Սիրիայի արտաքին գործերի նոր նախարարը կոչ է արել Իրանին քաոս չհրահրելու երկրում: Նա այդ կոչն արել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի հայտարարությունից հետո, որով Ալի Խամենեին դիմել էր Սիրիայի երիտասարդությանը՝ հորդորելով հաստատակամորեն դեմ կանգնել երկրում իրավիճակն ապակայունացրած ուժերին: Իրանը Սիրիայում կայունության պահապանի դերից կանցնի՞ ապակայունության վրա խաղադրույքի:
Համենայն դեպս, Իրանի պարտության մասին խոսակցություններով հանդերձ, պատկերը իսկապես կարող է լինել բազմիմաստ եւ բազմաշերտ: Առավել ևս, որ ժամանակակից՝ փլուզվող հարաբերությունների և կառուցակարգերի պայմաններում, երբ հինն այլևս գրեթե «ավերակ» է, իսկ նորը՝ շատ հեռու, պետությունների համար թերևս առավել արդյունավետ քաղաքականության հեռանկար է բացում անմիջական պատասխանատուի կարգավիճակ չունենալը, քան դրա ծանրության տակ լինելը:
Սա բոլորովին չի նշանակում, թե Իրանը հենց այդ հաշվարկով էլ զիջել է Սիրիան Թուրքիային: Թե ինչ հաշվարկներ են արվել, անշուշտ դուրս է մեր իմացությունից: Կա մի աներեր իրողություն՝ անիմանալի են կայսրությունների հաշվարկները: Իսկ Իրանը շարունակում է իր աշխարհաքաղաքական գոյությունը հենց այդ մասշտաբի չափումների համակարգով: Մեծ հաշվով, Սիրիայի շուրթերով բարբառում է Թուրքիան, որը Սիրիայում մնացել է պատասխանատվության տակ:
Այդ պատասխանատվությունը զգացնել է տալու ժամանակի ընթացքում, և Անկարան, անշուշտ, հիանալի է դա գիտակցում: Մեծ հաշվով, Իրանի համար Սիրիան կարող է դառնալ Անկարայի հանդեպ լծակ, որքան էլ չհնչի տարօրինակ կամ միարժեք: Այդ իմաստով, Մերձավոր Արևելքը «ջրերը» ոչ թե «զուլալվել» են, այլ առավել խառնվել իրար ու պղտորվել:
Հայաստանը, իհարկե, չի կարող հավակնել այդ ջրերում ձկնորսի դերի, սակայն այսօր շատ կարևոր է ուշադիր լինել դրանց նկատմամբ, պարզապես այնտեղ որսվող «ձուկ» չդառնալու համար, առավել ևս նկատի ունենալով այն, որ Թուրքիայի միջոցով Մերձավոր Արևելք «խցկվելու» ակնառու մտադրություն ունի Ադրբեջանը:
Բաց մի թողեք
Ի՞նչ է մտածում այդ առնչությամբ Ֆրանսիան, կարծես թե դեռ պարզ չէ …
Վաշինգտոնն արձագանքեց Հայաստանին զինելու մասին Ալիևի մեղադրանքներին
Հայաստանում արձանագրվում է պետական և համայնքային ծառայությունների՝ քաղաքացիներին մատուցման որակի շոշափելի անկում