Երեկ՝ վաղ առավոտյան, Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջով տեղեկացրեց, որ չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին, քանի որ դեկտեմբերի 23-ին քովիդի դրական ախտորոշում է ունեցել, դեկտեմբերի 23-24-ին մեկուսացել ու աշխատել է կեցավայրից, հիմա թեստն արդեն բացասական է, բայց խորհրդակցելով գործընկերների հետ, որոշել է չմասնակցել ԱՊՀ գագաթնաժողովին:
Հրապարակ թերթը գրել է․ Հայտնի է, որ Վլադիմիր Պուտինը շատ զգույշ է քովիդի հետ կապված եւ իր հետ հանդիպողներին պարտադրում է թեստ հանձնել, չնայած Պեսկովն արդեն հայտարարել էր, որ Պուտին-Փաշինյան հանդիպում չի կայանալու, բայց համատեղ նիստն էլ է հանդիպում:
Սակայն մարդիկ սա գնահատեցին որպես «զվարճալի կրուտիտ», որով Փաշինյանը փորձում է բացատրել Ռուսաստան չգնալու քայլը: Ինչո՞ւ վարակվելու օրը՝ դեկտեմբերի 23-ին, չի հայտարարել այդ մասին եւ խորհրդակցություն է անցկացրել կառավարության շենքում, որի մասին հաղորդագրություն է հրապարակվել պաշտոնական կայքում։ Մարդիկ հիշել էին, որ Փաշինյանն առաջին անգամ չէ, որ մոսկովյան միջոցառման չմասնակցելու համար քովիդային կեղծ պատմություն է հորինում։ 2020թ․ Հաղթանակի 75-ամյակի զորահանդեսին, որը համավարակի պատճառով մայիսի 9-ի փոխարեն նշանակվել էր հունիսի 24-ին, նույն պատրվակով ասաց` չի մասնակցելու, բայց վերջին պահին մտքափոխվեց եւ մեկնեց Մոսկվա։
Ըստ ամենայնի՝ Փաշինյանը նաեւ ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին չի մեկնի: Մինչ այդ պաշտոնական Կրեմլից հայտարարել էին, թե հույս ունեն, որ ՀՀ վարչապետը տեսակապով կմասնակցի դրան։ Ինչո՞ւ է Փաշինյանը կրկին բոյկոտում մոսկովյան հարթակները, հատկապես որ Հայաստանն է ներկայում նախագահում ԵԱՏՄ-ում։ Ըստ կանոնադրության՝ կառույցի բարձրագույն խորհրդի նիստերը պետք է անցկացվեն նախագահող երկրում: Մինչդեռ նոյեմբերի վերջին Ռուսաստանի նախագահի օգնականը հայտնեց, որ սպասվող հավաքը` հայկական կողմի խնդրանքով, կայանալու է Ռուսաստանի տարածքում, սակայն կնախագահի ՀՀ վարչապետը։ Օրեր անց Փաշինյանը խորհրդարանում պարզաբանեց, թե անձամբ ինքն է նման որոշում կայացրել՝ շեշտելով․ «ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի ոչ բոլոր անդամներն են ցանկալի Հայաստանի համար», եւ սլաքներն ուղղեց Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի կողմը, որը պարբերաբար վիրավորական հայտարարություններ է անում Փաշինյանի հասցեին: Իրականումասում են, Հայաստանում չանցկացնելու պատճառը Հռոմի ստատուտին ՀՀ-ի միանալու որոշումն է․ եթե Պուտինը գար Հայաստան եւ չձերբակալվեր, ինչպես այդ ստատուտն է նախատեսում, Փաշինյանը խնդիրներ կունենար արեւմտյան տերերի հետ։
Այդուհանդերձ, ո՞րն է Մոսկվա չմեկնելու պատճառը, եթե Բայդենի պարտությունից հետո Փաշինյանը հայ-ռուսական հարաբերությունները կարգավորելու քայլերի էր կարծես գնում, տեւական բոյկոտից հետո ՀՀ պետական պաշտոնյաներն էլ սկսել էին մասնակցել մոսկովյան հարթակներում կայացող որոշ միջոցառումների։ Քաղաքագետ Արման Աբովյանը համաձայն չէ, թե Փաշինյանը հարաբերությունները փրկելու փորձեր է արել, նրա խոսքով՝ Փաշինյանն արդեն մի քանի տարի է՝ առաջ է մղում իր «թուրքամետ կուրատորների» պահանջներն ու շահերը, եւ, կարելի է ասել, անսպասելի չէր հերթական բոյկոտը։ Քաղաքագետը չի ուզում խորանալ՝ քովիդի պատմությունն իրական է, թե ոչ, շեշտում է՝ եթե իրապես կա ցանկություն՝ մասնակցելու նշված միջոցառումներին, կարող է եւ տեսակապով միանալ․ «Մասնակցությունը վերահաստատում է, որ Հայաստանը չի դադարում գտնվել եվրասիական ինտեգրացիոն ծիրի մեջ, գուցե մասնակցի՞, եկեք սպասենք»։
Ի դեպ, ռուսական շրջանակներում խոսակցություններ են պտտվում, թե ՌԴ-ն Փաշինյանին ընտրության առաջ է կանգնեցրել՝ կա՛մ ՀԱՊԿ-ի «սառեցրած» անդամակցությունը վերանայեք, կա՛մ դուրս եկեք կառույցից։ ՌԴ-ում հասկացել են, որ Փաշինյանն ուղիղ պայմանավորվածություններ ունի Ալիեւի հետ` միջանցքի մասով, եւ ամեն պահի կարող է դա իրագործել ու կրկին մեղավոր հռչակել ՀԱՊԿ-ին, թե` հարձակվեցին մեր սուվերեն տարածքների վրա, բայց ՀԱՊԿ-ը մատը մատին չխփեց։
«Գիտեք, ՀԱՊԿ-ի մասով ես մի գրամ չեմ կասկածում՝ եթե իրենց ձեռքը հնար լիներ, ապա մեկ րոպեում դուրս կգային, բայց եկեք չանտեսենք հետեւյալ հանգամանքը, որ ՌԴ փոխվարչապետ Օվերչուկն ամիսներ առաջ հստակ մատնանշել է՝ հնարավոր չէ դուրս գալ ՀԱՊԿ-ից, բայց մնալ ԵԱՏՄ-ում, իսկ մենք գիտենք, որ ՀՀ տնտեսությունը գոյատեւում է ԵԱՏՄ-ի հաշվին, բոլոր պրեֆերենցիաները գալիս են ԵԱՏՄ-ից։ Արեւմուտքը, մանավանդ Թուրքիան, չկարողացավ ապահովել այն պրեֆերենցիաները, որն ապահովում է ԵԱՏՄ-ն, Փաշինյանը հասկանում է՝ եթե ՀԱՊԿ-ից դուրս գանք, ԵԱՏՄ-ն կփակվի մեր առջեւ, եւ Հայաստանը կընկնի ծանրագույն կացության մեջ»։ Հայաստանի իշխանության էժանագին խաղերը, Աբովյանի կարծիքով, մեկ նպատակ են հետապնդում․ «Պահպանել Հայաստանի պրեֆերենցիաները, ստեղծել մի իրավիճակ, որ ՀԱՊԿ-ը մի օր կկանգնի եւ կասի՝ հաջողություն: Այդ դեպքում լրիվ այլ իրավիճակ կլինի, երբ իրենք մեզ ասեն, ոչ թե` մենք։
Հետեւաբար, Փաշինյանը թուրքական քաղաքական գծին հավատարիմ գործողություններով ուզում է հասցնել այդ կետին, այս իշխանությունը Հայաստանի քաղաքական ապագան կամ, ինչպես իրենք են անվանում՝ իրական Հայաստանը տեսնում է թուրքական հովանոցի ներքո, իսկ մենք գիտենք, որ թուրքական հովանոց չի լինում, այն յաթաղան է»։
Բաց մի թողեք
Բանակցություններով Սյունիքը զիջելն ավելի վտանգավոր է, քան՝ ռազմականը․ Փորձագետ
Նույն գործարքն իրականացրած մեկի գործը կարճել են, մյուսինը՝ ոչ․ Լուսանկար
Տիգրան Ավինյանից դժգոհությունը հասել է պիկին, իմպիչմենթ կնախաձեռնեն