12/03/2025

Ինչ սպասել ԱՄՆ – Չինաստան հարաբերություն – հակամարտությունում մեզ համար

South China Morning Post-ը, հղում անելով իր աղբյուրին, հայտնել է, որ արդեն հաջորդ ամիս հնարավոր է ԱՄՆ նախագահ Թրամփի այցը Չինաստան: Ըստ տեղեկության՝ ամերիկա-չինական բարձր մակարդակի հանդիպման հարցը քննարկվում է, կողմերից յուրաքանչյուրն ուզում է, որպեսզի այցերի մյուս կողմը, սակայն ավելի հավանական է Թրամփի այցը:

Դժվար է ասել, թե որքանով են հավաստի չինական այդ պարբերականի աղբյուրները, բայց որ ամերիկա-չինական բարձր մակարդակի շփում կլինի, վեր է կասկածից: Իհարկե, հետաքրքիր է, թե ինչ ձևաչափով, երբ, որտեղ և այլն, բայց մեծ հաշվով, իհարկե, դա չէ վճռորոշը:

Էական է այն, թե ինչ է լինելու այդ շփման օրակարգում և ինչպիսի փոփոխության է ենթարկվելու, օրինակ, ամերիկա-չինական օրակարգը, ի տարբերություն 2024 թվականի նոյեմբերի 17-ին կայացած Բայդեն-Սի Ցզինպին հանդիպման օրակարգի:

Այդ հանդիպումը տեղի էր ունեցել Պերուում, որտեղ կայանում էր Ասիախաղաղօվկիանոսյան գագաթնաժողովը: Դա Բայդենի և Սի Ցզինպինի վերջին հանդիպումն էր, ու հատկանշական է, որ այն կայանում էր այն պարագայում, երբ արդեն հայտնի էր ԱՄՆ նախագահի ընտրության արդյունքն ու Դոնալդ Թրամփի հաղթանակը:

Ըստ այդմ՝ Բայդենի այդ հանդիպումը Չինաստանի նախագահի հետ պարզապես հրաժեշտի՞ համար էր, թե՞ տեղավորվում էր «իշխանության սահուն փոխանցման» այն հավաստիացման շրջանակում, որ արեց Բայդենը Թրամփի հաղթանակից հետո:

Համենայն դեպս, այդ հանդիպման Սի Ցզինպինը հայտնել էր ԱՄՆ նոր վարչակազմի հետ կառուցողական աշխատանքի պատրաստակամություն, ասելով, որ, եթե ԱՄՆ ու Չինաստանը միմյանց վերաբերեն իբրև հակառակորդ և մրցակից, ապա կարող են վնասել երկկողմ հարաբերությանն ու այն գցել հետ:

Բայդենը այդ հանդիպմանը դժգոհել էր, որ Պեկինը շարունակում է օգնել Ռուսաստանին ուկրաինական պատերազմում: Այսօր այդ պատերազմում ստացվել է մի իրավիճակ, երբ գոնե առերևույթ ավելի մոտ ու համահունչ են ԱՄՆ ու Ռուսաստանի դիրքորոշումները, քան ԱՄՆ ու Ուկրաինայի:

Մյուս կողմից, սակայն, կարծես թե որոշակի լարում կա ամերիկա-չինական հարաբերությունում: ԱՄՆ նախագահ Թրամփը բարձրացրել է մաքսատուրքերը Չինաստանի համար, իսկ Չինաստանի հայտարարել է, որ պատրաստ է կռվել մինչև վերջ ԱՄՆ հետ ոչ միայն տնտեսական պատերազմի, այլ պատերազմի որևէ այլ ձևի պարագայում:

Հնարավոր է, որ կողմերը բարձր մակարդակի առաջիկա հանդիպումից առաջ պարզապես բարձրացնում են խաղադրույքը: Խաղադրույքը իր հերթին գուցե փորձում է բարձրացնել նաև Ռուսաստանը, որի ԱԳ նախարար Լավրովն այսօր հայտարարել է, որ իրենք ողջունում են ռուս-ամերիկյան կարգավորման «ճիշտ ուղղությամբ» ԱՄՆ նոր վարչակազմի քաղաքականությունը, բայց դեռ վաղ է խոսել հարաբերությունում տարակարծությունները հաղթահարելու մասին:

Ռուսաստանը, իհարկե, կփորձի իր հերթին առավելագույնը շահել ամերիկա-չինական մրցակցությունից, առավել ևս, որ այդ իմաստով, կարծես թե, նպաստավոր դիրքում է:

Պատկերացնել ամերիկա-չինական մերձեցում ընդդեմ Ռուսաստանի, շատ բարդ է: Մյուս կողմից, ԱՄՆ համար ցանկալի չէ ռուս-չինական ուժեղ մերձեցում, իսկ Չինաստանի համար՝ ամերիկա-ռուսական ուժեղ պայմանավորվածություն: Հենց դա է, որ գրեթե անխուսափելի է դարձնում եռանկյունին:

Հարցն այն է, թե ինչ հարաբերակցությամբ կլինեն համաձայնությունները եռանկյունում: Եվ դա, իհարկե, էական հարց է աշխարհաքաղաքական խաղատախտակի բոլոր առանցքային ռեգիոնների համար, առավել ևս Կովկասի, որը, իհարկե, պայմանական՝ ոչ բուն երկրաչափական իմաստով, բայց այդ եռանկյունու գրեթե կենտրոնական հատվածում է: