14/12/2024

Մեր աշխատանքը հետեւողական շարունակելու ենք․ Ավանեսյան

Բժշկական ապահովագրության ներդրման ռեֆորմը շատ ծավալուն է, դրա համար շատ մեծ ֆինանսական միջոցներ են ներգրավվելու: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Մեր երկիրը պիտի գնա ապահովագրության համակարգի, մենք մեր աշխատանքը հետեւողական շարունակելու ենք, որպեսզի համակարգը ներդրվի։ Պետք չի պատկերացնել, թե ապահովագրության ներդրումն ինչ-որ կետից է ներդրվելու, մենք, ապահովագրության կտորները պետական պատվերի շրջանակներում մաս-մաս ներդնելով, գնում ենք բարեփոխման։ Հետեւողականորեն գնում ենք առաջ»,- ասել է նա:

Անահիտ Ավանեսյանը մասնավորեց․ «Շարունակական է լինելու մեր քաղաքականությունը՝ խթանելու բնական ճանապարհով ծնունդների թիվը։ Սպասվածից ավելի արագ է փոփոխությունը տեղի ունենում։ Այդ խթանը կարևոր է մոր և մանկան առողջության գրավականի համար։ Այս մասով մեծ է էպիդուրալ ցավազրկման ներդրման առումով, լավ արդյունքներ ունենք»։

Հիշեցնենք՝ առողջապահության նախարարությունը մշակել էր կեսարյան հատումների նվազեցմանն ուղղված միջոցառումների նոր ծրագիր: Այսուհետև առողջապահության նախարարի հրամանով բնական ուղիներով ծննդաբերության համար բժշկական կենտրոնին կհատկացվի ավելի գումար, քան մինչև այս նախատեսված էր:

Հավասարեցվել է նաև բարդացած ծննդաբերության և առաջին աստիճանի բարդության կեսարյան հատման փոխհատուցման չափը, իսկ արգանդի մեկ սպիով բարդացած ծննդաբերության գինը սահմանվել է ավելի բարձր:

Փոխհատուցվելու է նաև բնական ուղիներով ծննդաբերության ժամանակ ըստ կնոջ ցանկության էպիդուրալ անզգայացման արժեքը, ինչը մինչ փոփոխությունն իրականացվում էր վճարովի հիմունքներով` դրանով իսկ օգնելով կանանց հաղթահարել բնական ծննդաբերության հետ կապված վախերը և հոգեբանական խնդիրները:

Նա հայտարարեց․ Ոչ միայն Մեղրիում, այլ նաև Սևանում, Բերդում կառուցելու ենք դիահերձարաններ․ «Պատրաստ է նաև Սիսիանինը, պարզապես շենքը մտնում է ընդհանուր բժշկական կենտրոնի կազմի մեջ, պետք է ավարտական շինարարության ակտը լինի, որպեսզի կարողանանք աշխատացնել կենտրոնը»,- տեղեկացրեց նախարարը։

Անահիտ Ավանեսյանը անդրադարձել է դեղատների տնօրեններ ու սեփականատերերի նամակին, որով վերջիններս դիմել են ՀՀ վարչապետին, խնդրել կանգնեցնել էլեկտրոնային դեղատոմսի գործընթացը, հակառակ դեպքում դեղատները կփակվեն:

«Մինչև նամակն էլ շատ սերտ կապի մեջ ենք եղել նրանց հետ, ժողով ենք ունեցել, լսել ենք իրենց հարցերը։ Տեխնիկական մասով համակարգը պատրաստ է, չունի որևէ խնդիր, նաև համակարգը ներդնելուց հետո իրականացրած փոփոխությունների արդյունքում ձևավորվել է դեղատոմսից դուրս գրման հավելված։ Այսինքն՝ դեղատոմսի դուրս բերումից մինչև բաց թողնման հատված տեխնիկական որևէ խնդիր չկա։ Բացի նրանից, որ տեխնիկական խնդիր չկա, նաև լրացուցիչ ֆինանսական բեռ դեղատների վրա չի դրվում»,- ասել է նա․ «Չենք ընդունում, թե ինչու պետք է դեղատունը դեղատոմսի դուրս բերման պահանջը չկատարի։ Եթե կա տեխնիկական ապահովումը, չկա ֆինանսական բեռ, ապա այստեղ գործ ունենք անպատճաշ մրցակցության հետ։ Եթե առաջնորդվենք այսպես՝ «շարունակենք նենց ոնց որ որ կա», ուրեմն մեր երկիրը պետք է մնա նենց, ոնց որ որ կա»։

Շուրջ 9 ամիս է, ինչ առողջապահական համակարգում գործում է էլեկտրոնային դեղատոմսը։ Եթե նախկինում թեկուզ հակաբիոտիկները մարդիկ ազատ ձեռք էին բերում դեղատնից առանց որևէ դեղատոմսի, այժմ դրանք բաց են թողնվում բժշկի ցուցումով։

Շուրջ 470 դեղամիջոցների համար էլեկտրոնային դեղատոմսի համակարգի ներդրման որոշումը, սակայն, առաջին իսկ օրվանից քննադատություններ ու դժգոհություններ է առաջացրել հասարակության մի մասի շրջանում։ Նրանք դժգոհում են՝ ասելով, թե ինքնաբուժությունը երբեմն արդարացված է, ինչո՞ւ պետք է դեղը բժիշկը նշանակի։

Երևանի թիվ 17 պոլիկլինիկայի թերապևտ Ժաննա Պապոյանը նկատել էր՝ էլեկտրոնային դեղատոմսի հետ կապված ինքը դժգոհություններ չի լսել, իրենց պացիենտները անխոչընդոտ օգտվում են համակարգից։