Եթե մի օր Հայաստանում պոպուլիզմի մրցույթ հայտարարվի, ապա, վստահաբար, դրանում կհաղթի Հայ Հեղափոխական Դաշնակցությունը՝ նվաճելով մրցութային բոլոր տեղերը, հատկապես, եթե թեման Հայոց ցեղասպանությունն է։
ՀՅԴ հերթական ուլտրապոպուլիստական նախաձեռնությունը նախագծի տեսքով, որի մասին օրերս թմբկահարում էր հազարից մեկ ԱԺ եկած Իշխան Սաղաթելյանը, ԱԺ-ում դրվել է շրջանառության մեջ։ Հատկանշական է, որ ՀՅԴ-ն Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման 110-րդ տարելիցից ընդամենը երկու օր առաջ «հիշեց», որ կարելի է բզբզալ իրենց հաց ու ջուր տվող թեմայով՝ էքսպրեսիա ապահովել, էմոցիա քամել՝ առաջարկելով քրեականացնել Հայոց ցեղասպանության ժխտումը, նսեմացումն ու արդարացումը։
«Այս նախաձեռնությունը ուղղակի պատասխան է Թուրքիայից պարտադրվող ժխտողական քաղաքականությանը և ներկայիս իշխանությունների՝ այդ քաղաքականությանը ենթարկվելու փաստին։ Իշխանությունն ունի երկու ընտրություն. 1. կողմ քվեարկել օրինագծին՝ փակելով Հայոց ցեղասպանության ուրացման դուռը, 2. մերժել նախագիծը՝ պաշտոնապես ամրագրելով, որ ինքն իրականացնում է ժխտողական քաղաքականություն։ Երրորդ տարբերակ չկա»,- օրերս ԱԺ-ում աղաղակել էր ՀՅԴ ԳՄ անդամ Սաղաթելյանը։
Արդ, ի՞նչ է բովանդակում «Հայաստան» խմբակցության հեղինակած նախագիծը։ Նախ նշենք, որ գործող ՀՀ քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածը սահմանում է Ցեղասպանության հերքման պատասխանատվության դրույթ, ինչի մասին, ի դեպ, նշված է նաև խնդրո առարկա նախագծում։ Սակայն, ինչպես նշել են նախագծի հեղինակները, «այն չունի հատուկ մոտեցում Հայոց Ցեղասպանությանը, ինչը, կարծում ենք, այս դեպքում արդարացված չէ, քանի որ նախ բազմաթիվ երկրներ ու միջազգային կազմակերպություններ արդեն իսկ ճանաչել և դատապարտել են հայ ժողովրդի հանդեպ իրականացված այս ոճրագործությունը:
Բացի այդ, ուսումնասիրելով միջազգային փորձը, հարկ է արձանագրել, որ Ցեղասպանությունը հերքելը, մերժելը կամ ուրանալը քրեորեն պատժելի արարք է համարվում աշխարհի շատ երկրներում»: Փաստորեն, ՀՅԴ-ի համար՝ ի դեմս «Հայաստան» խմբակցության, բավարար չէ ՀՀ օրենսդրության հիշյալ դրույթի ընդհանրական ձևակերպումը, որը քրեական պատասխանատվություն է սահմանում առհասարակ բոլոր Ցեղասպանությունները հերքելու համար, ՀՅԴ-ն «կոնկրետիկա» է ուզում մտցնել՝ հատուկ շեշտելով «հայոց» բառը՝ վեր դասելով հայոց հետ տեղի ունեցած ողբերգությունը մնացած՝ ցեղասպանություն տեսած ազգերի, ժողովուրդների, հանրույթների ողբերգությունից։
Այլ բառով՝ առաջարկում է Հայոց ցեղասպանությանը ունիտար պետություն Հայաստանում, որի բնակչության 90 և ավելի տոկոսը հայերն են ու Ցեղասպանության գենետիկ հիշողության կրողներ, հատկացնել առանձնահատուկ, գերակա դիրք մնացած բոլոր ցեղասպանությունների հանդեպ։ Նախագծի՝ «Առաջարկվող կարգավորման բնույթը» ենթավերնագրի ներքո մասնավորապես կարդում ենք. «Հայոց պատմության քառուղիներում Հայոց ցեղասպանությունը ամենաողբերգական ու չսպիացող վերքն է: Հայ ժողովրդի բնաջնջումից բացի, տեղի ունեցավ նաև հայրենազրկում: Այն իր ծավալով ու հրեշային ծրագրով աննախադեպ էր նաև համաշխարհային պատմության ընթացում: …Հայոց ցեղասպանության առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն իրագործվել է այդ հանցակազմի օբյեկտիվ կողմին ներհատուկ բոլոր ձևերի գործադրմամբ՝ նպատակ ունենալով հայ ժողովրդի բնաջնջմամբ տեր դառնալ նրա բնօրրանին:
Բացի այդ, Հայոց ցեղասպանության հերքումը, ի տարբերություն մյուս ցեղասպանությունների, որոնք իրականացվում են հիմնականում մասնավոր անձանց կամ կազմակերպությունների կողմից, կատարվում է որոշ պետությունների (Թուրքիա, Ադրբեջան և այլն) պաշտոնական և բազմակողմանի աջակցությամբ: Նրանք խոշոր միջոցներ են ծախսում այդ նպատակով՝ ներգրավելով նաև այլ պետական կառույցների, հասարակական կազմակերպությունների, կրթական ու գիտական հաստատությունների, քաղաքական գործիչների ու այլ անձանց: Հետևաբար սույն նախագծով սահմանվում է քրեական պատասխանատվության դրույթ՝ հատուկ Հայոց ցեղասպանության հերքման համար, որը բխում է նաև Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի անվտանգության նկատառումներից»:
Առաջարկվող նախագծի ընդունումը, ըստ «Հայաստան» խմբակցության, «հատկապես հրատապ է ներկայումս Հայոց ցեղասպանությունը ուրանալու բազմաթիվ փորձերի լույսի ներքո: Այն համահունչ կլինի եվրոպական օրենսդրությանը և օրենսդրորեն կամրապնդի Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործընթացը»: Թե ովքե՞ր են «ներկայումս ուրանում», և հատկապես ո՞ր «բազմաթիվ փորձերի» մասին է ակնարկում նախագիծը երկնած խմբակցությունը՝ այդպես էլ չի նշվում։
Բայց, հաշվի առնելով ՀՅԴ-ի և «Հայաստան»-ի անառողջ սևեռվածությունը մեկ կոնկրետ թիրախի՝ ՀՀ վարչապետի և կառավարության նկատմամբ, դժվար չէ գլխի ընկնել, որ «ուրացման բազմաթիվ փորձեր» ասելով նկատի ունեն Նիկոլ Փաշինյանին, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին… կարճ ասած՝ Ցեղասպանության թեման «բերանի ծամոն» չսարքող, հայոց մեծ ողբերգության շահարկմամբ քաղաքական դիվիդենդներ չշահող, այն որպես քաղաքական լինելիության երաշխիք չդիտարկող, կարճ ասած՝ Ցեղասպանության վրա չպարազիտացող ուժերին ու դրանց ներկայացուցիչներին։
Ի դեպ, առաջին անգամ չէ, որ ՀՅԴ-ն քաղաքական նպատակահարմարությունից ելնելով դիպչում է Ցեղասպանության հարցին և դրա հետ կապված առաջարկում է փոփոխություններ կատարել ՔՕ-ում։ 2022-ին էլ, երբ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում որոշակի ակտիվություն սկսվեց, ՀՅԴ-ն նորից գործի անցավ՝ ԱԺ-ում շրջանառության մեջ դրեց հերթական նախագիծը՝ հիմնավորելով՝ «Հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների հնարավոր զարգացման համատեքստը մեկ անգամ ևս ընդգծում է Մեծ եղեռնի հերքման քրեականացման կարևորությունը»։
Երեք տարի առաջ ներկայացված նախագծում առաջարկվում էր փոփոխություններ կատարել ՀՀ հիշյալ ՔՕ-ում և, ուշադրություն, «տուգանք, ազատազրկում նախատեսել Ցեղասպանությունը կամ մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունները հրապարակայնորեն հերքելու, արդարացնելու, դրանք քարոզելու կամ դրանց վտանգավորությունը նսեմացնելու համար (եթե դա կատարվել է ռասայական պատկանելության, մաշկի գույնի, ազգային կամ էթնիկ ծագման կամ կրոնական պատկանելության հիման վրա՝ անձի կամ անձանց խմբի նկատմամբ ատելություն, խտրականություն կամ բռնություն հրահրելու նպատակով)»:
Նախագծով մասնավորապես առաջարկվում էր երեքից ութ տարի ժամկետով ազատազրկում այն մարդկանց համար, որոնք վերոհիշյալ գործողությունները կատարել են իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով։ Ինչն է ուշագրավ. ընդդիմադիր խմբակցությունն օրենքի ընդունման անհրաժեշտության միջազգային-իրավական հիմնավորումների ցանկում հիշատակել էր նաև Հռոմի կանոնադրությունը։ Նկատենք, որ երեք տարի առաջ մշակված նախագիծն այդպես էլ «կես ճամփին մնաց»՝ հեղինակն այն ներկայացնելուց ամիսներ անց հետ վերցրեց։
Այս նույն՝ ցեղասպանությունների հարցով տոչորվող «Հայաստան» խմբակցությունը, սակայն, երբ 2023-ին ՀՀ ԱԺ-ն վավերացնում էր Հռոմի ստատուտը (Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու և կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարություն ընդունելու մասին նախագիծը), խստիվ և վճռականորեն «դեմ կըլլար» սույն նախագծին։
Նախագծի առաջին ընթերցման ժամանակ, հիշեցնենք, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, դիմելով խորհրդարանական ընդդիմությանը, նկատեց. «Դատարանը ստեղծվել է Ցեղասպանության, մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունների և ռազմական հանցագործությունների դեմ պայքարելու համար։ Մեր արտաքին քաղաքական օրակարգում մշտապես եղել է, կա և կմնա այդ կարգի հանցագործությունների դեմ պայքարը։ Յուրաքանչյուր հայ պայքարում է այդ հանցագործությունները կանխարգելելու համար։ Ես ուզում եմ տեսնել, թե ինչպես եք դուք քվեարկելու այս նախագծին։
Նախագիծը բխում է ՀՀ և հայ ժողովրդի շահերից, արտացոլում է հայ ժողովրդի վերջին 100 տարվա տառապանքների դեմ պայքարի գործիք, և ես կոչ եմ անում կողմ քվեարկել նախագծին»։ «Հայաստան»-ը, իմա՝ ՀՅԴ-ն, բնականաբար, դեմ քվեարկեց նախագծին՝ մի շարք «մահանաներ» բերելով։ Մինչդեռ գլխավոր «մահանան» Պուտինն էր. նախագծի քվեարկությունը համընկավ այն շրջանի հետ, երբ Միջազգային քրեական դատարանը ձերբակալության օրդեր էր տվել ՌԴ նախագահի և երեխաների հարցերով ՌԴ մարդու իրավունքների պաշտպան Մարիա Լվովա-Բելովայի նկատմամբ։ ՀՅԴ-ն ՀՅԴ չէր լինի, եթե միանար հակապուտինյան որևէ նախաձեռնության, փույթ չէ, որ այն առնչվում է իր «օդ ու ջրին»՝ ցեղասպանություններին ու դրանց իրավական հետապնդմանը։
Կասկած չունենք, որ այս՝ հերթական նախագիծն էլ «Հայաստան»-ը ներկայացրել է քաղաքական ադեկվատ օրակարգի բացակայությունից դրդված, շոու ապահովելու, այն է՝ իշխանությանը «մի երկու բերան ավել» «ուրացող», «դավաճան» անվանելու համար։
Հ. Մանուկյան
Բաց մի թողեք
Բաքուն փորձելու է Իրանի նախագահի այցը լիուլի օգտագործել հակահայկական նպատակներով
Իրանում ողբերգության առումով կա իսկապես շատ ուշագրավ մի «կնիք»․ Հակոբ Բադալյան
ԵՄ ընտանիքի և քաղաքակիրթ երկրների մաս կազմելը ուղենիշ վերցրած Հայաստանը չպետք է մասնակցի Մայիսի 9-ի միջոցառմանը․ «Հանրապետություն»