Բաքուն թույլ չի տվել «Ավրորա» մրցանակի դափնեկիր, պակիստանցի իրավապաշտպան Սայիդա Ղուլամ Ֆաթիմային՝ մասնակցել ապօրինաբար գերության մեջ պահվող Ռուբեն Վարդանյանի դատավարությանը։
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ նա նման ցանկություն էր հայտնել մարտին։ Ֆաթիման ժամանել է Ադրբեջան, սակայն այնտեղ նրան հայտնել են, որ չի կարող ներկա գտնվել դատավարությանը։
Արգելքը որեւէ կերպ չեն հիմնավորել, քանի որ, ինչպես ադրբեջանական կողմն է պնդում, դատավարությունն ընթանում է դռնբաց։ Ռուբեն Վարդանյանի համախոհ, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում հաստատեց լուրը, ասաց, որ առանց հիմնավոր պատճառաբանման՝ արգելել են Ֆաթիմայի մասնակցությունը դատավարությանը։
«Մենք պետք է արձանագրենք, որ բաց դատավարության մասին տեղեկությունը լկտի սուտ է, որովհետեւ եթե այն դռնբաց լիներ, կկարողանային մասնակցել նաեւ ցանկություն հայտնած միջազգային այլ կառույցներ, դեսպանատների, հյուպատոսական ծառայություններ։ Այդպիսի փորձեր եղել են, չեմ կարող մանրամասնել, որովհետեւ այդ տվյալները նաեւ իրենց անվտանգությունից են ելնում։ Ադրբեջանական կողմից հետագայում այս մարդկանցից հետաքրքրվել են, թե ինչու են նման ցանկություն հայտնում, եւ այսպես տեռորի են ենթարկում այս մարդկանց։ Ռուբեն Վարդանյանն իր ուղերձներում հրավիրում է միջազգային կառույցներին, լրատվամիջոցներին՝ դատական նիստը լուսաբանելու։ Ակնհայտորեն, նման մասնակցություն չկա, եւ դատերը բաց լինելու մասին լուրերը բացարձակ կեղծիք են»,- ասաց նա։
Հիշեցնենք․ Ռուբեն Վարդանյանը, որն արդեն մոտ 600 օր գտնվում է գերության մեջ, ընտանիքի միջոցով մի քանի անգամ ուղերձ է հղել միջազգային եւ հայ հանրությանը, մի քանի անգամ հացադուլ է արել` բողոքելով դատական ֆարսի դեմ: Իր հայտարարությունում նա նշել է. «Սա փորձ է՝ դատապարտելու բոլոր հայերին, որոնք օգնել ու աջակից են եղել Արցախին ու նրա բնակչությանը: Սա հարված է՝ ուղղված մի ողջ ժողովրդի: Ես հրաժարվում եմ այս ֆարսին մասնակցելուց: Ես դիմում եմ աշխարհի առաջնորդներին, միջազգային կազմակերպություններին, իրավապաշտպաններին, լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Այս գործընթացը ձեր ուշադրությունն է պահանջում: Արդարադատության իմիտացիան ապօրինությունն ու անարդարությունն արդարացնելն է»:
Բաց մի թողեք
Նրանք մեծացել են այդ բառապաշարի մեջ, ուրիշ ոչինչ չեն լսել, այդ բառապաշարն իրենց առօրյայի մի մասն է. Գուրգեն Մելիքյան
Հատուկ տգետների համար՝ կուսակրոնությունը ներդրվել է միջնադարում և աստվածաբանական իմաստ չունի
Կհաջողվի մեկ ամսվա ընթացքում վարչապետի պաշտոնն ազատել այն այսօր զբաղեցնողից