն, որովհետև «խաղաղության պահը բաց կթողնի» Ադրբեջանը, սակայն երկու կողմին արվող կոչերը կստեղծեն «երկուստեք» բաց թողնելու տպավորություն, այլ կերպ ասած՝ կլղոզեն պատկերը: Սա առանցքային է, ընդ որում՝ ոչ միայն Թուրքիայի պահվածքում: Այսօր կա Հարավային Կովկասում խաղաղության հաստատուն գործընթացը խոչընդոտող մի կողմ, որն Ադրբեջանն է՝ Հայաստանի հանդեպ իր առավելապաշտ պահանջներով:
Այդ պարագայում խոսել այն մասին, որ խաղաղությունը «բաց չթողնելու» համար հավասարապես պատասխանատու են թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը, նշանակում է լղոզել Ադրբեջանի կոնկրետ պատասխանատվությունն ու Հայաստանին դնել անհարկի պատասխանատվության տակ:
Ըստ էության՝ Հաքան Ֆիդանի, և համանման բոլոր հայտարարությունները այլ բան չեն, քան խաղաղության, կամ առնվազն շատ, թե քիչ հաստատուն կայունության համար պատասխանատվության լղոզում, դրանով հանդերձ էլ Ադրբեջանի ապակառուցողականության քողարկում կամ լեգիտիմացում: Սրանով են մտահոգիչ ոչ միայն Թուրքիայի, այլ ընդհանրապես որևէ միջազգային դերակատարի կոչերը, որոնք ուղղված են Հայաստանին ու Ադրբեջանին:
Ըստ էության՝ կոչերը չունեն որևէ կառուցողական ներուժ, որևէ օգտակար գործողության գործակից, բայց կամա, թե ակամա, ունեն ռեգրեսիվ տրամաբանություն, քանի որ հավասարության հերթական տրամաբանությամբ խրախուսում են Ադրբեջանի ագրեսիվ մտադրությունները: Այդ հավասարության տրամաբանությունը ռեգիոնը մի անգամ բերեց պատերազմի, կամ ավելի շուտ՝ մի անգամ արդեն արտոնեց պատերազմ և Արցախի էթնիկ զտում ու հայաթափում:
Բաց մի թողեք
Կրեմլը չի սպասում Փաշինյանի որոշմանն ու հայտնում է իր «որոշումը»
ԱՄՆ արձագանքը կմեղմի արդյոք Ադրբեջանին
Ռուս-ուկրաինական պատերազմը գոնե եկող տարվա ընթացքում չի ավարտվի