Ապրիլի 21-ի լույս 22-ի գիշերը ևս Սյունիքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերի սահմանամերձ բնակավայրերում անհանգիստ է եղել։ Ադրբեջանցիներն իրենց դիրքերից կրակել են գյուղերի ուղղությամբ։
Ի տարբերություն մյուս մարզերի՝ Սյունիքում նախորդ օրերի պես կրակոցներն ինտենսիվ են եղել։ Չնայած մեր պաշտպանության գերատեսչությունն ադրբեջանական կողմին կոչ է արել հետաքննել նախորդ գիշերվա ընթացքում Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով, Բաքվի համանուն գերատեսչությունից առ այս պահը որևէ արձագանք չկա։
«Մոռացեք, որ Բաքուն ընդունելու է իր մեղքը, մոռացեք, որ Նիկոլ Փաշինյանը բացի այդ կոչերից որևէ այլ գործողության է դիմելու, եթե անգամ գան մտնեն գյուղ, մեզ մորթեն՝ մեզ է մեղադրելու, Արցախի օրինակը վկա։ Ինքը հանձնել է, հետո էլ մեղադրում է, թե՝ «մնայիք, պահեիք»։ Նույնը մեզ հետ է կատարվելու»,- ասում է Խնածախի բնակիչը։
Գիշերը նույն ժամին ու նույն ինտենսիվությամբ կրակել են գյուղի ուղղությամբ։ Մեր զրուցակցի հավաստմամբ՝ կիրառել են «ՊԿ» և «ԴՇԿ» գնդացիրներ․ «Նիկոլին, Պապիկյանին ու Ալեն Սիմոնյանին հրավիրում եմ Խնածախ, թող գան երեկոյան ժամը 10-ին, մնան մինչև լուսաբաց, համոզված եմ՝ էլ մեծ-մեծ չեն խոսի։ Դրանք երկիր պահող չեն, դրանք երկիր հանձնող են։ Վախենում եմ` պատմությունը կրկնվի, ու Սյունիքի դարպասը ներսից բացեն թշնամու առաջ»։
Խնածախը, որ Սյունիքի ամենաապահով ու կայուն զարգացող գյուղերից մեկն է եղել, այժմ անվտանգային լուրջ աղետի առաջ է կանգնել։ Բնակելի տներից օդային ուղիղ գծով մոտ 100 մետր հեռավորության վրա գտնվող ադրբեջանցիներն օրեցօր մեծացնում են զինատեսակի տրամաչափը, ահաբեկում բնակիչներին։
«Հովիվներին ադրբեջանցիները հայհոյել են, սպառնացել, որ իրենց անասունները հեռու տանեն, հակառակ դեպքում՝ կկրակեն։ Հիմա, ով ինչ անասուն ունի, վաճառել է։ Շատերը տեղափոխվում են Գորիս, մի մասը՝ Երևան։ Գյուղում արտագաղթ է»։
Բաց մի թողեք
Ադրբեջանի ՊՆ-ն արձագանքել է Խոզնավարը գնդակոծելու մասին հայկական կողմի հաղորդագրությանը
Հայտնաբերվել է Երևանում հայտնի «կավատը», ով պարտքատեր կնոջը ստիպել է մարմնավաճառությամբ փակել պարտքը
Ադրբեջանական կողմը կրակ է բացել Խոզնավարի ուղղությամբ, վնասվել է բնակելի տուն. Լուսանկարներ