Պատկերացրեք, Իսրայելի վարչապետը հանդես է գալիս ուղերձով, որտեղ կոչ է անում հրեաներին մտածել՝ արդյոք Հոլոքոսթի մեջ չկա՞ հրեաների պատասխանատվությունը: Գուցե Հիտլերն ու Հիմլերը որոշակի հիմքեր ունեի՞ն հրեաներին գազային խցիկներ ուղարկելու եւ հենց հրեաների «սխալ կեցվածքն» էր որոշ չափով դրա հիմքը տալիս:
Ենթադրում եմ, որ նման վարչապետը կամ, ընդհանրապես, նման քաղաքական գործիչը չէր կարողանա շարունակել իր գործունեությունը: Եվ պատճառը պարզ է. Իսրայելի հասարակությունն իմունիտետ ունի նման սրբապղծությունների դեմ: Մենք նման իմունիտետ չունենք:
Չեմ զարմանա, որ եթե մեզ մոտ պաշտոնապես հայտարարվի, թե մարդակերությունն ընդունելի է այն դեպքերում, երբ զոհերը «դրա առիթն են տալիս», դա էլ միանգամայն ընդունելի քաղաքական ուղերձ կհամարվի: Կամ՝ որ «իրական Հայաստանի» տեսլականը Ադրբեջանի կամ Թուրքիայի կազմում լինելն է:
Հոգեբանության մեջ ընդունված հասկացություն է «victim blaming» (զոհին մեղադրելը), երբ ինչ-որ «արդարություն» են փնտրում որեւէ հանցագործության մեջ: Օրինակ, կնոջը բռնաբարել են, բա ինչո՞ւ էր նա կարճ շրջազգեստ հագել եւ երեկոյան դուրս եկել փողոց: Բայց սովորաբար նման հանցագործություններն «արդարացնում են» կա՛մ ինքը՝ հանցագործը, կա՛մ նրա ազգականներն ու ընկերները:
Այնինչ մեր դեպքում «արդարացումներ» են փնտրում նրանք, ովքեր, կարծես, պետք է զոհի բարեկամները լինեն: Բայց Հայաստանի իշխանություններն, ըստ երեւույթին, «հանցագործների կողմից» են: Գուցե 1990 թվականին Բաքվի ջարդարարները նույնպես «արդարացումներ ունեին» այն մասին, թե ինչու էին բարձրահարկ շենքերի պատշգամբներից գցում հայերին՝ այդ թվում կանանց, երեխաներին, ծերերին:
Բա ինչո՞ւ էին Երեւանում սկսել ղարաբաղյան շարժումը: Չէ՞ որ այն «սխալ էր»:
Գուցե Ռամիլ Սաֆարովն էլ «հիմքեր ուներ» քնած վիճակում կացնահարելու Գուրգեն Մարգարյանին: Նա այնքան էր հուզվել, որ Արցախն ազատագրված էր (որն, ըստ ներկա իշխանությունների, դարձյալ «սխալ էր»), որ ուրիշ ելք պարզապես չէր տեսնում:
Խնդիրն այն չէ, որ նման ստորագույն, սրբապիղծ մտքեր հիմա արտաբերվում են, խնդիր է, որ դա մարսվում է հասարակության կողմից: Դա հասարակության մահացու հիվանդության ախտանիշ է: Այդպիսով, «հանցագործների, դահիճների բարեկամ» դառնում են ոչ միայն իշխանությունները, այլեւ մենք բոլորս:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Բաց մի թողեք
Իշխանությունները դեռ 100 տոկոսով Ցեղասպանությունը չեն ուրացել, բայց … Սարգսյան
Նազելի Բաղդասարյանը մարդկային երկատվածություն ունի՞, տարիներ շարունակ ինքն էլ էր ներկա այրմանը․ Մանուկյան
Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանի միջոցով փորձել էր պայմանավորվել հրաժարական տալ աշնանը, մերժում էր ստացել. Հարությունյան