13/12/2024

Ինչ գիտեք, որ սիրուհու հարց է քննարկվել․ Գաբրիելյանը՝ Աղազարյանին հեռացնելու պատճառների մասին

«Եթե իմ հեռախոսի մեջ կլինի որևէ տեղեկատվություն, որը ենթադրում է ծանր հանցագործություն, ինձ թվում է՝ անձնական իրավունքը և մյուս իրավունքները ստորադասվում են, որովհետև այստեղ կա ավելի մեծ, հանրորեն վտանգավոր արարք»:

Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ անդրադառնալով պատգամավոր Հովիկ Աղազարյանի անձնական նամակագրությունները վարչության նիստում քննարկելուն:

«Հակադարձեք ինձ, ո՞ր օրենքն է խախտվել, կարդացե՞լ է որևէ մեկը: Ես պնդում եմ, որ խախտում չի եղել, հակառակը՝ ունե՞ք, բերեք ասեք՝ այ, այս օրենքի այսինչ կետով խախտվել է: Ես, եթե լինեի քննիչ կամ Գլխավոր դատախազ, կգայի, կհիմնավորեի՝ ո՞ր օրենքով է արվել, ես չէ, որ պետք է դնեմ, ասեմ՝ ո՞ր օրենքի ո՞ր հոդվածով ինչ է տեղի ունեցել: Դուք ինձ սահմանադրական հոդվածն եք մեջբերում, բայց կեսն եք մեջբերում, այսինքն՝ մարդն անձնական կյանքում ինչ ուզի՝ չի կարող անել, որովհետև այդ սահմանադրական հոդվածը շարունակություն ունի, և կան օրենքով նախատեսված դեպքեր»,- ասաց Գաբրիելյանը:

Դիտարկմանը՝ արդյոք տվյալ պարագայում չի՞ խախտվել Աղազարյանի անձնական կյանքի իրավունքը, պատգամավորը նշեց. «Ի՞նչ գիտեք, որ անձնական կյանքի իրավունք է խախտվել, ինչ գիտեք, որ սիրուհու հարց է քննարկվել: Ձեր և պատգամավորի անձնական կյանքը նույնը չէ, պատգամավորը, որը տիրապետում է պետական առաջին կամ երկրորդ աստիճանի գաղտնիության, իր անձնական շփումները և ձեր անձնական շփումները տարբեր հարթությունների վրա են»: