26/12/2024

Աղմկահարույց 1 տոննա կոկաինի գործով իրավապահները հարցում են ուղարկել ԱՄՆ

«Առեղծվածային պայմաններում Հայաստանում հայտնված 1 տոննա կոկաինի գործով իրավապահները շարունակում են հարցումները տարբեր երկրներից:

ՀՀ իրավապահները իրավական աջակցության համար դիմում են ուղարկել նաեւ ԱՄՆ։

«Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ քրեական գործով կալանավորվածների տնային կալանքի ժամկետը լրացել է, եւ աղմկահարույց գործով բոլոր կալանավորվածները ազատ էին արձակվել: Ավելին՝ լրացել էր նաեւ բացահայտման մեկ տարին, բայց նախաքննությունը շարունակվում է։

Գրել էինք, որ դեռեւս մեկ տարի առաջ ԱԱԾ-ի կողմից մի շարք եվրոպական երկրներ նամակներ էին ուղարկվել քննության շրջանակում կոկաինի ծագման, շրջանառության եւ այլ հարցերի վերաբերյալ, սակայն այդպես էլ պատասխանները չեն ստացվել կամ ցանկալի պատասխանները չկան:

Նշենք, որ այս գործով կալանավորվածները ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին պատկանող ընկերության աշխատակիցներն էին, որոնցից մեկը կին է։

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հայտնել էր «Մրգենի» ՍՊ ընկերության փաստացի սեփականատիրոջ՝ Միհրան Պողոսյանի, նույն ընկերության տնօրեն Լ.Ա.-ի եւ պահեստապետ Ս.Գ.-ի նկատմամբ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց, մասնավորապես՝ 1 տոննա կոկաին ապօրինի իրացնելու եւ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին: Վերջիններիս նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է կալանքը. նախկին պատգամավորի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Հավելենք, որ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ «Մրգենի» ՍՊԸ-ն հիմնադրվել է «Թավշյա հեղափոխությունից» հետո՝ 2018 թվականի հուլիսի 27-ին։ Ընկերության տնօրենը Ռուսաստանի քաղաքացի Լեւոն Աթաջանյանն է։

Ի դեպ, այս բացահայտումից մեկ տարի անց ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը, ով հանրությանն առավել հայտնի է «Բանանի Միհրան» անունով, դժգոհել էր, որ իր ընկերության պահեստում հայտնված կոկաինը 270 կիլոգրամով «քչություն է անում»։ Պողոսյանը հայտարարել էր, որ աղմկահարույց կոկաինը եղել է 1 տոննայից ավելի, բայց փաստաթղթերի մեջ նշված է՝ 730 կգ, այդ դեպքում ի՞նչ է եղել 270 կգ-ն: Ըստ նախկին պատգամավորի՝ իր աշխատակիցներն են դա ստուգել, սակայն հետագայում հիշյալ 270 կգ-ի մասին չի նշվում. այն անհետացել է»: