2025 թվականը Օձի տարի է, այն էլ՝ կանաչ փայտե, չինական հորոսկոպն է վկայում։ Սարսուռի ու սառնության հետ նույնացվող այս սողունը, փաստորեն, իր «գործունեությանը» պատշաճող հարթությունից՝ գետնից, բարձրացվել և արժանացել է հորոսկոպում ներգրավվելու պատվին։ Գուցե այն պատճառով, որ արժանիքներ ունի, կամ էլ այդպիսիք վերագրվել են կենդանի մեկ այլ արարածի՝ մարդու կողմից…
Արժանիքներն ու նաև այլ՝ բացասական բնութագրիչները, որոնք արտացոլվել են տարբեր քաղաքակրթությունների հավատալիքներում, մեկով չեն սահմանափակվում։ Արդ, հաշվի առնելով տարվա խորհուրդը, եկեք առանձնացնենք միայն արժանիքները՝ իմաստնություն, խոհեմություն, հեռատեսություն, հմայք, խելք, խորամանկություն ու խորաթափանցություն…
Օձը նաև դիցական կերպար է, բերրիության, հողի, ջրի, անձրևի, ինչպես նաև օջախի և երկնային կրակի խորհրդանիշը։ Այս սողունների անսովոր տեսքը, վարքի բազմաթիվ հատկանիշները, շարժվելու յուրահատուկ ձևը և, ի վերջո, մի մասի թունավոր լինելը հնուց ի վեր իրենց վրա են բևեռում մարդկանց ուշադրությունը: Չինական հորոսկոպից անդին՝ հայկական առածանին էլ օձին պատշաճ վերաբերմունքի է արժանացրել՝ որպես չափման ու գնահատման միավոր կիրառելով այս կամ այն իրավիճակը, կամ մարդուն բնորոշելու համար՝ «օձն իր շապիկը կփոխի, բայց բնավորությունը չի փոխի»-ից մինչև «օձը տաքացնողին է կծում», «օձի լեզու ունենալ», «օձի լեզու թափել», «օձ խուզել» ու «օձի հետ ջուր խմել»… Երիցս իմաստուն է հայ ժողովուրդն, ինչ խոսք, Հայաստանն էլ՝ հարուստ օձատեսակներով, այն էլ՝ 22, որոնցից, պարզվում է, միայն 4-ն են թունավոր։
Թողնենք թույնի ու թունավորության մասին խոսակցությունն ու անցնենք միստիկական այս արարածի «իշխանազորության» ներքո գտնվող տարվա մասին կանխատեսումներին։ Դրանք, թերևս, համացանցում ամենափնտրված հրապարակումներն են անցնող մի քանի շաբաթներին։ Ըստ այդմ՝ 2025-ը, ենթարկվելով օձի էներգիային, բարենպաստ է անձնական և մասնագիտական աճի, ռազմավարական պլանների և իմաստուն որոշումների, ինքնազարգացման ու աճի, նոր հմտություններ ձեռք բերելու, կրթությունը շարունակելու, հանգստության, ինքնավերլուծության և հոգեկան ներդաշնակության համար։
Ըստ արևելյան աստղագուշակի՝ այն մարդիկ, որոնք ծնվել են Օձի տարում, ուժեղ բնավորություն ունեն, բարի են ու զուսպ, նուրբ ճաշակ ունեն, վճռական մարդիկ են։ Միշտ սկսած գործը ավարտին են հասցնում, պատրաստ են չարչարվել երկար ժամանակ, բայց րոպեական ռիսկի չեն դիմի, շատ լավ զարգացած 6-րդ զգայարան՝ ինտուիցիա ունեն, ահավոր խանդոտ են, փոքր-ինչ ժլատ, չեն սիրում պարտքով ինչ-որ բան բան տալ, հումորի հիանալի զգացում ունեն, կյանքում վատ դերասաններ են, սիրում են ջերմություն, նաև՝ կրքոտ են…
Արդ, տեսնենք, թե ՀՀ պաշտոնատար անձանցից ովքեր են ծնվել Օձի տարում։ Սկսենք փնտրտուքը խորհրդարանից. խորհրդավոր այս արարածի տարում է ծնվել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տրդատ Սարգսյանը՝ 1989 թ. հունվարի 19-ին։ ԱԺ պատգամավորների թվում, կարծեք, Սարգսյանը միակ «օձն» է։ Գնանք Կառավարություն. այստեղ էլ միակ «օձ» նախարարը համակարգում է կառավարության կարևոր ոլորտներից մեկը՝ աշխատանքի և սոցիալական հարցերը։
Խոսքը, կռահեցիք, ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանի մասին է՝ ծնվել է 1989 թ. հունիսի 20-ին։ Նույն թվականի սեպտեմբերի 23-ին է ծնվել նաև կառավարության մեկ այլ անդամ՝ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը։ Օձի տարում ծնված մյուս պաշտոնյան Երևանի քաղաքապետ Տիգրանն Ավինյանն է՝ նա էլ է ծնվել 1989 թվականին, փետրվարի 28-ին։
Խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների մեջ, ինչպես մեր փնտրտուքը ցույց տվեց, միակ «օձը» Արման Ղազարյանն է «Հայաստան» խմբակցությունից, ծնվել է 1977 թ. փետրվարի 7-ին։ Իսկ արտախորհրդարանական ընդդիմության թերևս ամենաաչքի ընկնող ու ակտիվ «օձերից» է ԱԺ նախկին պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը՝ ծնվել է 1965 թվականին։
Նշենք, որ օձի տարում՝ 1953 թվականին են ծնվել նաև ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը, ԱՄՆ 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնը՝ 1809 թվականին, ինչպես նաև Ֆրանսիայի գործող նախագահ Էմանուել Մակրոնը՝ 1977 թվականին։ Օձի տարում ծնված հայտնի գործիչներից են անգլիացի դերասան Թոմ Հարդին (1977), ամերիկացի դերասանուհի Լիվ Թայլերը (1977), ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը (1989)…
Նշենք, որ Օձի տարին «պաշտոնապես» իր լիազորությունների մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 29-ին և կավարտվի 2026 թվականի փետրվարի 16-ին։
Բաց մի թողեք
Իրանը շարունակում է նախազգուշացնել Ադրբեջանին
ԱՄՆ-ը պետք է ուժեղացնի ճնշումն Իրանի վրա. Ռուբիո
Եվրամիության արձագանքը կոշտ կլինի, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մաքսատուրքեր սահմանի