19/10/2025

Պատերազմի շարունակությունը կօգնի ԵՄ-ին՝ ստեղծել սեփական մարտունակ ուժերը եւ դիմակայել ռուսական հետագա ագրեսիային

Այն, որ Պուտինն անձամբ չգնաց Ստամբուլ՝ Զելենսկու հետ բանակցելու (ինչը, կարծում եմ, միանգամայն սպասելի էր), չուղարկեց Լավրովին, այլ գործուղեց իր օգնական, «ռուսական աշխարհի քարոզիչ» Վլադիմիր Մեդինսկուն, ի սկզբանե կանխորոշում էր ստամբուլյան բանակցությունների արդյունքները:

ՌԴ նախագահն այս պահին տրամադրված չէ հրադադարի: Հռետորաբանության առումով՝ կարող է ասվել ցանկացած բան: Օրինակ, որ պետք է վերացնել կոնֆլիկտի «սկզբնապատճառները»: Ըստ ռուսական կողմի՝ գլխավոր «սկզբնապատճառը» Ուկրաինայի ձգտումն է՝ անդամակցել ՆԱՏՕ-ին:

Բայց նման խնդիր արդեն, ըստ էության, գոյություն չունի: ՆԱՏՕ-ում Ուկրաինային ոչ ոք չի սպասում: Իրականում Պուտինը սպասում է ոչ թե Զելենսկու, այլ Թրամփի պատասխանին՝ իր առաջարկներին: Այն է՝ իր երկրի հանդեպ պատժամիջոցների վերացում, Ղրիմի պաշտոնապես ճանաչում՝ որպես ՌԴ տարածք:

Այդ երկու պայմանների բավարարման դեպքում, կարծում եմ, Ռուսաստանի կողմից լուրջ խոչընդոտներ չեն լինի հրադադարի հաստատման համար: Մանավանդ որ մարտական գործողությունների դադարեցմանը կողմնակից են ոչ միայն ԱՄՆ-ն, այլեւ՝ Չինաստանն ու Թուրքիան: Զելենսկու համար նույնպես կարեւոր են ԱՄՆ-ի եւ Թուրքիայի դիրքորոշումները (Չինաստանինը՝ ոչ այնքան):

Մյուս կողմից՝ Ուկրաինայի նախագահը հասկանում է, որ խաղաղության հաստատումից հետո ինքը դժվար թե մնա իր աթոռին (եթե, իհարկե, չվերականգնի Ուկրաինայի 1991թ. սահմանները): Ուկրաինայի հասարակությունը մերի նման չի, որ տարիներ շարունակ հանդուրժի պարտված ղեկավարին:

Հետեւաբար, Զելենսկին նույնպես այս պահին հակված չէ հրադադարին, որը, սակայն, նրան կարող են պարտադրել:

Եվրոպան, ի տարբերություն ԱՄՆ-ի եւ Չինաստանի, կցանկանար, որ պատերազմը որոշ ժամանակ շարունակվեր: Եվրոպացի պաշտոնատար անձինք կարծում են (ու երբեմն դրա մասին հրապարակավ հայտարարում են), որ ռուս-ուկրաինական ճակատում հրադադարի դեպքում Ռուսաստանը կօգտվի պահից, ուժ կհավաքի եւ կհարձակվի եվրոպական այլ երկրների վրա:

Ըստ այդ տրամաբանության՝ պատերազմի շարունակությունը կօգնի ԵՄ-ին՝ ստեղծել սեփական մարտունակ ուժերը եւ դիմակայել ռուսական հետագա ագրեսիային: Այնուամենայնիվ, հաշվի առնելով բոլոր կողմերի շահագրգռվածությունները եւ ուժերի դասավորությունը, նժարը, կարծես թե, դանդաղորեն հակվում է հօգուտ խաղաղության: Սակայն այս սպասողական վիճակը կարող է տեւել եւս մի քանի ամիս:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ