02/07/2025

Մերձավոր Արևելքում անվտանգության ճարտարապետության փոփոխությունն ու Հայաստանը

«Բանակցությունը բավականին կոշտ ու անկեղծ էր, բայց կարելի է ասել, որ երկու կողմն այժմ ավելի լավ են հասկանում միմյանց դիրքորոշումները»,- մայիսի 11-ին Օմանի մայրաքաղաքում կայացած իրան-ամերիկյան բանակցության չորրորդ ռաունդի մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:

Նախօրեին նա չորրորդ անգամ էր հանդիպում ԱՄՆ նախագահի մերձավորարևելյան հարցերի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի հետ:

Աբբաս Արաղչին հայտնել է, որ քննարկել են մանրամասներ և, այդ իսկ պատճառով էլ խոսակցությունը եղել է դժվար: Սակայն նա նշել է, որ պայմանավորվել են շարունակել երկխոսությունը:

Ըստ Արաղչիի՝ հաջորդ հանդիպման վերաբերյալ ձեռք է բերվել համաձայնություն, սակայն կոնկրետ օրն ու ժամը դեռ հայտնի չեն: Իրանա-ամերիկյան բանակցության գործընթացը մեկշաբաթյա ընդհատումից հետո շարունակվեց, և դա, իհարկե, լավ է նաև Հայաստանի համար:

Միևնույն ժամանակ, Հայաստանն այս բանակցության առնչությամբ, իհարկե, ոչ միայն դրա առկայության շահառու է, այլ թերևս պետք է լինի աչալուրջ հետևող՝ անհրաժեշտության դեպքում նաև պատրաստ լինելով այս կամ այն կերպ լինել պրոցեսի մեջ:

Խոսքը բանակցության ձևաչափի մասին չէ, անշուշտ, այլ լայն իմաստով դրա համատեքստի, որը, թերևս, ներառում է մերձավորարևելյան անվտանգության համակարգի ճարտարապետության վերափոխում, որում Իրանի միջուկային ծրագրի շուրջ ամերիկա-իրանյան երկխոսությունն առանցքային բաղադրիչ է:

Սրա մասին է վկայում թերևս նաև այն հայտարարությունը, որ նախօրեին արել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն՝ ասելով, որ Իսրայելի համար ժամանակն է հրաժարվել ԱՄՆ անվտանգության օգնությունից:

Նաթանյահուն, որը Իրանի հարցում կոշտ քաղաքականության կողմնակիցն է՝ ունենալով դրա համար իր մոտիվները, ըստ էության լավ է պատկերացնում, իհարկե, որ տեղի են ունենում ռեգիոնալ մեծ փոփոխություններ: Հատկանշական է, որ նա խոսում է իրանա-իսրայելյան հարաբերության համար հիմնարար բաղադրիչից: Հատկանշական է, որ դա տեղի է ունենում նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ռեգիոն այցի շեմին:

Այցը լինելու է Սաուդյան Արաբիա, Կատար, Արաբական Էմիրություններ: Նաթանյահուն գուցե փորձում է տողատակով շանտաժել Թրամփին, հատկապես, եթե նկատի առնենք այն, որ օրերս իսրայելական հեղինակավոր պարբերականներից The Jerusalem Post-ը տեղեկություն էր հրապարակել, որ Թրամփը կարող է ճանաչել Պաղեստինը:

Ի դեպ, այս ֆոնին հատկանշական է տեղեկությունը, որ օրեր առաջ եղավ Հայաստանի ԱԽ քարտուղարի Կատար այցի մասին: Այնտեղ նրա և Կատարի Էմիրի ազգային անվտանգության հարցերի խորհրդականի հանդիպման վերաբերյալ պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում էր, որ քննարկվել են Մերձավոր Արևելքի անվտանգությանը վերաբերող հարցեր:

Ուշադրության արժանին այն էր՝ ինչպես անդրադարձել եմ դեռ այդ ժամանակ, որ չեր նշվում Կովկասի, Հայաստանի անմիջական միջավայրի մասին: Նաև, իհարկե, բացակայում էին մանրամասներ, թե հատկապես ինչ ասպեկտներ է պարունակել Մերձավոր Արևելքի անվտանգության հարցերի քննարկումը Հայաստանի և Կատարի միջև:

Բայց Մերձավոր Արևելքում անվտանգության ճարտարապետության փոփոխությունը, անշուշտ, ուղիղ նշանակություն ունի նաև Կովկասի համար, ընդ որում՝ աճող նշանակություն: