15/03/2025

Ինչ է իրական Հայաստանը Փաշինյանի խոսքի ու ճանճի տզզոցի արանքում

Խանութներում օր-օրի ապրանքները թանկանում են, բյուջեն չի հավաքագրվում, հարկերով ու տուրքերով խեղդված քաղաքացին գահավիժում է աղքատության փոսը, անգամ տրանսպորտն է անհասանելի հաճույք դառնում Հայաստանում ոմանց համար, Ադրբեջանը սպառնում է պատերազմով, երկրում ծանր հանցագործությունների աճ է գրանցվում, իսկ ՀՀ վարչապետը շարունակում է տեսական մտավարժանքները «իրական Հայաստան» ասածի շուրջ, եւ որպեսզի կշիռ տա իր հորինվածքին, այն գաղափարախոսության նախագիծ է անվանում, քննարկումներ կազմակերպում։ 

Հրապարակ թերթը գրել է․ Առաջին այսպիսի քննարկումը, որը տեղի ունեցավ մարտի 12-ին, կառավարությունում այնքան տխուր էր, հատկապես վարչապետի խոսքի մասով, որ լսողը, անկախ իրենից, րոպեներն էր հաշվում, թե երբ է այն ավարտվելու։ «Գաղափարախոսությունը բանաձեւերի համախումբ է»,- ճանճի բզզոցի պես լցվում է ականջդ, կամ՝ «Արդյո՞ք էս որոշումը ճիշտ էր, թե սխալ, պետական, թե ապապետական, հայրենասիրական, թե հակահայրենասիրական, պետք է հասկանալ այն ուղենիշը, որի հետ հարաբերակցություններում մենք այդ չափումն իրականացնում ենք», կամ էլ՝ «Նույն որոշումը կարող է լինել սխալ, նայած ինչի հետ ենք համեմատության մեջ դնում», ու հորանջ, հորանջ։ Վերջապես հասնում ենք «իրական Հայաստանի գաղափարախոսությանը»․ «Իր ներկա պայմաններում, դա ապագայի նախագիծ է, որ իրականացվում է ներկայի մեջ` սկսած ներկայից», «ապագան այսօր է» եւ այլն, եւ այլն։

Վարչապետ դառնալուց հետո Փաշինյանը լավ փոխվել է ու ինքն էլ է զարմացած, թե ոնց եղավ, որ այսքան ձախողումներից հետո մնաց իշխանության։ «Ինչո՞ւ ենք շարունակում մնալ կառավարող ուժ, չնայած բոլոր պայմանները կային, որ այդպես չլիներ, մանավանդ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո»,- ասում է վարչապետն ու գտնում պատասխանը, եւ դա հնչում է որպես մխիթարանք․ «Այն փոփոխությունը, որ մեր մտքում տեղի է ունենում, ՀՀ քաղաքացիների մտքում էլ է զուգահեռ փոփոխություն տեղի ունենում։ Ես շատ կարեւոր եմ համարում, որ իրականության մեջ ինչ որ ասում եմ, ես ինձ ի նկատի ունեմ»։

Եվ կես ժամանոց ելույթի ընթացքում` «պաուզա-ստոպներով», ի վերջո, Փաշինյանն անցնում է իր սիրելի դրույթներին․ իրական Հայաստանը Հայաստանի Հանրապետությունն է՝ միջազգայնորեն ճանաչված 29 743 ք/կմ-ով: Անցյալը պետք է հետազոտել, ինչը ՀՀ հասարակ քաղաքացին ընկալում է որպես ցեղասպանությունը ժխտելու փորձ, իսկ Սահմանադրության փոփոխությունը` որպես Ադրբեջանի պահանջը կատարելու հերթական քայլ։ Ինչպե՞ս վերաբերվել իրական Հայաստանի «քարոզչությանը»։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը կարծում է, որ այդ քարոզչությամբ Փաշինյանը հակասում է ինքն իրեն։ «Վերեւից պարտադրված պետական գաղափարախոսություն ունենում են միայն տոտալիտար եւ իդեոլոգիկ երկրները, իսկ նա շարունակաբար պնդում է, որ Հայաստանը ժողովրդավարության ֆորպոստ է։ Բայց ժողովրդավարական հասարակարգերում չի կարող լինել վերեւից պարտադրված գաղափարախոսություն»։ Փաշինյանի ներկայացրած գաղափարախոսության կետերի մեջ նա ոչ մի էական միտք չի նկատել։ «Կենացներ, ցանկություններ, որոնք որեւէ կապ չունեն գաղափարախոսության հետ։ Այնտեղ մեկ առարկայական կետ կա՝ Սահմանադրության ընդունումն է, իսկ դա բոլորիս համար բացահայտ է, ու երեկ էլ Փաշինյանը խոստովանել է, որ տարածաշրջանային նշանակություն է ունենալու, այսինքն՝ ակնհայտորեն գործ ունենք Ադրբեջանի հերթական պահանջի բավարարման հետ՝ գեղեցիկ փաթեթավորմամբ»։

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը խորհուրդ է տալիս լրագրողներին՝ առհասարակ չանդրադառնալ Փաշինյանի ելույթներին։ «Պարզ է, որ նա ուզելու է անընդհատ ինչ-որ բան ասել։ Խնդիրն այն է, թե քանի մարդ է նրան հավատում։ Ինչքան շատ են հավատում, այնքան ավելի հիմար վիճակում է հայտնվում երկիրը։ Թող նրա մասին միայն ՀԺ-ն ու Հանրային հեռուստատեսությունը խոսեն»,- ասում է քաղտեխնոլոգը։

«Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը կարելի է ձեւակերպել այսպես. «Եթե մենք առյուծին չենք ուտում, ուրեմն նա էլ մեզ չի ուտի»։ Բայց իրականությունն այն է, որ առյուծը չի դադարում լինել գիշատիչ՝ միայն այն պատճառով, որ դու որոշել ես լինել խաղաղասեր»,- դիպուկ մեկնաբանում է վարչապետին ՖԲ օգտատեր Արման Մարտիրոսյանը։