Դեկտեմբերի 25-ին ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղում տնօրենի ընտրություններ են նշանակված։ ԵՊՀ ռեկտոր Հովիկ Հովհաննիսյանը, ինչպես ասում են, ականջներից ձգելով, մի կերպ փորձում է Իջեւանի մասնաճյուղի ղեկավար դարձնել իր հովանավորյալ Մհեր Օթարյանին, որը ներկայում տեղակալի պաշտոնն է զբաղեցնում։
Հրապարակ թերթը գրել է․ Օթարյանին մայր բուհի Իջեւանի մասնաճյուղ է «բերել» Հովհաննիսյանը։ Նա ավարտել է ԵՊՀ Տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի Միջազգային տնտեսական հարաբերությունների բաժինը եւ ստացել մագիստրոսի աստիճան, ինչը բավարար չէ անգամ դասախոսելու համար։ Ընդ որում՝ բուհի փոխտնօրենի պաշտոնին նշանակվելուց առաջ նա մեկ օր անգամ չի աշխատել որպես դասախոս։
Փոխարենը Իջեւանում զբաղվել է անասնակերի եւ շինանյութերի առեւտրով, տեղի «Վիվառոյում» է աշխատել։ Իջեւանի մասնաճյուղը, հիշեցնենք, 2019 թվականից տնօրեն չունի եւ կառավարվում է տնօրենի ԺՊ Անուշավան Մակարյանի կողմից, որն այս պարագայում ընդամենը տեղապահ է, մինչեւ «Վիվառոյի» նախկին աշխատող Օթարյանին կհամապատասխանեցնեն ռեկտորի պաշտոնի համար առաջադրվող չափանիշներին։
Պահանջներից մեկն արդեն կատարվել է՝ նոյեմբերի 1-ին Օթարյանը պաշտպանել է թեկնածուական թեզ։ Դրանից մոտ 10 օր անց էլ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը մրցույթ է հայտարարել մասնաճյուղի տնօրենի թափուր պաշտոնի համար։ Բայց թեկնածուականը քիչ էր, Օթարյանը, ըստ կանոնադրության, պետք է նաեւ դոցենտի կոչում ունենա, որպեսզի տնօրեն կարգվի: Եվ հոգաբարձուների խորհուրդը պարզապես ջնջել է այդ պահանջը բուհի կանոնակարգից։
Ե՞րբ է կատարվել կանոնադրական փոփոխությունը, որ տնօրենի պաշտոնը կարող է զբաղեցնել նաեւ դոցենտի կոչում չունեցող անձը։ Պարզ է, որ փոփոխությունն արվել է միայն մի նպատակով՝ որպեսզի տնօրենի ԺՊ-ի տեղակալ Մհեր Օթարյանը համապատասխանի տնօրեն դառնալու համար անհրաժեշտ չափանիշներին։
ԵՊՀ խոսնակ Քնար Միսակյանն անհասկանալի, խճճված պատասխան է տալիս, որը դժվար է պատասխան անվանել․ «ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի տնօրենին ներկայացվող պահանջները սահմանվում են ԵՊՀ կանոնադրությամբ, որի նոր խմբագրությամբ տարբերակը ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը հաստատել է 2023 թ. հունվարին։ Նոր խմբագրմամբ կանոնադրությունը գրանցվել է 2023 թ. փետրվարին։ Բոլոր կարգերն ու կարգավորումները համապատասխանեցվել են նոր խմբագրությամբ կանոնադրությանը»։ Ինչ վերաբերում է կարծիքին, թե փոփոխությունն արվել է Օթարյանի համար, խոսնակը պատասխանեց` դա չի համապատասխանում իրականությանը. «Որովհետեւ մենք դեռ չգիտենք, թե ովքեր են դիմելու»։
Լսեցինք նաեւ Իջեւանի մասնաճյուղի տնօրենի ԺՊ Մակարյանին։ «Սկզբում փոփոխությունը կատարվել է ԵՊՀ կանոնադրության մեջ, հետո նույնությամբ փոխանցվել է մասնաճյուղի կանոնադրություն։ Երկուսն էլ ընդունել է հոգաբարձուների խորհուրդը»,- ասաց նա՝ հստակեցնելով, որ մասնաճյուղի տնօրեն ընտրվելու համար դոցենտի կոչում ունենալը պարտադիր չէ։ Հարցին` իսկ ինքն իր թեկնածությունը չի՞ առաջադրելու մասնաճյուղի ղեկավարի ընտրություններում, պատասխանեց․ «Ես իմ թեկնածությունն արդեն չեմ առաջադրել։ Դիմումների ներկայացման ժամկետը, կարծեմ, անցել է։ Օթարյանի հետ կապված էլ առարկություն չունեմ։ Այս տարիներին, որ միասին աշխատել ենք, որեւէ հարցում հակասություն չենք ունեցել»։
Արձանագրենք, որ կրթության որակի մասին ճամարտակող իշխանությունն իջեցնում է բուհերի ղեկավարների սանդղակը, եւ կրկին գերնպատակը նվիրյալներին, հավատարիմներին, ծանոթ-եղբայր-բարեկամներին պաշտոն տալն է։
Բաց մի թողեք
Ժաննա Անդրեասյանը` արտոնյալ. կարող է չկատարել Փաշինյանի հրահանգները
ԱԱԾ-ից և ՀՔԾ-ից պատասխանել են Աղազարյանի դիմումին
Ասլանյան – Աղազարյան. ՔՊ դատաստանը