Փաշինյանի իշխանության «կարկառուն» ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանը հերթական անգամ է «աչքի ընկել», շատ մեղմ ասած, դատապարտելի պահվածքով՝ այս անգամ լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ դրսևորելով վարքագիծ, որը դժվար է որակել քաղաքավարության սահմաններում:
«Փաստ» օրաթերթը գրում է. Մյուս կողմից՝ սա նույնիսկ զարմանալի էլ չէ: Նախ՝ այն, ինչ արել է ՔՊ խմբակցության անդամը, ավելին՝ ԱԺ մշտական հանձնաժողովներից մեկի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, առաջին նմանօրինակ դեպքը չէ: Նշված քպականը պարբերաբար է ագրեսիվ դիրքավորվում լրագրողների նկատմամբ:
Դե, հասկանալի է, խոսքը իշխանական լրագրողների մասին չէ: Երկրորդ՝ նա Փաշինյանի իշխանության միակ ներկայացուցիչը չէ, որ բացահայտ թշնամական ու ագրեսիվ պահվածք կամ վերաբերմունք է դրսևորում լրագրողների նկատմամբ:
Առանց շատ «հեռու» գնալու, կարելի է հիշեցնել թեկուզ ԱԳ նախարարի պաշտոնն զբաղեցնող Արարատ Միրզոյանի՝ վերջերս դրսևորած անհարգալից վարքը: Շարքը շարունակական է, ավելորդ չթվարկենք, բոլորի աչքի առջև է այդ ամենը կատարվում:
Լրագրողների, իսկ մեծ հաշվով՝ նաև հանրության նկատմամբ անհարգալից, ցինիկ, ագրեսիվ պահվածքը այդ կուսակցության, Փաշինյանի գլխավորած իշխանության դեմքն ու նկարագիրն են դարձել: Ու պատահական չէ, որ ոչ մի քպական փորձ անգամ չարեց «թեթևի մեջ» դատապարտել պահվածքը:
Էլ չենք խոսում այն մասին, որ իրեն հարգող որևէ կուսակցություն այդ կերպ իրեն դրսևորած կուսակցականին կհորդորեր վայր դնել պատգամավորական մանդատը: Դե, առնվազն «sms» կուղարկեր կուսակցության ղեկավարը, որը համատեղության կարգով նաև վարչապետ է…
Չեն դատապարտել, ու ոչ միայն այս դեպքում: Ու քանի որ ՔՊ-ն չի դատապարտել իր կարկառուն ներկայացուցչի, ներկայացուցիչների պահվածքը, ուրեմն՝ համաձայն են նրա (նրանց) հետ: Ուրեմն՝ նրանք բոլորը նույնն են:
Ի դեպ, սա էլ զարմանալի չէ. ի վերջո, նույն Նիկոլ Փաշինյանն էլ պարբերաբար աչքի է ընկել վիրավորական արտահայտություններով, ագրեսիվությամբ, ատելության խոսքով…






Բաց մի թողեք
Տարիներ առաջ ո՞վ կարող էր պատկերացնել, որ մենք հասնելու ենք այս վիճակին
Ով է «Ճապ»-ը, կրիմինալ անցյալը, կապը ՔՊ-ական նախկին քաղաքապետուհու հետ
71,8 մլն դրամ լրացուցիչ ֆինանսավորում է եղել Արսեն Թորոսյանի օրոք՝ առանց փաստացի ծառայության․ կոռուպցիայի մաս 7