17/02/2026

Թրամփը վերջնագիր է ներկայացնում Պուտինին, այլապես դուրս կգա բանակցությունից, սակայն ուր ․․․

Putin Trump dzerqer

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ դուրս կգա բանակցությունից, եթե կողմերից մեկը շարունակի խոչընդոտել հրադադարի հասնելու գործընթացին: Խոսքը ուկրաինական պատերազմի մասին է:

Թրամփը չի նշել, թե ով է այդ կողմը, որը կարող է խոչընդոտել կամ խոչընդոտում է: Բայց պետք է ենթադրել՝ դատելով Թրամփի և նրա թիմի այլ անդամների հայտարարություններից, որ այդ կողմը Ուկրաինայի իշխանությունն է:

Կիևի համար ընդունելի չեն այն պայմանները, որ ԱՄՆ բանակցում է Ռուսաստանի հետ: Ուկրաինայի իշխանության «թիկունքին», սակայն, Եվրոպայի դիրքորոշումն է, որը ևս դժգոհ է, որ լիարժեք ներգրավված չէ ԱՄՆ-ՌԴ բանակցությանը:

Նախօրեին Թրամփի ադմինիստրացիայի դիվանագիտական թիմի երկու առանցքային անդամներ՝ պետքարտուղար Ռուբիոն և Մերձավոր Արևելքի հարցերի հատուկ բանագնաց Ուիթկոֆն այցելել էին Փարիզ, որտեղ հանդիպում են ունեցել Ֆրանսիայի նախագահի և արտգործնախարարի հետ:

Այդ հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հայտարարել էր, որ, այդ թվում Մեծ Բրիտանիայի ու Գերմանիայի ներկայացուցիչների մասնակցությամբ դրական քննարկումներ են ունեցել Ելիսեյան պալատում: Նա հայտարարել է, որ հենց սկզբից իրենք աջակցում են խաղաղության հասնելու ԱՄՆ նախագահի ջանքին և պատրաստակամ են սերտ գործակցել ԱՄՆ հետ: Միաժամանակ նա նշել էր, որ Ելիսեյան պալատում քննարկումներից առաջ և հետո խոսել է նաև Զելենսկու հետ՝ կոորդինացիան ապահովելու համար:

Ըստ Մակրոնի՝ քննարկումները գալիք շաբաթ կշարունակվեն Լոնդոնում: Ի՞նչ է սա նշանակում: Թրամփը Ֆրանսիային բերել է իր մոտեցումների դաշտ, և մնացել է այժմ Մեծ Բրիտանիա՞ն, թե՞ Մակրոնի հայտարարությունները դիվանագիտություն են, իսկ իրականում Եվրամիությունն ու Բրիտանիան շարունակում են դիմադրել ռուս-ամերիկյան գործարքին, քանի դեռ չեն ստացել իրենց մասնակցության լիարժեք բավարարում:

Միարժեք ասել, իհարկե, դժվար է, սակայն բավականին նկատելի է, որ Թրամփի հայտարարությունն ունի վերջնագրային տոն՝ եթե չհամաձայնեն, ԱՄՆ դուրս կգա բանակցությունից: Սա կարող է նշանակել, որ ԱՄՆ պատերազմի բեռը կարող է թողնել Եվրոպայի վրա:

Թրամփը չի արձագանքել լրագրողների հարցին, թե արդյոք բանակցությունից դուրս գալու դեպքում ԱՄՆ կշարունակի ռազմական օգնությունն Ուկրաինային: Սա, իհարկե, էական հարցն է:

Այսինքն՝ Թրամփը դուրս գալով բանակցությունից, կմնա՞ պատերազմի մեջ, թե՞ դուրս կգա նաև պատերազմից: Իհարկե, երկու դեպքում էլ իրավիճակի զարգացումն Ուկրաինայում կմտնի էապես նոր փուլ, բայց լիովին տարբեր տրամաբանություններով: