Օրերս Նիկոլ Փաշինյանի ձեռքով պարգեւատրվեցին «Սպորտի ոլորտում` տարվա լավագույնների ընտրություն» մրցույթի հաղթողները։ Փաշինյանի ձեռքից մրցանակ վերցնելու համար հանրային քննադատության արժանացան հատկապես լավագույն 3 մարզիկներ ճանաչված Արթուր Ալեքսանյանը (Սպիտակ արջ), Արթուր Դավթյանը, Վարազդատ Լալայանը:
Մրցանակի է արժանացել նաեւ աշխարհահռչակ հայ ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանը, սակայն չի եկել եւ Փաշինյանի ձեռքից մրցանակ չի վերցրել, ներկայացուցիչ էլ չի ուղարկել։ ԿԳՄՍ նախկին փոխնախարար Կարեն Գիլոյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, թե չգիտի՝ ինչու է Մխիթարյանը հրաժարվել մրցանակից։ «Բացարձակ տեղյակ չեմ։ Մամուլից եմ լսել։ Երբ մենք պարգեւատրությունը արեցինք, ինքը պաշտոնապես շնորհակալություն է հայտնել»,-ասաց նա։ Շնորհակալություն հայտնել, դեռ չի նշանակում մրցանակն ընդունել եւ վերցնել։
Հենրիխ Մխիթարյանը բավարար ժամանակ ուներ մտածելու եւ մրցանակը ընդունելու, եթե իր ժամանելն անհնարին էր` ինչ որ մեկին լիազորելու, սակայն հայտնի ֆուտբոլիստը հրաժարվել է։ Մրցանակաբաշխությունը կազմակերպվել է դեկտեմբերի 24-ին «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթի հաղթողները որոշվել են ԿԳՄՍՆ կողմից հավատարմագրված մարզական լրագրողների քվեարկության արդյունքների համադրմամբ: Քվեարկությանը մասնակցել են 19 մարզական լրագրողներ, որոնք իրականացրել են փակ, գաղտնի քվեարկություն: Գիլոյանն այդ ժամանակ դեռ փոխնախարար էր։ Դիտարկմանը, որ գուցե ֆուտբոլիստը շնորհակալություն է հայտնել՝ իր անձին ուղղված ուշադրության համար, սակայն չցանկանա վերցնել մրցանակը՝ սկզբունքային պատճառներից ելնելով, Գիլոյանն ասաց․ «Համաձայն եմ, իհարկե, ճիշտ եք ասում, ինքը հավանաբար հենց այդպես էլ արել է։ Իր ընտրությունն է, ինքն է որոշում՝ վերցնել, թե ոչ։ Նա ազատ մարդ է, անում է այնպես, ինչպես կամենում է»։
Գիլոյանն ասաց, որ մրցանակակիրներից միայն Հենրիխ Մխիթարյանը մրցանակը չի վերցրել։ Շատերը քննադատել են մրցանակ ստացած մարզիկներին՝ թե ո՞նց կարելի է այս իշխանության ձեռքից մրցանակ վերցնել։ Այդ քննադատությունների առումով Գիլոյանն ասում է, որ մարզիկը դա վաստակում է իր քրտինքով ու արյունով, ինչո՞ւ պիտի հրաժարվի։
«Էդ ի՞նչ վերաբերմունք է, իհարկե, պիտի ստանա եւ իր բարեկեցությունը հոգա։ Մարզիկն ինչո՞վ ապրի, մարզիկը հաց ուտել չի՞ ուզում, խոսողների ձայնը տաք տեղից է գալիս։ Մարզիկն ուզում է սնվել, հագնվել, մի տեղ գնալ»,-ասաց նա։ Դիտարկմանը, որ քննադատողներն ասում են՝ պետք է մերժել այս իշխանությանը, ոչ մի պարգեւ չվերցնել նրանց ձեռքից, ասաց․ «Վստահ եմ, որ այդպես խոսողներին էլ պարգեւատրեն` կվերցնեն։ Այդ ասողները թող մարզիկների համար համապատասխան պայմաններ ապահովեն, հետո ամպագորգոռ արտահայտություններ անեն։ Կազմակերպեն նրանց հանապազօրյա հացը, հետո ասեն՝ մի վերցրու իշխանության տվածը։ Էդ ի՞նչ բան ա, չվերցնեք, բա ինչո՞վ ապրի էդ մարդը»։
Նշենք, որ պաշտոնից հեռանալուց հետո շշուկներ տարածվեցին, թե Գիլոյանը կոռուպցիոն բնույթի սկանդալի մեջ է հայտնվել, իշխանություններն էլ սուս ու փուս հեռացրել են նրան։ Հետաքրքրվեցինք Գիլոյանից նաեւ այս թեմայով. «Եթե կոռուպցիա լիներ, ես հիմա բանտում նստած կլինեի»,-ասաց նա։ Դիտարկմանը՝ իրենց հարազատ եք, դրա համար բանտի կողքով եք անցել, վստահեցրեց, թե` նման բան չկա. «Ոչ մի լումայի կոռուպցիոն սկանդալ չի կարող լինել, բացառված է, չեմ արել, չեմ անելու, չեմ անի։ Որ այդպես լիներ՝ Համահայկական խաղերը չէի վարի։ Աշխատանքից ազատվել եմ իմ դիմումի համաձայն»։
Բաց մի թողեք
ԱՆԻՖ-ի Մոսկվայի մասնաճյուղը 5 տարում 6,9 մլն դոլար է ստացել. «ձախողում ու խայտառակությու՞ն», թե՞ «ռեյդերային զավթում». Լուսանկարներ
Ոստիկաններն ԱԺ-ում տուգանեցին ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանին
Հերթական անգամ ինչ է բարբաջել Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը