Ընդունված է ասել, որ քաղաքականության մեջ պատահական զուգադիպություններ չեն լինում: Այս առումով բավական ինտրիգային է, որ ապրիլի 7-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Եվրասիայի մի շարք երկրների՝ Մոսկվայում հավատարմագրված դեսպաններին և ներկայացրել «21-րդ դարի Եվրասիայի բազմազանության խարտիայի», ինչպես ինքն է ձևակերպել՝ «շրջանակային չափորոշիչները»:
Խոսքը Ռուսաստանի գլխավորությամբ եվրասիական տարածքի տնտեսա-քաղաքական և անվտանգային ինտեգրացիայի մասին է, որ հնարավոր է միայն Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի «հպատակեցման» դեպքում:
Հաջորդ օրը՝ ապրիլի 8-ին, ՌԴ ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել, որ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն ընդունել է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Խալափ Խալափովին: Ապրիլի 9-ին Խալափովին ընդունել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ապա Իլհամ Ալիևի հատուկ բանագնացը հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի արտաքին քաղաքական հարցերով օգնական Յուրի Ուշակովին: Վերջինս մարտի 18- ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադում մասնակցել է ամերիկյան պատվիրակության հետ բանակցություններին:
Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցչի մոսկովյան «շրջայցի» ավարտին զուգահեռ՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Բաքվին և Երևանին «զսպվածություն ցուցաբերելու» կոչ է արել:
Ապրիլի 10-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ADA համալսարանում, դա ԱԳՆ նախկին Դիվանագիտական ակադեմիան է, որի ռեկտորը Մեհրիբան Ալիևայի հորեղբայր, երկար տարիներ Դուբնայի միջուկային ֆիզիկայի ինստիտուտում ծառայած Հաֆիզ Փաշաևն է, կազմակերպել է «Դեպի նոր աշխարհակարգ» անվանված «միջազգային գիտաժողով»:
Երկրորդ օրն է՝ Բաքվի իշխանական լրատվամիջոցները հատվածաբար ներկայացնում են Ալիևի «ապրիլյան թեզիսները»: Դրանք ընդգծված հակաարևմտյան, հակաեվրոպական են: Ալիևը բացահայտ քամահրանքով է խոսել ոչ միայն Եվրոպայի խորհրդի, ԵԽԽՎ-ի, այլև Եվրամիության և Եվրահանձնաժողովի հասցեին:
Նա նույնիսկ իրեն թույլ է տվել եվրոպական կառույցներին անվանել «Վրաստանի գաղութարարներ»: «Եվրոպայի խորհուրդը փորձել է մեկուսացնել Ադրբեջանին, բայց արդյունքում ինքն է մեկուսացել Կովկասից, ԵԽ-ն, կարելի է ասել, կրակել է սեփական ոտքին»,- հայտարարել է Ալիևը:
Նրա ելույթի «մեխը», սակայն, այն միտքն է, որ քանի դեռ հայ-ադրբեջանական «խաղաղության պայմանագիրն» ստորագրված չէ, ապա նոր էսկալացիայի սպառնալիք միշտ կա: Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի կողմից Երևանին և Բաքվին արված «զսպվածության կոչը» և Ալիևի սպառնալիքը դժվար է քաղաքական ունիսոն չնկատել: Մանավանդ որ այն դրսևորվում է Ալիևի հատուկ ներկայացուցչի մոսկովյան հանդիպումների ֆոնին:
Ադրբեջանի արտաքին քաղաքական դիրքորոշումն Ալիևը հիմնավորել է Միացյալ Նահանգներում Դոնալդ Թրամփի իշխանության գալուց հետո ստեղծված նոր իրավիճակով, որ «միամտություն կլիներ չնկատել»: Ադրբեջանի նախագահը, ընդսմին, ռուս-ադրբեջանական հարաբերությունների թեման «նրբանկատորեն» շրջանցել է:
Հայտնի է, որ Բաքու այցի ընթացքում ՌԴ Դաշնային ժողովի Վերին պալատի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Իլհամ Ալիևին է փոխանցել Վլադիմիր Պուտինի «կոնֆիդենցիալ ուղերձը»: Կարելի է եզրակացնել, որ Ալիևի հատուկ ներկայացուցիչ Խալափովը Մոսկվա ոչ պակաս «կոնֆիդենցիալ պատասխան» է տարել: Ալիևն ընդունել է մայիսի 9-ին Մոսկվա այցելելու հրավերը:
Կա պայմանավորվածություն, որ նա Վլադիմիր Պուտինին կհանդիպի Բելառուսի և Տաջիկստանի նախագահների ընկերակցությամբ:
Ալիևը միաժամանակ հայտարարել է, որ Միացյալ Նահանգների հետ «կայուն հարաբերությունների կարիք ունի»: Ավելի վաղ The Jerusalem Post-ը գրել է, որ քննարկվում է ԱՄՆ-Իսրայել-Ադրբեջան «քաղաքական դաշինքի հնարավորությունը»: Ըստ երևույթին՝ այդ ուղղությամբ հաջողություններ չեն արձանագրվել թուրք-իսրայելական «տարաձայնությունների» պատճառով:
Ալիևը, կարծես, «վերադառնում է եվրասիական ընդհանուր տուն», որտեղ, անկասկած, դոմինանտ կլինի Ռուսաստանը: Հաշվարկն այն է, որ Դոնալդ Թրամփը «նույնպես եվրասիացի՞ է», թե՞ Բաքուն գործում է ռուս-թուրքական «նոր գործարքի» սպասումով:
Ալիևը Վրաստանի նկատմամբ «պրոտեկտորատ» է բացահայտել, իսկ Հայաստանին սպառնացել եթե ոչ նոր պատերազմով, ապա տարածաշրջանային խոր մեկուսացմամբ: Ընդսմին՝ նա նենգամտորեն «պարզաբանել է», որ այդ ծրագիրը կիրականացվի Իրանի համաձայնությամբ: Ազատության հրապարակի «արցախյան իրավունքների վրանը» պատահաբա՞ր է այս ֆոնին տեղադրվել:
Բաց մի թողեք
Իմա՝ մոռանալ Հերոստրատին․ Սա քնարականությո՞ւն է, թե՞ քաղաքականություն
Անհամարժեք քաղաքականությունը միշտ էլ գցում է փոսը ու գցելու է
Հայ-ադրբեջանական քննարկման «բաց բաղադրիչը»