«Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի (առավել հայտնի է իբրեւ ԱՆԻՖ) մոսկովյան ներկայացուցչությունը 2020-2024 թթ. ընթացքում 2,7 մլրդ դրամի հատկացում է ստացել ԱՆԻՖ-ից, սակայն վերջինիս ներկա ղեկավարությունը չունի որեւէ տվյալ մասնաճյուղի կողմից իրականացված ծրագրերի մասին: ԱՆԻՖ-ում տեղյակ են միայն մի ծրագրից, որն անավարտ է մնացել:
Ներկա փոխարժեքով 2,7 մլրդ դրամը հավասար է 6,9 մլն դոլարի: Հարց է ծագում. ինչու՞ է պետական ընկերությունը նման հսկայածավալ միջոցներ ուղղել իր մոսկովյան մասնաճյուղին, որը, ինչպես կարող ենք եզրակացնել ԱՆԻՖ-ի այսօրվա ղեկավարության տրամադրած ինֆորմացիայից, անպիտան կառույց է եղել:
Այդուհանդերձ, ԱՆԻՖ-ի նախկին փոխտնօրեն, ինչպես նաեւ Մոսկվայի ներկայացուցչության ղեկավար Սերգեյ Գրիգորյանը պնդում է, որ պետական ընկերության ներկա ղեկավարության տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, քանի որ մասնաճյուղը տարբեր ծրագրերում էր ներգրավված ու արդյունք է ցույց տվել: Նա նաեւ նշում է, որ ԱՆԻՖ-ը «ռեյդերային զավթման» արդյունքում քանդել են «ոչ պրոֆեսիոնալ եւ ոչ կոմպետենտ» անձինք:
Նիկոլ Փաշինյանի կառավարության ստեղծած ԱՆԻՖ-ը պետական գրանցում է ստացել 2019-ի մայիսին: Հիմնադրումից մինչեւ 2023-ի նոյեմբեր դրա տնօրենների խորհրդի նախագահը Տիգրան Ավինյանն էր, որը 2018-2021 թթ. նաեւ ՀՀ փոխվարչապետն էր, իսկ 2022-2023 թթ.՝ Երեւանի փոխքաղաքապետը:
Ավինյանի օրոք՝ 2019-2024 թթ., ԱՆԻՖ-ի գործադիր տնօրենը եղել է Դավիթ Փափազյանը, որը պաշտոնից ազատվել է 2024-ի հունվարին տնօրենների նոր խորհրդի կողմից:
Ընկերության ստեղծումից ընդամենը 5 տարի անց՝ 2024 թ. գարնանը, Փաշինյանի կառավարությունը որոշեց ԱՆԻՖ-ի գործունեության դադարեցման գործընթաց սկսել: Այսօր ԱՆԻՖ-ը դեռ կա, գործում է, բայց դրա անփառունակ վախճանը սարերի հետեւում չէ:
2024-ի օգոստոսին գործադիրը որոշել է, որ մի քանի բաժնետիրական ընկերություններում ԱՆԻՖ-ի ունեցած բաժնետոմսերն ու հողամասերը որպես նվիրատվություն ընդունելուց հետո այն պետք է լուծարել:
Ընկերությունում այս պահին ընդամենը 3 հոգի է աշխատում՝ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը, ավագ հաշվապահն ու իրավախորհրդատուն, որին 2024-ի դեկտեմբերին աշխատանքի են ընդունել կոնկրետ նպատակով՝ նախկին տնօրեն Փափազյանի հետ դատական վեճի շրջանակներում վերաքննիչ բողոք ներկայացնելու եւ ԱՆԻՖ-ի շահերը պաշտպանելու համար:
Հիշեցնենք, որ Դ. Փափազյանը դատարանում վիճարկել էր 2024 թ. հունվարին ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի կողմից իրեն պաշտոնից ազատելու մասին որոշումը, եւ առաջին ատյանի դատարանում նույն տարվա աշնանը հաղթել էր, սակայն ընկերությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել:
Չմոռանանք նաեւ, որ ԱՆԻՖ-ը հայտնվել է կոռուպցիոն սկանդալի մեջ: Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի առանցքում ծառայողական լիազորությունները չարաշահելու եւ վստահված գույքը հափշտակելու հոդվածներն են. նշվածները համարվում են կոռուպցիոն հանցագործություններ:
Քրեական վարույթի շրջանակներում մեղադրյալներ մինչ օրս չկան, սակայն վարչապետը հունվարի 31-ի իր ասուլիսում ԱՆԻՖ-ին տվեց այսպիսի գնահատական. «Գնահատում եմ ձախողում, գնահատում եմ խայտառակություն, գնահատում եմ շատ վատ: Ու՞մ ա պետք դատել, պետք ա դատե՞լ, թե՞ պետք չի դատել. ես կարող եմ կարծիք ունենալ, բայց իմ կարծիքը դե յուրե այս դեպքում իրավական ուժ չի կարող ունենալ: Ես դա համարում եմ նաեւ վստահության անթույլատրելի չարաշահում: Անթույլատրելի, խայտառակություն… ինչ բառ ուզեք ասեք, ես համաձայն կլինեմ էդ բառերի հետ»:
Իսկ հարցին, թե արդյոք պետք է այս ամենն ունենա քաղաքական հետեւանքներ (ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Ավինյանն այսօր Երեւանի քաղաքապետն է ու Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ) վարչապետն արձագանքել է. «Նախ պիտի պարզենք, թե ինչ ա եղել, դրա հաշվապահությունն էլ պիտի պարզվի… Ցանկացած բիզնես գործունեություն ռիսկի էլեմենտ ունի: Բայց մյուս կողմից՝ կան բաժնեմասեր, որոնք պետական սեփականություն են: Ուրիշ խնդիր ա, թե էդ ընկերությունների վիճակը ոնց ա, ինչքանով են ճիշտ կառավարվել, ինչքանով են արդյունավետ կառավարվել: Սա ավելի շատ խորը վերլուծության անհրաժեշտություն ունի, եւ իրավապահները պետք ա դրանով զբաղվեն: Բայց եթե քաղաքական գնահատականի մասին ա, ես ասում եմ էդ գնահատականը՝ դա ձախողում ա եւ խայտառակություն… Էստեղ մի նյուանս էլ կա, որովհետեւ էս թեմայով քննարկումներ լինում են, եւ էնպես չի, որ կոնսենսուս կա: Կան ձայներ, որ ասում են, որ իրադրության գնահատականը ճիշտ չի: Չեմ ուզում մեղք անել… Կան բաժնեմասեր եւ այլն, եւ այլն, դրանց գնահատականը պետք ա տալ, կան հաջողված բիզնես օրինակներ, որոնք էսօր էլ գործում են եւ այլն»:
Եթե հիմնվենք ԱՆԻՖ-ի ներկա ղեկավարության փոխանցած տվյալների վրա, ապա մոսկովյան ներկայացուցչության ստացած միլիարդավոր դրամներն ու դրա դիմաց գրանցած 0 արդյունքը թույլ են տալիս այն տեղավորել ոչ թե հաջողված օրինակների, այլ Փաշինյանի ասած խայտառակության ու ձախողման շրջանակներում: Սակայն ներկայացուցչության ղեկավար Սերգեյ Գրիգորյանը պնդում է, որ իր ղեկավարած մասնաճյուղի աշխատակիցները ներգրավված են եղել մի շարք ծրագրերում, որոնք հաջող ընթացք են ունեցել: Դրանց կանդրադառնանք ստորեւ:
ԱՆԻՖ-ի 3 մասնաճյուղերը փաստացի փակ են
«Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն ունեցել է օտարերկրյա 3 ներկայացուցչություն՝ Աբու Դաբիում, Մոսկվայում եւ Փարիզում: Ինչպես տեղեկացել ենք ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Մկրտումյանից, որն այդ պաշտոնում է 2024-ի հուլիսից, նշվածներից ոչ մեկն այսօր փաստացի չի գործում:
Փարիզի ներկայացուցչությունը փակված է (ըստ ֆրանսիական պաշտոնական տեղեկագրի՝ դրա գործունեությունը դադարեցվել է 2023-ի օգոստոսի 31-ին), իսկ Մոսկվայի ներկայացուցչության ու Աբու Դաբիում գրանցված ANIV SPV ընկերության փակման/լուծարման ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում:
Մոսկվայի մասնաճյուղի ղեկավար էր նշանակվել ԱՆԻՖ-ի փոխտնօրենը. վերջինս խնդիր չի տեսնում, ՊՎԾ-ն տեսնում է
Մոսկվայի ներկայացուցչությունը ՌԴ պետական գրանցում է ստացել 2019-ի դեկտեմբերի 17-ին: Դրա ղեկավարը եղել է Սերգեյ Արմենակի Գրիգորյանը, որը միաժամանակ (2019-ի հուլիսից) ԱՆԻՖ-ի փոխտնօրենն էր՝ Դավիթ Փափազյանի տեղակալը:
Մասնագիտությամբ տնտեսագետ Գրիգորյանը մինչեւ ԱՆԻՖ-ում տեղավորվելը՝ 2009-2019 թթ., եղել է «Արդշինբանկի» խորհրդի նախագահ, բանկի շահառու սեփականատեր Կարեն Սաֆարյանի խորհրդականը: Նկատենք, որ Սաֆարյանի գործընկերներից է եղել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որը 2011-2018 թթ. «Արդշինբանկի» վարչության նախագահն էր: Ս. Գրիգորյանը նաեւ տարբեր պաշտոններ է զբաղեցրել ռուսական կազմակերպություններում ու ընկերություններում, մասնավորապես՝ 2007-2018 թթ. եղել է Ռուսաստանյան բանկերի ասոցիացիայի (ՌԲԱ) գործադիր փոխնախագահը, իսկ ՌԲԱ-ի նախագահը Գարեգին Տոսունյանն է, որը նաեւ «Արդշինբանկի» խորհրդի անդամ է: 2014-ին Սերգեյ Գրիգորյանը դարձել է ռուսական «Յունիստրիմ» բանկի տնօրենների խորհրդի անդամ (բանկի շահառու տերերն են Գեորգի Պիսկովն ու Գագիկ Զաքարյանը): |
Պետական վերահսկողական ծառայությունը (ՊՎԾ), որի իրականացրած ուսումնասիրության հիման վրա քրեական վարույթ է սկսվել ՔԿ-ում, 2023-ին մի շարք բացահայտումներ էր արել ԱՆԻՖ-ում: ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնել էր, որ պետական ընկերությունում եղել են մասնագետներ, այդ թվում՝ բարձրագույն կառավարման մարմնում, որոնք իրենց լիազորություններն իրականացրել են միաժամանակ թե՛ կենտրոնական ապարատում, թե՛ ներկայացուցչություններից մեկում կամ երկուսում։ Պետրոսյանի այս հայտարարության հասցեատերերից մեկը, թերեւս, հենց Սերգեյ Գրիգորյանն է:
Վերջինս «Հետքի» գրավոր հարցերից հետո ուղարկել է 20 էջից բաղկացած պատասխան: Ըստ ԱՆԻՖ-ի նախկին փոխտնօրենի՝ գլխամասում աշխատելու եւ միաժամանակ ներկայացուցչության ղեկավար լինելու մասով օրենսդրական որեւէ արգելք չկա, ավելին՝ նման համատեղումներն ընդունված են միջազգային բիզնես պրակտիկայում: «Ցավոք, օրենսդրական առումով հնարավոր չէ դատարան բողաքարկել ՊՎԾ ակտը, եթե լիներ նման հնարավորություն, ապա, կարծում եմ, ՊՎԾ ակտը դատարանում չէր կարող դիմանալ մեր ծանրակշիռ հակափաստարկներին»,- մեզ փոխանցել է Ս. Գրիգորյանը:
Փոխտնօրենի պաշտոնում Գրիգորյանի աշխատաժամանակի ռեժիմը պայմանագրով սահմանվել է շաբաթական 40 ժամ, 5-օրյա աշխատանքային շաբաթ, օրական 8 ժամ: 2019-ի դեկտեմբերի վերջին Գրիգորյանի օրական 8 ժամ աշխատաժամանակը դարձել է 6 ժամ, այսինքն՝ շաբաթական 30 ժամ:
Դրանից օրեր անց ԱՆԻՖ-ն ու Գրիգորյանը կնքել են նոր պայմանագիր, որով էլ վերջինս դարձել է Մոսկվայի ներկայացուցչության ղեկավար: Աշխատաժամանակի ռեժիմը սահմանվել է 5-օրյա աշխատանքային շաբաթ, շաբաթական 20 ժամ, այսինքն՝ օրական 4 ժամ:
Երկու պայմանագրերի համադրումը ցույց է տալիս, որ Սերգեյ Գրիգորյանի օրական աշխատաժամանակը եղել է 10 ժամ (6+4), իսկ շաբաթականը՝ 50 ժամ (30+20): Ինչպես ասվեց, ըստ ՀՀ աշխատանքային օրենսգրքի, օրական առավելագույն աշխատաժամանակը 12 ժամն է, իսկ շաբաթական առավելագույնը՝ 48 ժամը, այնինչ Գրիգորյանի դեպքում եղել է 50 ժամ:
Բայց ահա Ս. Գրիգորյանը «Հետքին» փոխանցել է, որ խախտում թույլ չի տվել: «Իմ կամ գործատուի կողմից աշխատանքային օրենսդրության խախտում չի եղել։ Հայաստանում աշխատանքի եմ ընդունվել՝ ՀՀ աշխատանքային օրենսդրության համաձայն, իսկ Ռուսաստանում՝ ՌԴ աշխատանքային օրենսգրքով։ Ըստ այդմ՝ Հայաստանի օրենսդրության խախտման մասին խոսք լինել չի կարող։ Ավելին՝ ինչպես գիտեք, բացի ֆոնդի ներկայացուցչությունից ու գլխամասից, ես ներգրավված եմ եղել նաեւ այլ նախագծերում ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում: Նույնիսկ այս լրացուցիչ գործունեությունը հաշվի առնելով՝ աշխատանքային օրենսդրությունը չի խախտվել ո՛չ իմ կողմից, ո՛չ էլ որեւէ գործատուի կողմից։ Տեղեկատվության համար նշեմ, որ անձամբ ինձ համար բավականին հարմարավետ է օրական 12 եւ 13 ժամ աշխատանքային գործունեություն իրականացնելը»,- հայտնել է ԱՆԻՖ-ի նախկին փոխտնօրենն ու մասնաճյուղի ղեկավարը։
5 տարում մոսկովյան մասնաճյուղը ստացել է 6,9 մլն դոլար
2020-2024 թթ. ԱՆԻՖ-ի բանկային հաշիվներից Մոսկվայի ներկայացուցչությանը փոխանցվել է ընդհանուր 2,7 մլրդ դրամ, ինչը ներկա փոխարժեքով հավասար է 6,9 մլն դոլարի: Այս գումարից 1,6 մլրդ դրամը կամ 6 մլն դոլարը ծախսվել է աշխատավարձերի եւ դրանց հավասարեցված վճարումների համար:
Ըստ տարիների՝ մոսկովյան մասնաճյուղն ունեցել է այսքան աշխատող.
2020 – 15 հոգի
2021 – 12
2022 – 4
2023 – 7
2024 – 7
Պետական ընկերության ներկա ղեկավար Դավիթ Մկրտումյանը «Հետքին» հայտնել է, որ Մոսկվայի ներկայացուցչության տարեկան բյուջեների վերաբերյալ տվյալներ հավաքագրելու ուղղությամբ լրացուցիչ ուսումնասիրություն է կատարվում:
Անդրադառնալով աշխատավարձերին եւ այլ վճարումներին՝ ներկայացուցչության նախկին ղեկավար Սերգեյ Գրիգորյանը նշել է, որ իր մոտ տվյալներ չեն պահպանվել ըստ տարիների մասնաճյուղի բյուջեների վերաբերյալ, հետեւաբար չի կարող հաստատել, որ 6,9 մլն դոլարից 6 մլն-ը ծախսվել է աշխատավարձերի վրա: Այդուհանդերձ, նկատել է. «ԱՆԻՖ-ի ներկայիս ղեկավարությունից Ձեզ հասած որոշ տեղեկություններ, մեղմ ասած, հավաստի չեն։ Սակայն, եթե նույնիսկ ենթադրենք, որ այդ ցուցանիշը ճիշտ է, դրանում սարսափելի ոչինչ չկա։ Իր գործունեության գագաթնակետին ներկայացուցչությունում աշխատում էր 13-15 մարդ։ Եթե Ձեր նշած բյուջեն վերածեք ամսական մեկ աշխատակցի միջին աշխատավարձի, ապա նման մակարդակի մասնագետների համար բարձր աշխատավարձ չէ ո՛չ Մոսկվայում, ո՛չ Երեւանում եւ, ամենայն հավանականությամբ, աշխարհի որեւէ այլ քաղաքում»։
Գրիգորյանը բարձր գնահատական է տվել թե՛ իր ղեկավարած մասնաճյուղի, թե՛ կենտրոնական ապարատի նախկին աշխատողներին: «Թե՛ Մոսկվայի գրասենյակի, թե՛ գլխամասի կարեւորագույն նվաճումն եմ համարում արտակարգ թիմի ներգրավումը եւ կազմավորումը, ինչը հանդիսացել է ԱՆԻՖ-ի ռազմավարական նպատակներից մեկը՝ ստեղծել գերորակյալ մասնագետների թիմ՝ ՀՀ տնտեսության համար երկարաժամկետ արդյունքներ ապահովելու համար: Ոչ դժվար լրագրողական հետազոտությունը հեշտությամբ կբացահայտի, թե ինչ կարգի եւ որակի մասնագետներ են աշխատել Մոսկվայի ներկայացուցչությունում եւ գլխամասում, ինչպես նաեւ, թե ինչ արդյունքներ են ապահովում այժմ այն մարդիկ, ում ԱՆԻՖ-ից վանեցին «Ախպեր, էդ փողով բա խի տենց բաներ կանեի՞նք մենք» մարդիկ: Ինքս, աննուներ չբացահայտելով, նշեմ, որ ԱՆԻՖ-ի Մոսկվայի ներկայացուցչության եւ գլխամասի նախկին աշխատակիցներից ոմանք հանդիսանում են Հայաստանի եւ Ռուսաստանի հաջողակ խոշոր բիզնեսների հիմնադիրներ եւ կառավարիչներ բազմաթիվ ոլորտներում, ոմանք կառավարում են Ռուսաստանի խոշորագույն դրամական փոխանցումների համակարգերից մեկը, մյուսները ԱՊՀ-ում գործող խոշորագույն վճարահաշվարկային համակարգի ֆինանսներն են կառավարում, ուրիշները ստեղծում եւ կառավարում են մի քանի հարյուր միլիոն դոլարանոց միջազգային ներդրումային ֆոնդեր կամ դուրս են բերում իրենց կառավարած ընկերությունը աշխարհի 50 լավագույն ընկերությունների ցուցակ իրենց մասնագիտական ոլորտում: Բայց դե՝ «Չէ, ախպեր, մեզ տենց մարդիկ պետք չեն, էն էլ էդ փողերով, էդ փողերով մենք էլ կանենք»: Խնդիրը նրանում է, որ չեն անում ոչինչ եւ միայն քննադատում անողներին, այդ թվում՝ որ անողների ֆոնին իրենք տկար չերեւան»,- հայտարարել է ԱՆԻՖ-ի նախկին փոխտնօրենն ու մոսկովյան մասնաճյուղի ղեկավարը:
Ի դեպ, «Հետքը» նախկինում գրել է, մասնավորապես, ԱՆԻՖ-ի անվտանգության բաժնում աշխատած մարդկանց մասին: Պարզվել է, որ նրանք իրավապահ ոլորտի ծառայողների հարազատներ են:
2024-ի փետրվարի 16-ին ԱՆԻՖ-ի տնօրենի այն ժամանակվա պաշտոնակատար Տիգրան Ղազարյանը (նա հունվարին փոխարինել էր Դավիթ Փափազյանին) Մոսկվայի ներկայացուցչության ղեկավար Սերգեյ Գրիգորյանին հրամայել է նույն օրվանից լուծել 7 աշխատակիցների պայմանագրերը եւ կատարել վերջնահաշվարկ: Այս հրամանից տեղեկանում ենք, որ պայմանագրերը կնքված են եղել դոլարով, սակայն Ղազարյանը կարգադրել է, անկախ այդ հանգամանքից, վճարումները կատարել ռուբլով: Ըստ այդմ՝ վերջնահաշվարկը պետք է ներառեր աշխատավարձը, դրան հավասարեցված վճարումները, ինչպես նաեւ փոխհատուցում՝ միջին ամսական աշխատավարձի եռապատիկի չափով:
Գրիգորյանի ու մյուս 6 աշխատողների՝ վերջնահաշվարկով նախատեսված ծախսերը կատարելու համար ԱՆԻՖ-ից մոսկովյան մասնաճյուղին է փոխանցվել 13,4 մլն ռուբլի: Ղազարյանը հրամայել է նաեւ վերջնահաշվարկի կատարումից հետո ներկայացուցչության բանկային մնացորդը փոխանցել ԱՆԻՖ-ի հաշվեհամարին:
Այդուհանդերձ, չնայած բոլոր աշխատողների, այդ թվում՝ մասնաճյուղի ղեկավարի ազատմանը՝ Մոսկվայի ներկայացուցչությունը ֆորմալ առումով մինչ օրս կա, Գրիգորյանն էլ թղթի վրա մնում է դրա ղեկավար:
Վերջինս դժգոհ է այս հանգամանքից, ինչը փոխանցել է նաեւ «Հետքին». «ԱՆԻՖ-ի ղեկավարությունը մինչեւ օրս չի բարեհաճում կամ չի կարողանում ինձ պաշտոնապես հանել ղեկավարի պաշտոնից ՌԴ հարկային մարմնում, չնայած արդեն մեկ տարուց ավել է, ինչ իմ աշխատանքային պայմանագիրը լուծված է, իսկ ես բազմիցս գրել եմ պաշտոնապես ղեկավարի պաշտոնից ինձ հանելու անհրաժեշտության մասին»:
Որտեղ եւ ումից է տարածք վարձակալել ԱՆԻՖ-ի մոսկովյան մասնաճյուղը
Ինչպես ասվեց, ԱՆԻՖ-ի մոսկովյան ներկայացուցչությունը պաշտոնապես դեռեւս փակված/լուծարված չէ: Ընդ որում՝ ըստ ռուսական տեղեկատուների, 2019-ին գրանցվելիս դրա գործունեության հիմնական տեսակ է նշվել գովազդային գործակալությունների գործունեությունը:
Մասնաճյուղը գրանցվել է Մոսկվայի Օստոժենկա 37/7, շինություն 2 հասցեում: Սա պատմական շենք է, որը կառուցվել է 1901 թ.: Դրա հարեւանությամբ՝ Օստոժենկա 37/7, շինություն 1 հասցեում է գտնվում ռուս հայտնի գրող Իվան Տուրգենեւի տուն-թանգարանը: Չնայած 2-րդ շինությունը կառուցվել է գրողի մահից հետո եւ նախատեսված է եղել որպես պահեստ ու աճուրդի տուն օգտագործելու համար, այն եղել է ընդհանուր կալվածքի մի մաս: 2007 թ. Մոսկվայի իշխանությունները նախկին կալվածքը հանձնել են Պուշկինի պետական թանգարանին՝ տեղում Տուրգենեւի թանգարան հիմնելու համար: Թանգարանը բացվել է 2009 թ. եւ համարվում է Պուշկինի պետթանգարանի մասնաճյուղ:
Տուրգենեւի թանգարանի այլեւս չգործող կայքում 2019 թ. տեղադրվել էր հայտարարություն Օստոժենկա 37/7, շինություն 2 հասցեում սեփականատիրոջ անունից երկարաժամկետ վարձակալությամբ տարածք հանձնելու մասին: Նշվում էր, որ վարձակալության նվազագույնը մակերեսը 74 քմ է (ամբողջ հարկը): Նկատենք, որ 2-րդ շինությունը աղյուսե քառահարկ շենք է, որն ունի նաեւ նկուղ ու ձեռնահարկ:
ԱՆԻՖ-ի մոսկովյան մասնաճյուղը զբաղեցրել է այս շենքի 4-րդ հարկն ամբողջությամբ (76,5 քմ): Տնօրենի պաշտոնակատար Դավիթ Մկրտումյանը «Հետքին» փոխանցել է, որ վարձակալության պայմանագիրը կնքվել է 2020-ի օգոստոսին 11 ամսով, ամսական վարձավճարը՝ 220.000 ռուբլի (ներառյալ ԱԱՀ-ն):
Մկրտումյանի տեղեկացմամբ՝ պայմանագիրը կնքվել է «Ռատմիր-ԱԴՍ» բաժնետիրական ընկերության (АО “Ратмир-АДС”) հետ, որն զբաղվում է սեփական ու վարձակալված անշարժ գույքի կառավարմամբ եւ վարձակալության տալով: Այս ընկերության սեփականատերերի թվում են ռուսաստանցի հայ գործարար Արամ Եկավյանն ու նրան պատկանող «Մանոլիում-Պրոցեսինգ» ՍՊԸ-ն: Ըստ ռուսական մամուլի հրապարակումների՝ օրենբուրգցի Եկավյանը 1990-2000-ական թթ. ներգրավված է եղել ՌԴ նավթագազային ոլորտում, իսկ 2017-ին պարզվել է, որ նա դարձել է Ռուսաստանում աղի խոշորագույն արտադրող «Ռուսսոլ» ՍՊԸ-ի շահառու (բենեֆիցիար) բաժնետեր: Եկավյանին առնչվող ռուսական ընկերությունները կարելի է տեսնել այստեղ:
Ըստ էության, Եկավյանի «Ռատմիր-ԱԴՍ» ընկերությունը ԱՆԻՖ-ի մոսկովյան մասնաճյուղի վարձակալած անշարժ գույքի կառավարիչն է եղել:
Ըստ Գրիգորյանի՝ ԱՆԻՖ-ից հետո տարածքը վարձակալել է իր ընկերությունը, ինչից ԱՆԻՖ-ը շահել է
Հատկանշական է, որ ԱՆԻՖ-ի ներկա ղեկավարությունը մանրամասներ չգիտի 2020-ի օգոստոսին 11 ամսով կնքված վարձակալության պայմանագրի հետագա ընթացքի մասին: «Պայմանագրի ժամկետի երկարաձգման կամ փոփոխությունների, ինչպես նաեւ խզման հիմքերի ձեռքբերման ուղղությամբ իրականացվում են լրացուցիչ աշխատանքներ»,- «Հետքին» փոխանցել են ԱՆԻՖ-ից:
Իսկ ահա Սերգեյ Գրիգորյանը մեզ որոշ մանրամասներ է ներկայացրել: «2022 թ. ռուս-ուկրաինական հակամարտության պատճառով ԱՆԻՖ-ի տնօրենների խորհուրդը որոշեց կրճատել Մոսկվայի ներկայացուցչության գործունեությունը, ինչպես նաեւ հրաժարվել վարձակալած տարածքից։ Ներկայացուցչության որոշ աշխատակիցներ տեղափոխվեցին Երեւան, եւ նրանց աշխատանքային պայմանագրերը վերագրանցվեցին մայր կազմակերպությունում։ Մոսկվայում մնացած աշխատակիցները հիմնականում անցան հեռավար աշխատանքի: Մոսկվայում ԱՆԻՖ-ի ներկայացուցչության եւ վաձատուի միջեւ պայմանագիրը լուծվեց։ Ֆոնդը դադարեց վարձ վճարել: Ներկայացուցչությանը պատկանող գույքի մեծ մասը (բացառությամբ մնացած աշխատողների նոութբուքների եւ մեկ պահատուփի) տեղափոխվեց Երեւանի գրասենյակ,- հայտնել է Գրիգորյանն ու հավելել,- քանի որ ԱՆԻՖ-ի կողմից նախկինում վարձակալած տարածքը իմ կողմից վարած բանակցությունների արդյունքում վարձակալվել էր շատ գրավիչ գնով, ես որոշեցի ինձ հետ առնչվող ընկերությունները տեղափոխել նշված հասցե»։
«Հետքը» պարզել է, որ 2022-ի ամռանը Ս. Գրիգորյանի հետ կապ ունեցող ռուսական ընկերություններից երկուսը տեղափոխվել են այս հասցե՝ Օստոժենկա 37/7-ի 2-րդ շինության 4-րդ հարկ:
Գրիգորյանը գլխավոր տնօրեն է մոսկովյան «Եվաբետա» բաժնետիրական ընկերությունում (АО “Евабета”), որն զբաղվում է ֆինանսների, ակտիվների կառավարման ու ռիսկերի գնահատման ոլորտում ՏՏ ծառայությունների մատուցմամբ: Այս անունով ընկերություններ կան Իտալիայում, Մեծ Բրիտանիայում, Ռուսաստանում, նախկինում՝ նաեւ Հայաստանում: Սրանց հիմնադիրը իտալացի է: Ռուսական «Եվաբետան» 2022-ի օգոստոսին մոսկովյան մեկ այլ հասցեից տեղափոխվել է Օստոժենկա 37/7-ի 2-րդ շինության 4-րդ հարկ:
Օրեր անց այդ նույն հասցեից Օստոժենկա է տեղափոխել «Եվատեկ» ՍՊԸ-ն (ООО “Еватек”): «Եվաբետան» ու «Եվատեկը» փոխկապակցված են: «Եվատեկ» (նախկինում՝ «Էվամիլյա») անունով ընկերություններ կան Կանադայում, Ռուսաստանում եւ Հայաստանում: Ռուսական «Եվատեկի» սեփականատերերն են Պարույր Հակոբյանը (50 %, նաեւ հայաստանյան «Եվատեկ» ՍՊԸ-ի սեփականատերն է), Սերգեյ Գրիգորյանն (25 %) ու Վալերիա Գրիգորյանը (25 %): «Եվատեկի» գործունեության հիմնական տեսակը ֆինանսական միջնորդության հարցերով խորհրդատվությունն է:
ԱՆԻՖ-ից հետո տարածքը վարձակալել ու վարձը վճարել է «Եվաբետա» ընկերությունը: Ըստ Գրիգորյանի՝ ԱՆԻՖ-ի գլխամասում ոչ միայն տեղյակ են եղել սրանից, այլեւ մոսկովյան գրասենյակում մնացած աշխատակիցներն անհրաժեշտության դեպքում հնարավորություն են ունեցել շարունակել օգտվել այդ տարածքից. «Ե՛վ հիմնադրամը (նկատի ունի ԱՆԻՖ-ը – հեղ.), ե՛ւ նրա աշխատակիցները միայն օգուտ քաղեցին իմ գործողություններից, քանի որ վարձավճարն այլեւս չէր վճարվում, սակայն տարածքը դեռ կարող էր օգտագործվել, թեեւ ժամանակային սահմանափակումներով»:
Ըստ Սերգեյ Գրիգորյանի՝ ԱՆԻՖ-ը մինչ օրս օգուտ է քաղում այն հանգամանքից, որ իր տնօրինած ընկերություննը շարունակում է վարձակալել տարածքը, քանի որ «մեր թիմին (նկատի ունի 2024-ի հունվարին պաշտոնից ազատված նախկին տնօրեն Դավիթ Փափազյանի թիմը – հեղ.) ԱՆԻՖ-ից վանելուց հետո ներկա ղեկավարությունն արդեն գրեթե մեկ տարի չի հոգում ԱՆԻՖ-ի գույքի պահպանման համար (խոսքը 5 համակարգիչների եւ մեկ սեյֆի մասին է): Այդ մասին 6 ամիս առաջ գրել եմ թե՛ ԱՆԻՖ-ի ներկայիս ղեկավարությանը (նշեմ, որ խուսափում էին նամակը ստանալուց), թե՛ ՌԴ-ում ՀՀ դեսպանին, թե՛ Պետգույքի կոմիտեի ղեկավարին, սակայն գույքը մինչ օրս անտեր է թողնված ԱՆԻՖ-ի ներկա ղեկավարների կողմից եւ գտնվում է իմ տնօրինած ընկերության կողմից վարձակալած տարածքում»:
«Իմ տուն» ծրագիրը մնացել է թղթի վրա. Գրիգորյանը սլաքներն ուղղում է դեպի նոր ղեկավարություն
ԱՆԻՖ-ի տնօրենի պաշտոնակատար Դավիթ Մկրտումյանի փոխանցմամբ՝ ըստ առկա ինֆորմացիայի, Մոսկվայի ներկայացուցչությունն իրականացրել է «Իմ տուն» ծրագիրը, սակայն այն վերջնարդյունքին չի հասել՝ չի իրագործվել: Մկրտումյանը մեզ տրամադրել է ծրագրի մասին ԱՆԻՖ-ի 2021 թ. սահիկաշարը, որը վերնագրված է «Հայաստանի բնակարանային ֆոնդի վերականգնման նպատակով ստանդարտացված մոդուլային բնակելի տների հայեցակարգ»: Այսինքն՝ ԱՆԻՖ-ը ծրագրել էր մոդուլային բնակելի տներ կառուցել Հայաստանի տարածքում:
Հայեցակարգում նշվել է, որ Հայաստանի լեռնային լանդշաֆտը ձեւավորում է ավանդական բնակավայրեր, որոնք համապատասխան են ռելիեֆին եւ ունեն առանձնահատկություններ՝ ուղղանկյունաձեւ տեսք, հարթ տանիք, քարե պատեր՝ ավանդաբար կիրառվող վարդագույն տուֆից: Նշվել է նաեւ, որ ժամանակակից ճարտարապետության ազգային դպրոցն էլ առանձնանում է կառույցների հուշարձանային տեսքով, տուֆի կիրառմամբ, ռելիեֆի հետ աշխատանքով: Համադրելով ավանդական տեսքը, ժամանակակից ճարտարապետությունն ու տեղական հումքը՝ ԱՆԻՖ-ն առաջարկել է մոդուլային տների մի քանի տարբերակ, որոնց երեսպատումը պետք է կատարվեր տուֆով, հավաքվեր փայտե կարկաս, տեղադրվեին փայտե պատուհաններ, լինեին դեկորատիվ պատշգամբներ եւ այլն: Որպես փայտե կարկասի տեխնոլոգիայի առավելություն նշվել են տեղադրման պարզությունն ու արագությունը, ծանր տեխնիկայի կարիքի բացակությունը, դժվարամատչելի լեռնային շրջաններին հարմար լինելը, սեյսմակայունությունը, ցածր գինը, էկոլոգիապես մաքուր հումքն ու վերականգնվող ռեսուրսը: Առաջարկվել են 2, 4 եւ 6 հոգու համար նախատեսված տներ, որոնցից առաջին երկուսը՝ հորիզոնական կամ ուղղահայաց (հարկ ավելացնելով) ընդլայնելու հնարավորությամբ (մինչեւ 6 հոգու համար): Բացի դրանից՝ դիտարկվել է մի քանի տուն իրար կից կառուցելու միջոցով հասարակական բնակավայր ձեւավորելու հնարավորությունը: Նախատեսվել էր, որ տների կարկասն ու փայտանյութը պետք է ներկրվեին Ռուսաստանից:
Բայց, ինչպես ասվեց, «Իմ տուն» ծրագիրն այդպես էլ չի իրագործվել ու մնացել է թղթի վրա: «Ինչու՞» հարցի պատասխանը փորձել ենք ստանալ մոսկովյան մասնաճյուղի ղեկավար Սերգեյ Գրիգորյանից:
Նա «Հետքին» պատմել է, որ ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանի առաջարկությամբ 2019-2020 թթ. նախագիծը ներկայացվել է ՀՀ անվտանգության խորհրդում, քանի որ անհրաժեշտ էր շփման գծի որոշ հատվածներում արագ կառուցել բնակարաններ, եւ ավելի քան 2000 զինվորականի բնակարանով ապահովելու պարտավորություն կար: Նախապես ծրագրվել էր 30 պիլոտային տուն կառուցել, բայց 2020 թ. պատերազմը փոխել է ԱԽ-ի առաջնահերթությունները, ինչից հետո «Իմ տուն» ծրագիրը ստացել է կոմերցիոն բնույթ։ Այն պիտի կյանքի կոչվեր մի քանի ուղղություններով՝ ARFI քրաուդֆանդինգի հարթակով, ուղղակի կոմերցիոն վաճառքներով, «Այգ-1» արեւային էլեկտրակայանի աշխատողների համար 50 տուն կառուցելով:
«2023 թ. երկրորդ կեսին առանձին թիմ էր կազմվել, որը պիտի պրակտիկ առումով կյանքի կոչեր նախագիծը: Իսկ 2024 թ. սկզբին ԱՆԻՖ-ի նոր «տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը» որոշ ժամանակ ասում էր մասնագիտացված թիմի ղեկավարին, որ այդ ծրագիրը կարեւոր է, եւ իրենց թիմն այն կշարունակի իրականացնել, իսկ հետո անհասկանալիորեն սկսեց պնդել, որ ծրագրի պատասխանատուն դիմում գրի եւ հեռանա,- «Հետքին» հայտնել է Ս. Գրիգորյանը՝ նկատի ունենալով ԱՆԻՖ-ի պաշտոնանկ արված տնօրեն Դավիթ Փափազյանին փոխարինած Տիգրան Ղազարյանին,- կարեւոր եմ համարում նշել, որ նորանշանակ «տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը» ԱՆԻՖ-ի աշխատակից էր եղել, ով նախկինում ԱՆԻՖ-ում կատարում էր տնտեսվարի գործառույթներ, եւ ում՝ իր գործունեությունն ավելի արդյունավետ դարձնելու բազմաթիվ եւ ցավոտ անհաջող փորձերից հետո ես առաջարկել եմ դիմում գրել, քանի որ նա չէր ապահովում մյուս աշխատակիցների տարրական կարիքները, օրինակ՝ ժամանակին չէր ապահովում տպիչների թանաքը, եւ աշխատակիցներն անընդմեջ բողոքում էին ինձ այս եւ մի շարք ուրիշ հարցերով»:
Փաստենք՝ ԱՆԻՖ-ի տնօրենների նոր խորհուրդը, որը նախագահում էր էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը (Տիգրան Ավինյանն այդ պաշտոնից ազատվել էր 2023-ի նոյեմբերին), 2024-ի հունվարին Դ. Փափազյանին պաշտոնանկ անելուց հետո պաշտոնակատար էր նշանակել ոչ թե նրա տեղակալ Ս. Գրիգորյանին, այլ ԱՆԻՖ-ի աշխատակից Տ. Ղազարյանին: Գրիգորյանի ու նրա նոր վերադաս Ղազարյանի ջրերը մի առվով չեն հոսել:
«Արդյո՞ք նման կոմպետենցիաներով թեկնածուն կարող էր անգամ ժամանակավոր կառավարել ԱՆԻՖ-ի պես ինստիտուտը կամ վարել բանակցություններ օտարերկրյա ներդրողների հետ,- «Հետքին» ուղղված նամակում Ղազարյանի մասին հռետորական հարցադրում է արել Ս. Գրիգորյանը,- թե ինչ մոտիվներով են առաջնորդվել նման թեկնածու առաջարկողները, որեւէ տրամաբանական բացատրության չի ենթարկվում: Հավելեմ, որ ես 2024 թ. հունվարի սկզբին գրավոր տեղեկացրել եմ Կառավարության որոշ անդամների, որ ԱՆԻՖ-ի ռեյդերային զավթման արդյունքում ինստիտուտը վախճանվելու է: Կոչ եմ արել եւ խնդրել եմ թույլ չտալ ոչ կոմպետենտ մարդկանց քանդել ահռելի ջանքերով ստեղծված եւ կարճ ժամանակում արդյունքների հասած կառույցը եւ նրա նախագծերը: Սակայն ինստիտուտը քանդեցին՝ մատի փաթաթան դարձնելով չար լեզուների համար»:
Ի՞նչ ծրագրեր է իրականացրել մոսկովյան մասնաճյուղը
ԱՆԻՖ-ի տնօրենի ներկա պաշտոնակատար Դավիթ Մկրտումյանը «Հետքին» փոխանցել է, որ «Իմ տուն» ծրագրից բացի՝ Մոսկվայի գրասենյակի կողմից իրականացված հնարավոր այլ ծրագրերի վերաբերյալ իրականացվում է լրացուցիչ ուսումնասիրություն:
«Այն տեղեկատվությունը որ, Մոսկվայի ներկայացուցչությունը միայն «Իմ տուն» ծրագիրն է իրականացրել, չի համապատասխանում իրականությանը»,- իր հերթին նշել է Սերգեյ Գրիգորյանը՝ հավելելով, որ Մոսկվայի թիմը լիարժեք մասնակցել է ԱՆԻՖ-ի ընդհանուր արդյունքների ապահովմանը, բացի դրանից՝ իրականացրել է մի շարք այլ ծրագրեր:
Ընդհանուր արդյունքների թվում ԱՆԻՖ-ի նախկին փոխտնօրենը հիշատակել է հայ-արաբական «Մասդար Արմենիա» («Այգ-1» արեւային էլեկտրակայան) ու «Հայկական ազգային ավիաուղիներ» («Ֆլայ Արնա» ավիաընկերություն) ընկերությունների հիմնումը, «ԱՌՖԻ» ներդրումային ընկերության (ARFI քրաուդֆանդինգի հարթակ), «Հարավային տերմինալ» (մաքսային պահեստ), «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» (ներդրումային ֆոնդ) ընկերությունների ստեղծումը:
Ըստ Ս. Գրիգորյանի՝ մոսկովյան մասնաճյուղն անմիջական մասնակցություն է ունեցել ARFI հարթակի ստեղծմանն ու գործունեությանը: Բացի դրանից՝ ներգրավված է եղել Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող TPQI (Trade Promotion and Quality Infrastructure – Առեւտրի խթանման եւ որակի ենթակառուցվածքներ) ծրագրում: Սրա շրջանակներում ԱՆԻՖ-ը բանակցություններ է վարել ոսկու եւ այլ մետաղների արդյունահանմամբ զբաղվող ռուսական Highland Gold ընկերության հետ, ինչի արդյունքում ռուսական կողմը 2021-ի սեպտեմբերին հայտնել է, որ հետաքրքրված է «Ռոստեխ» պետական կորպորացիայի հետ Ամուլսարի ծրագրում մասնակցություն ունենալով: Ընդ որում՝ այդ ընթացքում՝ 2021-ի հուլիսին, ռուսական կողմը հանդիպել է նաեւ վարչապետ Փաշինյանին, եւ համաձայնություն են ձեռք բերել Ամուլսարի նախագծին միանալու առանցքային գործողությունների ճանապարհային քարտեզի պատրաստման վերաբերյալ: Հիշեցնենք, որ 2023-ի մայիսին ՀՀ կառավարությունը ԱՆԻՖ-ին արգելեց ներդրումներ կատարել մի շարք ոլորտներում, այդ թվում՝ հանքարդյունաբերության մեջ:
Սերգեյ Գրիգորյանի տեղեկացմամբ՝ ԱՆԻՖ-ի ճանաչելիությունը ռուսական շուկայում բարձրացնելու համար մոսկովյան գրասենյակը փորձագիտական PR արշավ էր մեկնարկել, որի շրջանակներում ներկայացուցչության աշխատակիցներն ակտիվորեն մեկնաբանում էին ռուսական մամուլում ակտուալ թեմաները՝ ուշադրություն հրավիրելով ԱՆԻՖ-ի գործունեությանը: Արշավի շրջանակներում, ըստ Գրիգորյանի, ամեն տարի բազմաթիվ հոդվածներ, մամլո հաղորդագրություններ, մեկնաբանություններ ու փորձագիտական սյունակներ են հրապարակվել Մոսկվայի ներկայացուցչության աշխատակիցների կողմից։ Դրանք հիմնականում տպագրվել են մոսկովյան ու տարածաշրջանային լրատվամիջոցներում, ինչպես նաեւ արտերկրյա ռուսալեզու լրատվամիջոցներում՝ Ֆրանսիայում, Լյուքսեմբուրգում, Մոլդովայում, Վրաստանում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Բելառուսում, Ուկրաինայում։ ԱՆԻՖ-ի նախկին փոխտնօրենի տեղեկացմամբ՝ հրապարակումների համար իրենք գումար չեն վճարել:
Մոսկովյան մասնաճյուղի նախկին ղեկավարը հայտնել է նաեւ, որ իրենք աշխատանքներ են տարել՝ ՀՀ տնտեսության մեջ օտարերկրյա ներդրումներ ներգրավելու համար։ Մասնավորապես՝ բանակցություններ են վարվել JP Morgan, Citi, HSBC, Morgan Stanley բանկերի հետ՝ 500 մլն դոլարի եվրոբոնդեր թողարկելու համար։ Այս բանկերից յուրաքանչյուրը ներկայացրել է առաջարկներ՝ պարտատոմսերի թողարկման ճանապարհային քարտեզի մանրամասներով։ Սակայն ծրագիրը չի իրագործվել 44-օրյա պատերազմի հետեւանքով: Մեկ այլ դեպքում Ռուսական ուղղակի ներդրումների ֆոնդի հետ 250 մլն դոլար գումարով պիտի ստեղծվեր ռուս-հայկական ուղղակի ներդրումների համատեղ հիմնադրամ։ Բանակցություններից առաջ ստորագրվել էր համագործակցության հուշագիր: Այս ծրագիրն էլ խափանվել է ռուս-ուկրաինական պատերազմի հետեւանքով:
Ընդ որում՝ 2022-ի մայիսին՝ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ամիսներ անց, Սերգեյ Գրիգորյանը, խոսելով ԱՆԻՖ-ի Մոսկվայի գրասենյակի մասին, հայտարարել էր, որ «բազմապատկվել են այն գործարարների հայտերը, որոնք ուզում են իրենց բիզնեսը տեղափոխել Հայաստան, ինչպես նաեւ նոր բիզնես նախագծեր սկսել այստեղ: Գրավիչ լինելը ռուսաստանյան գործընկերների համար ինքնաբերաբար է եղել՝ աշխարհաքաղաքական փոփոխությունների պատճառով»:
«Հետքին» Գրիգորյանը փոխանցել է, որ իրենց դիմել էին արդյունաբերական, առեւտրային եւ տեխնոլոգիական ընկերություններ, որոնց մոսկովյան մասնաճյուղը օգնել է խորհրդատվությամբ: «Որոշ ընկերություններ հետաքրքրվել են մեր նեդրումային պրոդուկտներով, սակայն պայմանների շուրջ համաձայնության չենք եկել, ոմանց ուղղորդել ենք դեպի ԱՌՖԻ հարթակ: Ընկերությունների անունները, բնականաբար, չեմ կարող հայտնել, քանի որ շատերը որոշել են տեղափոխվել՝ սանկցիաներից խուսափելու համար։ Չափելի արդյունքներից կարող եմ արձանագրել, որ մեր օգնությամբ տեղափոխված ընկերությունները Հայաստանում ստեղծել են ավելի քան 400 նոր աշխատատեղ եւ մեծ հարկեր են վճարել»,- նշել է Ս. Գրիգորյանը:
Հարցերի պատասխանը պետք է տա նախաքննությունը, որ առաջ չի գնում
Երբ 2019-ի ապրիլին Փաշինյանի կառավարությունը որոշում էր կայացնում ԱՆԻՖ-ի ստեղծման մասին, իր քայլը հիմնավորում էր այսպես. ««Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ ստեղծելու նպատակը ՀՀ տնտեսության զարգացման աջակցումն է՝ ներդրումների, այդ թվում՝ օտարերկրյա ներդրումների ներգրավման միջոցով: Ընկերությունը ՀՀ-ում պոտենցիալ խոշոր ներդրողներին լիարժեք եւ համալիր խորհրդատվության եւ աջակցության միջոցով կնպաստի ՀՀ-ում ներդրումային հոսքերի ավելացմանը, ոլորտային ծրագրեր նախաձեռնելու եւ իրագործելու միջոցով Հայաստանի տնտեսության ներուժի զարգացմանը եւ գիտատեխնիկական զարգացման արդյունքների ներդրմանը տնտեսության տարբեր ոլորտներում, ՀՀ-ում գործարար միջավայրի բարելավման եւ գործարար հատվածի համար գործունեության բարենպաստ պայմանների ստեղծման եւ կատարելագործման գործընթացին»:
Սրանից կարճ ժամանակ անց՝ 2022-2023 թթ., Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ու Պետական վերահսկողական ծառայությունը ենթադրյալ չարաշահումներ հայտնաբերեցին ֆոնդում, որոնք առնչվում էին դրա ղեկավար կազմի գործունեությանը: Դրանց հիման վրա էլ Քննչական կոմիտեն քրեական վարույթ նախաձեռնեց: 2023-ին ԱՆԻՖ-ում խնդիրներ գտավ նաեւ Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ). դրանք առնչվել են հաշվետվողականությանը, թափանցիկությանը եւ կորպորատիվ կառավարմանը:
Իր հերթին Սերգեյ Գրիգորյանը խոսում է ՀՀ պաշտոնյաների կողմից ԱՆԻՖ-ի առաջ ստեղծված արհեստական խոչընդոտների մասին:
«Քննադատելով ԱՆԻՖ-ի գործունեությունը՝ թե՛ մամուլը, թե՛ որոշ քաղաքական գործիչներ ընտրում են նեղացած տոնը եւ խոսում են հարկատուների կողմից ԱՆԻՖ-ի վրա իբրեւ թե ապարդյուն ծախսված գումարների մասին, իսկ ինչու՞ այդ դեպքում խոսք չի գնում այն մասին, թե ԱՆԻՖ-ի եւ նրա այն ժամանակվա աշխատակիցների ջանքերի շնորհիվ ինչքան հարկեր են վճարվել պետական բյուջե,- հռետորական հարցնում է Սերգեյ Գրիգորյանն ու հավելում,- մի հարց է մնում անհասկանալի, թե ինչ նպատակ էր հետապնդվում, կամ ինչ արդյունք էր ակնկալվում ստանալ՝ շարունակաբար խոչընդոտելով պետության իսկ կողմից ստեղծված ընկերության՝ ԱՆԻՖ-ի բնականոն գործունեությանը: Թե՛ իմ, թե՛ ԱՆԻՖ-ի նախկին թիմի անդամների համար այս հարցերը հանելուկ են մնացել»:
Իրականում ԱՆԻՖ-ի վերաբերյալ գոյություն ունեցող հարցերի պատասխանները պետք է տա անաչառ, օբյեկտիվ նախաքննությունը՝ հաստատելով այս կամ այն կասկածներն ու պնդումները կամ էլ փարատելով ու հերքելով դրանք: Իսկ ի՞նչ է տեղի ունենում փաստացի: Նախաքննությունը ձգձգվում է, ու դրա վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունների բացակայությունը ենթադրել է տալիս, որ այն դոփում է տեղում: Ավելին՝ ի տարբերություն աղմկահարույց շատ այլ գործերի՝ այս պարագայում մեղադրյալների բացակայությունը հուշում է մի բանի մասին՝ «ձուկը գլխից է հոտել»: Եվ սա այն գործերից է, որի բացահայտումը կախված է գործող իշխանության քաղաքական կամքից, քանի որ սեղանին նաեւ Տիգրան Ավինյանի հարցն է (նախաքննությունը պետք է պարզի ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախկին նախագահի ենթադրյալ մասնակցությունը (կամ դրա բացակայությունը) այս կամ այն չարաշահման, անօրինական գործողությունների մեջ):
Ինչ քաղաքական գնահատական էլ տա Փաշինյանը ԱՆԻՖ-ին, քանի դեռ չկա հստակ իրավական գնահատական, չկան հասարակությանը տեսանելի կոնկրետ գործողություններ, բացահայտումներ (անկախ նրանից, թե ԱՆԻՖ-ը ղեկավարած որ թիմի գործողություններին դրանք կառնչվեն), քաղաքական գնահատականները մնում են ընդամենը օդի տատանումներ եւ թույլ տալիս եզրակացնել, որ պարզապես աչքկապոցի են:
Բաց մի թողեք
Ոստիկաններն ԱԺ-ում տուգանեցին ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանին
Եվրախորհրդարանը բանաձևով Բաքվից պահանջում է ազատ արձակել հայ գերիներին
Հերթական անգամ ինչ է բարբաջել Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը