Մասնավոր շահեր, ապօրինի բիզնես եւ հանցավոր ցանցեր` Փարաքար խոշորացված համայնքը վերջին տարիներին դարձել է քրեական եւ կոռուպցիոն սկանդալների կենտրոն։ Տեղական իշխանության ներկայացուցիչները, ներառյալ` նախկին ու գործող համայնքապետերը, կապակցված են եղել ապօրինի հանքարդյունաբերության, աճուրդային մանիպուլյացիաների, հանցավոր գործունեության եւ բռնի գործողությունների հետ։
Դավիթ Մինասյանը, Լյուդվիգ Գյուլնազարյանը եւ Վոլոդյա Գրիգորյանը ներկայում Փարաքար համայնքի ավագանու երեք գործող խմբակցությունների ղեկավարներն են, ինչը նրանց դարձնում է համայնքի կառավարման առանցքային դերակատարներ։ Նրանք նաեւ առաջադրվել են 2025 թվականի մարտի 30-ին կայանալիք համայնքի ավագանու ընտրություններին՝ հավակնելով առաջիկայում դառնալ համայնքի ղեկավար։ Ներկայացնենք համայնքում տեղի ունեցած իրադարձությունները` ըստ ժամանակագրության։
2022-2023. Անօրինական աճուրդ եւ կոռուպցիոն սխեմա
Փարաքարի նախկին համայնքապետ Դավիթ Մինասյանը եւ Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանը մեղադրվեցին համայնքի սեփականությունը խարդախ աճուրդով օտարելու մեջ։ Ըստ Քննչական կոմիտեի՝ նրանք նախապես կազմակերպել էին աճուրդն այնպես, որ իրենց նախընտրած անձը դառնա հաղթող՝ կանխելով այլ անձանց մասնակցությունը։ Արդյունքում՝ համայնքային գույքը 17.7 միլիոն դրամով ապօրինի օտարվել էր։ 2024 թվականի հունիսի 26-ին Մինասյանը, Ախտոյանը եւ համայնքի իրավաբանական բաժնի առաջատար մասնագետը, որը Դավիթ Մինասյանի այդ ժամանակվա գործող տեղակալ Գոռ Սարիբեկյանի կինն է, որի ցուցմունքը քրեական գործում դարձել է առանցքային, կալանավորվեցին՝ ծառայողական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով։ Ըստ ՔԿ-ի՝ նրանք հանցավոր սխեմա էին մշակել, որով համայնքային հողերը խարդախ աճուրդով փոխանցվել էին նախապես ընտրված անձանց։ Գոռ Սարիբեկյանը, որի կինն աճուրդի գործով է անցնում, Լյուդվիգ Գյուլնազարյանի հետ մասնակցեց «Քաղաքացիական պայմանագրի» փրայմերիզին եւ անդամագրվեց ՔՊ-ին։ Առաջիկա ընտրություններում նա ՔՊ ցուցակի 4-րդ հորիզոնականում կլինի։
2023. Գիշերային ակումբի միջադեպ եւ քրեական անցյալ
2023 թվականի ապրիլի 23-ին Դավիթ Մինասյանը հայտնվեց խուլիգանական սկանդալի կենտրոնում, երբ «Կալիֆորնիա» գիշերային ակումբում, ալկոհոլի ազդեցության տակ, ընկերների հետ քանդել էր գույքը, վիրավորել այցելուներին, խախտել հասարակական կարգը։ Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ, բայց նա այդ ժամանակ մնաց ազատության մեջ։ Սա Մինասյանի մասնակցությամբ առաջին միջադեպը չէր։ 2009 թվականի մարտի 21-ին նա «Սկառլետ» կարաոկե բարում վիճաբանել էր Դավիթ Փիլոյանի հետ, ինչի հետեւանքով հրազեն չհանդիսացող օդամղիչ ատրճանակով կրակել էր եղբայրներ Գեւորգյանների ոտքերի ուղղությամբ՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածք։ Դրա համար 2009 թվականի հուլիսի 9-ին Մալաթիա-Սեբաստիայի ընդհանուր իրավասության դատարանը նրան դատապարտեց 5 տարվա ազատազրկման։ Վերաքննիչ դատարանը 2009 թվականի հոկտեմբերի 12-ին թողեց դատավճիռն օրինական ուժի մեջ։
2024. Կալանք եւ ազատ արձակում
Հունիսի 26-ին Դավիթ Մինասյանը, Մհեր Ախտոյանը եւ համայնքի իրավաբանական բաժնի աշխատակիցը կալանավորվեցին՝ ծառայողական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով։ Սակայն 2024 թվականի սեպտեմբերի 25-ին Մինասյանն ազատ արձակվեց՝ 5 միլիոն դրամ գրավի դիմաց։
2024. Փարաքարի համայնքապետի փոփոխություններ
Դավիթ Մինասյանի հրաժարականից հետո համայնքի ղեկավարի պաշտոնում` ՔՊ-ի աջակցությամբ, նշանակվեց Լյուդվիգ Գյուլնազարյանը, սակայն նրա պաշտոնավարումը կարճ տեւեց։ 2024 թվականի նոյեմբերի 16-ին նա հայտնվեց կրակոցների կենտրոնում՝ կապված փողային վեճերի հետ։ Նա հրազենային վիրավորում ստացավ ոտքի շրջանում, ինչը նրան ստիպեց հրաժարական ներկայացնել։
2024. Մերձավանի հանքերի ստվերային գործունեությունը
Մերձավան բնակավայրում գործող «Մեգաշին» ՍՊԸ-ն, որը շահագործվում էր Մերձավանի նախկին ղեկավար Լեւոն Գրիգորյանի որդու՝ Վոլոդյա Գրիգորյանի կողմից, հուլիսի 9-ին ստուգումների արդյունքում կասեցվեց։ ԱԱԾ եւ ՆԳՆ ոստիկանության ստուգումների արդյունքում պարզվեց, որ ընկերությունը գյուղատնտեսական հողատարածքներում ապօրինի արդյունաբերական գործունեություն էր ծավալում։
2025. Հարձակում Ախտոյանների տան վրա
2025 թվականի փետրվարի 4-ի լույս 5-ի գիշերը զինված հարձակում տեղի ունեցավ Մերձավանի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան վրա։ Կրակոցների հետեւանքով սպանվեց Ախտոյանի հորաքրոջ որդին, իսկ նրա ընկերը վիրավորվեց։ Ըստ Քննչական կոմիտեի՝ հարձակման հետեւանքով 9 անձի նկատմամբ հարուցվել է քրեական վարույթ, որոնցից 3-ը կալանավորվել են, 3-ը տնային կալանքի տակ են։ Հավելյալ մեղադրանքներ են առաջադրվել՝ սպանության, սպանության փորձի, ապօրինի զենքի պահման եւ խուլիգանության հոդվածներով։ Համայնքի բնակիչների շրջանում կասկածներ կան, որ միջադեպը կապված է նախկին գյուղապետի կողմնակիցների եւ Մհեր Ախտոյանի միջեւ տեւական թշնամության, ինչպես նաեւ՝ հանքարդյունաբերության վերահսկողության շուրջ ծագած վեճերի հետ։
Փարաքարը՝ քաղաքական եւ քրեական հորձանուտում
Այս ամենից ակնհայտ է դառնում, որ Փարաքարը դարձել է քաղաքական ինտրիգների, հանցավոր խմբերի ազդեցության եւ կոռուպցիոն սխեմաների կենտրոն։ Անօրինական աճուրդները, խուլիգանության դեպքերը, տնտեսական խախտումներով աշխատող ընկերությունները եւ քաղաքական խաղերն այս համայնքը վերածել են մի վայրի, որտեղ օրենքը միայն տեսական բնույթ է կրում։ Համայնքի բնակիչները շարունակում են բողոքել, սակայն մինչ օրս համակարգային փոփոխությունների որեւէ նշան չկա։ Փարաքարը, կարծես, մնում է կլանային քաղաքականության եւ մաֆիոզ կառավարման ձեռքում՝ հիշեցնելով 20-րդ դարի Սիցիլիան՝ իր քաղաքական, քրեական եւ տնտեսական ցանցերով։
Արեգ Մարգարյան
Բաց մի թողեք
Ուկրաինական զորքերը Կուրսկի մարզը լքում են առանց կռվի. «Պետք չէ առաջ վազել»
Սոֆի Մխեյանը, ով ժամանակին թունդ ընդդիմադիր էր խաղում, հիմա իշխանական համերգին է․ Լուսանկար
Խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքը Հայաստանում շարունակում է գործել․ Լուսանկար