19/04/2025

Ասում են՝ Ղարաբաղը ՀՀ կառավարությունը լուծարեց․ ո՞ւմ հիշողությունն է այդքան կարճ․ Միրզոյան

Քանիցս հայտարարել ենք, որ Հայաստանը փորձում է ՀՀ-Ադրբեջան բանակցություններում հասցեագրել Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հարցերը՝ այդ թվում ուղիղ խոսակցության միջազգային մեխանիզմների ստեղծման ճանապարհով։

Այս մասին Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ԼՂ հարցի վերաբերյալ ընդդիմության կողմից իշխանությանն ուղղված մեղադրանքներին։

«Այդ թվում ջանքեր գործադրվեցին Սոֆիայում հանդիպման կազմակերպման ուղղությամբ։ Մենք վստահ ենք, որ այդ երկխոսության հաստատման պարագայում հնարավոր էր որոշակի հարցեր լուծել։

Փաստ է, որ բռնի տեղահանումից հետո, հատկապես, իրենց ինքնալուծարման վերաբերյալ հանրահայտ փաստաթղթի հռչակումից հետո այդ օրակարգը այլևս չի կարող շարունակվել այն պարզ պատճառով, որ այնտեղ մարդ չկա, հայություն չկա, որ իրավունքների մասին խոսենք․ սա է եղել ՀՀ ԱԳ նախարարության արձագանքը։

Այս Կառավարությունը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, արել է ամեն ինչ, որ այդ մարդկանց իրավունքերի և անվտանգության հարցը որևէ կերպ հասցեագրվի։ Ինչքան կարելի է իրենց նույն թերթերի միջոցով ասել՝ Ղարաբաղը հանձնեցին, հիմա ասում են՝ Ղարաբաղը Հայաստանի Կառավարությունը լուծարեց. էդքան կարճ է մարդկանց հիշողությունը, ո՞ւմ են հիմարի տեղ դնում»,- նկատեց նախարարը։

Translate »