Նախօրեին Վաշինգտոնն ու Մոսկվան հայտարարել են Թրամփի և Պուտինի միջև հեռախոսազրույցի մասին, որը տևել է մոտ 1,5 ժամ: Հեռախոսազրույցի վերաբերյալ տեղեկատվությունը սակավ է:
Թրամփը հայտարարել է, որ պայմանավորվել են սերտ աշխատել ուկրաինական պատերազմը դադարեցնելու և հակամարտության կարգավորման ուղղությամբ:
Ըստ նրա՝ Պուտինն օգտագործել է անգամ իր նախընտրական կարգախոսի ձևակերպումը՝ «ողջախոհություն»: Կրեմլի խոսնակ Պեսկովը հայտարարել է, որ Պուտինն ընդգծել է կարգավորման գործընթացում հակամարտության պատճառներին անդրադարձի կարևորությունը: Թրամփն ավելի ուշ հայտնել է, որ ակնկալում է Պուտինի հետ հանդիպում Սաուդյան Արաբիայում:
Ժամկետներ չեն նշվում, սակայն ավելի վաղ դարձյալ եղել էր տեղեկություն, որ դիտարկվում է Էմիրություններում կամ Սաուդյան Արաբիայում հանդիպում անցկացնելու հնարավորություն: Փաստորեն այժմ այդ հնարավորությունը պաշտոնականացվում է Թրամփի մակարդակով:
Հատկանշական է, որ Թրամփ-Պուտին հեռախոսազրույցը տեղի է ունենում ձերբակալվածների փոխանակման ֆոնին: Այսինքն՝ մինչև հեռախոսազրույցը, հայտարարվեց, որ Վաշինգտոնն ու Մոսկվան փոխանակում են մեկական ազատազրկված:
Ընդ որում՝ հատկանշական է, որ այդ գործարքի համար Մոսկվա է ժամանել Թրամփի՝ Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնացը: Նաև շատ ուշագրավ է, որ թե՛ այդ, թե՛ Պուտին-Թրամփ հեռախոսազրույցի ֆոնին տեղի է ունեցել ՌԴ նախագահի առաջին հեռախոսազրույցը Սիրիայի նախագահ Ալ Շարաայի հետ: Ս
ա ևս վկայում է, որ Թրամփ-Պուտին հաղորդակցության միակ թեման ուկրաինական հակամարտությունը չէ և նրանք քննարկել են հարցերի լայն շրջանակ:
Բնականաբար, այդտեղ առանցքային հետաքրքրություն է ներկայացնում այն, թե ինչ տեղ է ունեցել դրանում Կովկասը, կամ ինչ տեղ կարող էր ունենալ: Կովկասի առնչությամբ Թրամփի վարչակազմի մոտեցումները, կարծես թե, առայժմ անորոշության ներքո են: Վարչակազմը Կովկասի առնչությամբ դեռևս չի արել որևէ շոշափելի և էական հայտարարություն: Ինքնին դա թերևս հուշում է, որ ռեգիոնը Վաշինգտոնի մեծ ուշադրության ներքո չէ:
Դա նշանակո՞ւմ է, որ Կովկասի շուրջ կա ռուս-ամերիկյան որևէ պայմանավորվածություն կամ համաձայնություն: Թերևս ոչ: Թրամփի և Պուտինի հեռախոսազրույցը բոլորովին պետք չէ ընկալել նրանց միջև լիակատար փոխհամաձայնության դրսևորում: Ավելին՝ թերևս դա բավականին բարդ գործընթացի մեկնարկ է, որտեղ յուրաքանչուրը փորձելու է ստանալ առավելագույնը:
Կովկասն այդ իմաստով կշարունակի դիտարկվել ազդեցության և պայքարի գոտի՝ դրանից բխող մարտահրավերներով և ռիսկերով, որոնց Հայաստանը պետք է լինի պատրաստ: Առավել ևս, որ ԱՄՆ ու Ռուսաստանի միջև գործընթացը, բնականաբար, միարժեք չի ընկալվելու ուժային այլ կենտրոններում:
Ռուսաստանն ազատ է արձակել ամերիկացի ուսուցիչ Մայք Ֆոգելին, որը ձերբակալվել և ազատազրկվել էր 2021 թվականին՝ թմրանյութ ներկրելու մեղադրանքով: Ֆոգելի ազատ արձակումը տեղի է ունեցել ամերիկա-ռուսական գործարքի շնորհիվ, որի մանրամասներ հայտնի չեն: Դոնալդ Թրամփը Պուտինին շնորհակալություն է հայտնել այդ որոշման համար:
Հատկանշական է, որ Ֆոգելի ազատ արձակման համար Մոսկվա է մեկնել Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց նշանակված Ստիվ Ուոիտկոֆը: Այդ հանգամանքը նշանակում է, որ տեղի է ունեցել բավականին հանգամանալից քննարկում, այլ ոչ թե պարզապես բարի կամքի դրսևորում: Հակառակ պարագայում հազիվ թե կարիք լինել, որպեսզի Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնացը մեկներ Մոսկվա: Միամիտ կլինի պատկերացնել, թե նա մեկնել է, որովհետև միակ ազատ դիվանագետն էր:
Ըստ այդմ, Ուիտկոֆի՝ հենց Մերձավոր Արևելքի հարցերով բանագնացի մեկնելը խոսում է թերևս այն մասին, որ ռուս-ամերիկյան գործարքի այս դրվագը, ըստ էության, իր զգալի մասով թերևս վերաբերել է ոչ թե ուկրաինական հակամարտությանը, այլ Մերձավոր Արևելքին, ինչի համար էլ եղել է կարիք, որ Մոսկվա մեկնի հենց այդ թեմային քաջատեղյակ դիվանագետը: Ընդ որում՝ այստեղ ուշադրության է արժանի և այն, որ Նյու Յորք Թայմս պարբերականը նախօրեին հրապարակել էր տեղեկություն, որ ուկրաինական կարգավորման Թրամփի պլանն այսպես ասած կասեցված է, իսկ կարգավորման հարցերով հատուկ բանագնաց Կելոգը բանակցելու է եվրոպական երկրների հետ՝ նրանց տեսակետները հաշվի առնելու և հավաստիացնելու համար, որ Եվրոպան դուրս չի մնա կարգավորման պլանի շուրջ բանակցային պրոցեսից:
Դա առավել ևս թույլ է տալիս մտածել, որ այս գործարքը ավելի շատ վերաբերել է մերձավորարևելյան իրողություններին: Սակայն մանրամասներ հայտնի չեն: Միևնույն ժամանակ հայտնի է, որ Մերձավոր Արևելքում իրարանցում է առաջացրել Թրամփի նոր մոտեցումը Գազայի հարցում: Նա պնդում է, որ պաղեստինցիները պետք է վերաբնակեցվեն, իսկ Գազան անցնի ԱՄՆ տնօրինությանը: Ռեգիոնի երկրները, սակայն դեմ են արտահայտվում այդ պլանին: Հատկանշական է, որ Ռուսաստանը, կարծես թե, առայժմ հստակ անդրադարձ չի արել Գազայի վերաբերյալ Թրամփի պլանի առնչությամբ:
Միևնույն ժամանակ, Թրամփի առաջարկը շատ ուղիղ և շատ կոշտ է թվում՝ իրականանալիության տեսանկյունից դյուրին լինելու համար: Հետևաբար, պետք է ենթադրել, որ այդ պլանն ավելի շուտ միտված է ռեգիոնում այլ պրոցեսներ խթանելուն: Վաշինգտոնն ու Մոսկվան դրա՞նք են քննարկել ուսուցչի ազատ արձակման վերաբերյալ պայմանավորվածության համատեքստում: Այստեղ ուշադրության արժանի էականն այն է, որ Մերձավոր Արևելքը, անշուշտ, շատ ավելի մոտ է կովկասյան «մաշկին», քան ուկրաինական պատերազմը:
Բաց մի թողեք
ՔՊ-ական Էմմա Պալյանի եղբայրը փոշմանել է. Լուսանկար
Թուրքիայի ռեսուրսները բավարա՞ր են, որպեսզի Թրամփ-Պուտին «գործարքին» միջամտի
Բաքուն մտադիր է լրջորեն ներգրավվել մերձավորարևելյան ռեգիոնում ծավալվող գործընթացներում