23/02/2025

Քրդստան պետության հիմնումը կփոխի Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունների որակը

Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող աշխարհաքաղաքական փոփոխությունները հղի են Հայաստանի համար միաժամանակ ե՛ւ մեծ վտանգներով, ե՛ւ մեծ հեռանկարներով: Վտանգները Թուրքիայի ու Իրանի ներգրավմամբ ուրվագծվող հավանական բախումներն են, ինչպես նաեւ Կովկասի ու Միջին Ասիայի ներկայիս իրադրությունը, որը հանգիստ եւ կայուն չես համարի:

Ամեն դեպքում՝ Հայաստանը դրանցից խուսափել չի կարող: Բարեբախտաբար՝ կան նաեւ լավ հեռանկարներ, որոնք ի զորու են փոխել մեր երկրի աշխարհաքաղաքական դիմագիծը:

Ակնհայտ է, որ Թուրքիա-Ադրբեջան-Միջին Ասիա ուղիղ կապի հիմնական խոչընդոտը Հայաստանն է: Այդ եռամիասնության կապն արդեն պաշտոնականացված է թյուրքական երկրների համագործակցության խորհուրդ կոչվող կառույցի շրջանակում, որի նիստերը մեծ մասամբ գումարվում են Նախիջեւանում:

Դա յուրօրինակ ակնարկ է, որ Հայաստանը խոչընդոտում է այդ կապի գործնական իրականացումը: Այնինչ «սեպի» գործառույթը որոշ առումով Հայաստանի աշխարհաքաղաքական գլխավոր դերակատարումն է, որի շնորհիվ մեր երկիրը կարող է ձեռք բերել թե՛ դրական, թե՛ բացասական նշանակություն՝ նայած թե վերը նշված երկրներից որը տվյալ պահին ինչ շահեր ունի:

Մեզ համար շատ կարեւոր է Քրդստանի կազմավորումը, որը, վաղ թե ուշ, լինելու է: Ողջ խնդիրն այն է, որ Հայաստանը (լեզուս չի պտտվում ասել) կարողանա գոյատեւել մինչեւ Քրդստանի ստեղծումը: Հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ կտա մեզ Քրդստան պետության հիմնումը կամ ի՞նչ նպաստավոր փոփոխություններ կարող է բերել Հայաստանի համար: Փորձագետները խոստումնալից մի քանի նկատառումներ են ներկայացնում Քրդստանի՝ տարածաշրջան հնարավոր մուտքի համատեքստում:

Առաջին՝ Հայաստանը կունենա ցեղասպանության բարդույթներից եւ հիշողությունից զերծ մի հարեւան, որի հետ հնարավոր է անխոչընդոտ բարիդրացիական հարաբերություններ հաստատել: Մենք՝ հայերս, անքեն ժողովուրդ ենք, կհանդուրժենք քրդական որոշ ցեղերի բացասական դերակատարությունը Հայոց ցեղասպանության տարիներին:

Օսմանյան կայսրության մեջ նրանք ընդամենը կամակատարներ էին: Եվ չպետք է մոռանալ, որ բազմաթիվ քրդեր նաեւ հայ ընտանիքներ են ապաստանել իրենց օջախներում՝ փրկելով նրանց զանգվածային սպանդից կամ տեղափոխելով անվտանգ վայրեր:

Երկրորդ՝ Քրդստանի առաջացման դեպքում Ադրբեջանում եւ Թուրքիայում տարածված «մեկ ազգ՝ երկու պետություն» բանաձեւը կկորցնի իր արդիականությունը, հետեւաբար Ադրբեջանը կհայտնվի նոր ինքնության որոնման խնդրի առջեւ, ինչն այդ երկրում կարող է խիստ վտանգավոր դրսեւորումներ ունենալ՝ ընդհուպ սպառնալով նրա տարածքային ամբողջականությանն ու ազգային կառուցվածքի անքակտելիությանը:

Երրորդ՝ Քրդստանին «փոխանցելով» թյուրքական աշխարհի «սեպի» դերակատարումը՝ Հայաստանը մի կողմից կկորցնի աշխարհաքաղաքական իր նշանակությունը, բայց մյուս կողմից ձեռք կբերի դրացիների հետ բնականոն կապեր ձեւավորելու հնարավորություն ու նաեւ օձիքը կազատի «սեպի» դերակատարման պատճառով գերտերությունների՝ իրեն պարտադրած «եղբայրությունից»:

Եվ չորրորդ՝ կփոխվի Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունների որակը: Բանն այն է, որ Քրդստանի հետ հարաբերություններում Թուրքիայի խնդիրները չեն ավարտվելու, եթե հաշվի առնենք քրդերի հոծ բնակեցման վայրերից զատ՝ նրանց ժողովրդագրական ներթափանցման վտանգը նաեւ բուն Թուրքիայի քրդաբնակ տարածագոտիներ:

Այս առումով հասկանալի է Արցախի հարցը լուծման վերջնակետին հասցնելու՝ Ադրբեջանի շտապողականությունը, որովհետեւ Բաքվում լավ են գիտակցում, որ այն տակավին լուծված չէ, եւ ժամանակն ամենեւին իրենց օգտին չի աշխատում: