Մեծ Բրիտանիայի ԱԳՆ հայտարարել է, որ սառեցնում է Վրաստանի կառավարության հետ բոլոր ծրագրերն ու շփումները հասցնում է նվազագույնի: Վրաստանի ու եվրաատլանտյան երկրների փոխհարաբերությունը զգալիորեն սառում է այն իրադարձությունների ֆոնին, որ ծավալվեցին հարևան երկրում խորհրդարանական ընտրության գործընթացի, դրա արդյունքի, հետընտրական իրողությունների ֆոնին:
Կա տարածված գնահատական, որ Վրաստանի ու եվրաատլանտյան միջավայրի հարաբերության սառեցումը Հայաստանի համար ստեղծելու է եվրաինտեգրացիայի քաղաքականության արգելակներ:
Այստեղ հարկ է հստակեցնել, թե ինչի՞ մասին է խոսքը: Ի վերջո, եվրաինտեգրացիայի քաղաքականությունը առաջին հերթին, թերևս, պետք է դիտարկել ստանդարտները՝ կյանքի, հանրային, քաղաքական, տնտեսական, քաղաքացիական հարաբերությունների, պետական կառավարման, հաշվետվողականության այն ստանդարտները, որոնք դրվել են եվրոպական կյանքի կազմակերպման ճարտարապետության հիմքում՝ հիմնված լինելով նաև քրիստոնեական արժեհամակարգի սկզբունքների վրա: Դրանք ցամաքային ճանապարհով չէ, որ գալիս են Հայաստան:
Դրանք հարաբերությունների մակարդակ և ուղենիշներ են, որոնք չեն ենթադրում ցամաքային կոմունիկացիա: Հետևաբար, Վրաստանի ու եվրաատլանտյան երկրների փոխհարաբերության սառեցումը Հայաստանի եվրաինտեգրացիայի քաղաքականության, կամ ընդհանրապես Հայաստան-ԵՄ քաղաքականության խոչընդոտ դիտարկելը չունի էական հիմնավորվածություն:
Հայաստանի եվրաինտեգրացիայի միակ գործնական խոչընդոտը կարող է լինել Հայաստանի կառավարող վերնախավի և հասարակական-քաղաքական, քաղաքացիական առաջատար խմբերի և վերնախավերի, տնտեսական վերնախավի մտածողությունը, կամքը, նկարագիրը: Սա առաջին հերթին քաղաքակրթական հարց է, ու նաև հոգեբանական:
Երբ չկա այդ հարցը գործնականորեն առաջ մղելու մտածողական կարողություն, ի հայտ է գալիս հոգեբանական արգելքներ, իսկ ըստ էության՝ արդարացումներ մտածելու ձգտումը: Դրան զուգահեռ, Վրաստանի հարաբերությունը լարվում է եվրոպական միջավայրի ոչ բոլոր երկրների հետ:
Իսկ այսօրվա եվրոպական միջավայրը բավականին բազմազան է, Եվրամիությունն ու Եվրոպան ընդհանրապես այսօր բոլորովին մոնոլիտ չեն, և, ըստ էության, չեն էլ եղել երբեք:
Հետևաբար, եվրոպական մի շերտի հետ Վրաստանի ներկայիս կառավարող ուժի հարաբերությունը լարվում է, կամ սառում, սակայն կան նաեւ շատ շերտեր, որոնք համերաշխություն են հայտնում Վրաստանի կառավարության վարքագծին:
Հետևաբար այստեղ զուտ քաղաքական իմաստով պատկերը դարձյալ որևէ կերպ միարժեք չէ, առավել ևս, եթե հաշվի առնենք, որ այն շատ ավելի բազմիմաստ կարող է դառնալ ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի պաշտոնամուտից հետո:
Հետևաբար, բոլորովին պետք չէ Վրաստանի ու Եվրամիության փոխհարաբերությունը վերածել Հայաստանի ու Եվրամիության, Հայաստան-Եվրոպա փոխհարաբերության խոչընդոտի, կամա, թե ակամա Վրաստանը դիտարկելով Հայաստանի խոչընդոտ, անկախ աստիճանից:
Ավելին, Հայաստանն ու Վրաստանը կարող են համատեղ բավականին նշանակալի դեր մշակել այն վերափոխումների գործընթացում, որ օբյեկտիվորեն հասունացել է եվրոպական աշխարհամասում:
Բաց մի թողեք
Այդուհանդերձ ներիշխանական պրոցեսները ունեն ավելի լուրջ հիմք, մոտիվ կամ պատճառ
ԵՄ դիտորդները Հայաստանում անվտանգային աչք ու ականջ են
Ասադից հետո Ռուսաստան, Իրան, Թուրքիա եռյակի միջև բաժանարար գծերը կարող են խորանալ, ինչ սպասել