24/04/2025

Կայրեն նաև ՔՊ դրոշը՝ որպես Ցեղասպանությունն ու հայ դատն «ուրացած» կուսակցություն

Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է՝ 110-րդ տարելիցը։ ՀՅԴ-ն, ինչպես ամեն տարի, այս տարի ևս, հավատարիմ իր քաղաքական «քնարին», ջահերով երթ է իրականացնելու, որի ուղերձն է՝ «մի ուրացիր»։

Հիշեցնենք՝ նախորդ տարի տեղի ունեցած երթի ազդագիրն էր՝ «զա՛րկ, երբ հալածում են քեզ», 2022-ին էլ՝ «զարթիր, լաո», որը հետագայում դարձավ երթից մի քանի օր անց տեղի ունեցած «Դիմադրության» շարժման կարգախոսը։

Ամենամյա միջոցառումն այս, նկատենք, բացի իր հիմնական խորհրդից՝ Ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչելուց ու պահանջատիրությունից, վերածվել է շոուի, որին մասնակցելու համար կուսակցությունն ամեն տարի քարոզչական արշավ է իրականացնում, նույնիսկ ֆոտոսեսիաներ կազմակերպում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում՝ բնականաբար ահռելի միջոցներ ծախսելով։

Արդեն իսկ ջահերով իրենց լուսանկարներն ունեն շոու բիզնեսի ներկայացուցիչներից մասնավորապես երգչուհի Սոֆի Մխեյանը, Ներսիկ Իսպիրյանն ու նրա որդին, ինչպես նաև դերասանուհի, «կոմերիտուհի, գեղեցկուհի և վերջապես ընդդիմադիրուհի» Նազենի Հովհյաննիսյանը։ Երգչուհին ու դերասանուհին կոչ են արել մասնակցել երթին՝ Ինստագրամի իրենց էջերում հրապարակելով ջահակրի իրենց լուսանկարները։

«Մի ուրացիր» գրությամբ շապիկներով երիտՀՅԴ-ականներին կարելի է տեսնել մայրաքաղաքի հանրային հաստատություններում՝ երթին մասնակցելու բուկլետներ բաժանելիս։

Սույն միջոցառման կուլմինացիան, ինչպես գիտենք, Թուրքիայի դրոշի այրումն է։ Լուրեր կան, որ ՀՅԴ-ն այս տարի որոշել է նորամուծություն անել՝ «շոուն» լիակատար դարձնելու համար այրել նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրոշը՝ որպես Ցեղասպանությունն ու հայ դատն «ուրացած» կուսակցություն։

Օրերս տեղի ունեցած հարցազրույցում ի պատասխան լրագրողի հարցի՝ ՀՀ-ում առաջարկ կա, որ պետք է ոչ միայն Թուրքիայի, այլև ՔՊ-ի դրոշն այրել, ՀՅԴ Երիտասարդականի անդամ, ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր Սերունդ» երիտասարդական միության Կենտրոնական վարչության ատենապետ Արթուր Նժդեհ Գարագավորյանն արձագանքել է. «Մենք միշտ խուսափել ենք ներքին կոնֆրոնտացիայից, ատելությունից, մենք միշտ խուսափել ենք ներքին թշնամիներից», բայց քանի որ թուրք ժխտողականների և ՔՊ-ի բառամթերքը համընկնում է, թե՝ ՌԴ-ն է մեղավոր, որ մեզ կոտորել էն, ապա. «Ես կարծում եմ, որ մեր ՀՀ-ի ընկերները մեզանից լավ են գիտակցում իրավիճակը… և իրենք մեզանից լավ գիտեն, թե ինչպիսի մեսիջ պետք է ուղարկեն ամբողջ աշխարհին, նաև՝ ներքաղաքական, ներհայաստանյան դաշտին»։ Գարագավորյանի մուտքը ՀՀ, նկատենք, 2023-ին արգելվել է, նա անցանկալի անձ է համարվում։