19/04/2025

Փաշինյանը պիտի գետինը համբուրի ու ասի՝ էս ինչ ղալաթ եմ ես արել ․․․

Նիկոլ Փաշինյանը միջազգային ասպարեզ է դուրս գալիս, բայց ոչ թե երկրի արդյունավետ կառավարման աննախադեպ հաջողություններով, այլ՝ խորհրդարանական գաստրոլներով: ԱԺ ամբիոնից նրա ջղագրգիռ խոսքի ու անկանոն շարժուձեւի վրա «ղժժում» են ոչ միայն հայկական սոցցանցերի օգտատերերը, այլեւ ադրբեջանական ու ռուսական լրատվամիջոցները:

Հրապարակ թերթը գրել է․ Ադրբեջանական իշխանական ու քարոզչական «Բաքու TV»-ն, օրինակ, Ինստագրամ հարթակում Փաշինյանի կատարմամբ կարճ տեսանյութ՝ ռիլ է սարքել ու այն մեկնաբանել այսպես. «Խորհրդարանի նիստում ՀՀ վարչապետի էմոցիոնալ խոսքն ու տարօրինակ շարժումները սոցիալական ցանցերի օրակարգում էին»: Տեսանյութի մեկնաբանությունների դաշտում ադրբեջանցիները ծաղրում են նրան ու ատելության խոսք տարածում հայ ժողովրդի հասցեին: Օրինակ, օգտատերերից մեկը գրել է. «Չգիտեմ, թե Չինգիզ խանն ինչ է ասել, բայց ես Թեյմուրին ասում եմ՝ պատմությունն ինձ չի ների այն բանի համար, որ ես ցանկանում էի հայերին վերացնել երկրի երեսից ու չարեցի դա»:

«Փաշինյանին տարբեր կերպ էինք տեսել, բայց այսպես գրգռված՝ թերեւս, առաջին անգամ»,- ԱԺ-ում Փաշինյանի ջղաձգումների մասին պատմող տեսանյութն այսպես է սկսել ռուսական 5-րդ ալիքի տեղեկատվական ծառայությունը, որն «Իզվեստիա» մուլտիմեդիոն տեղեկատվական կենտրոնի կառուցվածքային ստորաբաժանումն է: Տեսանյութն ուղեկցող գլխագրում գրված է. «Փաշինյանը կորցրել է ինքնատիրապետումն ընդդիմության հետ վիճաբանության ժամանակ. Հայաստանի վարչապետը ճչում էր, թափահարում ձեռքերն ու տարօրինակ շարժումներ անում»: Այս ամենը, ինչ խոսք, զվարճալի կլիներ, եթե չվերաբերեր մեզ ու չլիներ հերթական ցուցիչն առ այն, որ  Նիկոլ Փաշինյանն իր ապաշնորհ ու խեղկատակ վարքագծով ամեն օր, ամեն ժամ խայտառակում է Հայաստանը, նվաստացնում երկիրն ու ժողովրդին:

Ինչպես «Հրապարակ»-ին ասում է ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը, որը նաեւ պետական արարողակարգի ծառայության ղեկավարն է եղել ու լավագույնս է տիրապետում պետությունների ղեկավարների վարվելակերպին առնչվող նրբություններին, Փաշինյանը, եթե անգամ ինքը չի ամաչում իրենից, հասկանում է, որ իր փոխարեն ժողովուրդն է ամաչում: Ըստ մեր զրուցակցի, նա քաջ գիտակցում է, թե ինչ է անում, եւ իր վարքագծով ինքն է ստեղծում մի միջավայր, որտեղ, իբրեւ թե, ինքն ադեկվատ չէ: Մելիքյանի խոսքով, սրանից են բխում Փաշինյանի չդադարող մեղադրանքները պետական համակարգի բոլոր օղակներին, կաբինետի անդամներին: «Այդ ջղաձգումները, մարմնի անկանոն շարժումները, ձայնային  ելեւէջներն ընդհանրապես հարիր չեն որեւէ պետության ղեկավարի, եթե իրեն այդպիսին կարող ենք կոչել: Նախ, պետության ղեկավարն առաջին հերթին պետք է առաջնորդվի իր երկրի ազգային շահով:

Վարչապետի աթոռը զբաղեցնողը բացարձակապես չի առաջնորդվում ազգային շահով, սա միանշանակ է, աներկբա է, անքննելի է, եթե հիմա մենք բերենք բոլոր արգումենտները, թե ինչու է դա այդպես, մենք չենք տեղավորվի ժամանակի ու օրերի մեջ, այնքան դրանք շատ ու ամենօրյա են: Պետության ղեկավարը պետք է լինի սառնասիրտ, կարողանա ճիշտ խոսել իր ընդդիմախոսների հետ, պատրաստ լինի՝ ընդունել այն քննադատությունները, որոնք ոչ միայն թիրախային են ու անձնապես իրեն են ուղղված, այլեւ հիմնավորված են եւ Հայաստանի  անվտանգության համար ֆունդամենտալ նշանակություն ունեն: Պետության ղեկավարը պետք է լինի խելացի, պետք է կարողանա գնահատել ինստիտուտները, ոչ թե ջարդուփշուր անել: Մենք տեսնում ենք, որ տասնամյակներով ստեղծված ինստիտուտները քայքայվում, ջարդուփշուր են արվում: Նա առաջնորդվում է մի պարզ սխեմայով, որ ինքն է փրկիչը, մեսիան, որ իրեն ուղարկել են մեր ժողովրդին փրկելու համար, որին նա բացի պատուհասից ու ջարդից, ոչինչ չի բերել՝ ե՛ւ անվտանգային, ե՛ւ դիվանագիտության, ե՛ւ տնտեսական, ե՛ւ գիտակրթական առումով»,- ասում է Վահագն Մելիքյանը՝ ընդգծելով, որ նման ղեկավարն իրավունք չունի րոպե ավել մնալ պետության ղեկավարի պաշտոնին:

Ըստ մեր զրուցակցի, այլեւս աքսիոմ է՝ Փաշինյանը ձախողված ղեկավար է եւ ձախողված լինելու, տգետ լինելու խոսույթն ինքն անձամբ է ընդունել՝ հայտարարելով, թե 7 տարի մնացել են նույն դասարանում: «Ձախողված ղեկավարները հեռանում են, լքում են պաշտոնը, ներողություն խնդրում, խոնարհվում են, ինչի մասին ինքը շատ է սիրում խոսել, մի հատ էլ՝ գետինը հաբուրում են ու ասում՝ էս ի՞նչ ղալաթ ենք արել։ Բայց նրա դեպքում այս ամենը չանելն ու այդ ջղաձգումներն ուղիղ համեմատական են: Իսկ ջղաձգումները նրանից են, որ չի՛ ստացվում նրա մոտ, նա չի՛ կարողանում, պատեպատ է խփվում, փորձում է ինչ-որ փիլիսոփայական բաներ ասել, նորամուծություններ սարքել, նույն կրթության հետ կապված… Ո՞ւմ եք կրթում, 7 տարի նույն դասարանում մնացողը ո՞նց կարող է կրթել, եկեք այդ պարզ հարցադրումներն անենք»,- շարունակում է դիվանագետը եւ ընդգծում, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունն արդեն բացահայտված է՝ փոխել Սահմանադրությունը, այնտեղ հղում չանել Անկախության հռչակագրին, Արցախյան շարժումը դադարեցնել եւ այլն, եւ այլն:

«Իր արտգործնախարարն ասում էր, թե ՄԽ-ի լուծարման հարցը կդնենք, այսպես կոչված, խաղաղության պայմանագիրը վավերացնելուց հետո, հիմա լսում ենք, թե պատրաստ ենք նույն պահին, երբ ստորագրվի պայմանագիրը, ստորագրել ՄԽ-ի լուծարման դիմումը: Այս հակասությունները, խճճվելը գալիս են վերը նշվածից, նա անգամ չի հիշում, թե որ տարում, որ ամսին ինչ հայտարարություն է արել, ինչ կոնտեքստում է արել, այսինքն՝ այս մարդը բացարձակապես պատասխանատու չէ, այդ պահին անում է հայտարարություններ, որոնք բխում են իր ու միայն իր իշխանության երկարակեցության ապահովման շահից»,-արձանագրում է Վահագն Մելիքյանը:

Դիվանագետի խոսքով, մեղմ ասած՝ խայտառակություն է, երբ մեր թշնամի երկրի լրատվամիջոցներն են ծաղրում մեր երկրի ղեկավարին, ընդ որում՝ նսեմացնում ու պիտակավորում են այն դեպքում, երբ տվյալ երկրի համար նա շատ լավ աշխատում է: «Նրան ձեռք են առնում, պիտակավորում, ծաղրում են, իսկ ինքը դա շատ լավ ընդունում է, որովհետեւ նրան պետք է մնալ ջրի երեսին, ռուսերեն լավ բառ կա՝ на плаву մնալ ու իր միջակ պատկերացումներով օրակարգ թելադրել: Նա առաջ չի գնում, հետ է գնում, սկսել է 2018-ի նույն նախադասություններով խոսել, որովհետեւ իր մոտ ցիկլն արդեն փակված է, բայց ժողովուրդն արդեն հասկացել է, որ 2018-ին է խաբել, ոչ թե երեկ, մեկ ամիս առաջ…»,- կարծիք է հայտնում մեր զրուցակիցը:

Փաշինյանի ջղագրգիռ պահ­վածքը հոգեվիճակով ու անձի խնդիրներո՞վ է պայմանավորված, թե՞ այդկերպ փորձում է իր ու իր գործողությունների արդարացման համար, այսպես ասած, «գժի» կերպար ստեղծել, ինչպես մի անգամ անձամբ է խոստովանել: Վահագն Մելիքյանը համոզված է՝ կա եւ այն հատվածը, որը, հավանաբար, բժշկությանն է վերաբերում, եւ այստեղ մասնագետները՝ հոգեբաններն ու նյարդաբանները, պետք է եզրակացություն տան, եւ այն մասնագետները, որոնք հսկում են նրան, բայց, մյուս կողմից` նա ցանկանում է քաղաքական օրակարգ թելադրողի դերը միանձնյա տանել ու դրա համար ամեն ինչ անում է, որ դառնա քննարկման առարկա:

Փաշինյանի այս վարքագիծը կարո՞ղ է ուղղված լինել ապագային՝ հնարավոր ու ակնկալվող պատասխանատվությունից խուսափելու համար:  Ըստ մեր զրուցակցի, նա ամեն ինչի ունակ է եւ որեւէ բանի առջեւ խտրականություն չի դնի. «Դա միայն ես չեմ ասում, դա ասում են իրեն տարիներով ճանաչած, իր հետ ճանապարհ գնացած մարդիկ, էլ չեմ ասում՝ թիմի անդամները»:

Մելիքյանը նաեւ նկատում է՝ Փաշինյանի յուրաքանչյուր ջղաձգումից հետո նույն շարժուձեւը թիմի անդամներն են կրկնում: Սա արդեն վախի դրսեւորում է: «Վախկոտ մարդն է նման կերպ վարվում, ուժեղ մարդը սոլիդ կերպով շարում է նախադասությունները, թնջուկների մեջ չի ընկնում, չի խճճվում: Այդ մարդն ինձ, ձեզ, ժողովրդին, պետությանն է ներկայացնում, դա խայտառակություն է»,- եզրափակում է Վահագն Մելիքյանը:

Translate »