Կատարի վարչապետ Մուհամեդ ալ-Թանին մայիսի 20-ին հայտարարել է, որ Գազայում հրադադարի հաստատման և պատանդների հայրենադարձության հարցերով բանակցությունները փաստացի մտել են փակուղի:
«Իսրայելի ագրեսիվ և անպատասխանատու վարքը ձախողում է խաղաղություն հաստատելու բոլոր հնարավորությունները»,- ասել է նաև և մեկնաբանել, որ կողմերից մեկը Գազայի հարցում պահանջում է ընդհանուր, մյուսը՝ մասնակի համաձայնություն, և մեզ չի հաջողվել հաղթահարել այդ ճեղքվածքը:
Կատարի վարչապետի ձևակերպումից հասկացվում է, որ Իսրայելը չի ընդունել պատանդների հայրենադարձության դիմաց Գազայում ամբողջական հրադադար հաստատելու, զորքերը պաղեստինյան բնակավայրերից հեռացնելու, մարդասիրական օգնության լրիվ ծավալով վերականգնելու մասին ՀԱՄԱՍ-ի բանակցային դիրքորոշումը: Իսրայելական աղբյուրների հաղորդմամբ՝ Նաթանյահուի կառավարությունն «օրվա ընթացքում Դոհայից պատվիրակությունը ետ կանչելու որոշում կընդունի»:
Ավելի վաղ Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը կայացրել է Գազայում մարդասիրական օգնությունը մասնակիորեն թույլատրելու որոշում, բայց պայմանով, որ բեռները կվերահսկի իսրայելական բանակը, իսկ բաշխումը կիրականացնի ամերիկյան կողմը: Նաթանյահուի կառավարությունը միաժամանակ Դոհայի բանակցությունների ձախողման դեպքում ունի Գազան լիովին օկուպացնելու ռազմական ծրագիր:
Կատարի վարչապետ ալ-Թանին հրապարակայնացրել է, որ Իսրայելը չի ընդունել Եգիպտոսի և Միացյալ Նահանգների ներկայացրած պայմանները, բայց չի մանրամասնել, թե կոնկրետ ի՞նչ հարցերի շուրջ է հատկապես ԱՄՆ-Իսրայել տարաձայնությունը:
Հատկանշական է, որ Դոհայի բանակցությունները մեկնարկել են ՀԱՄԱՍ-ի կողմից Իդան Ալեքսանդրին ազատ արձակելու ֆոնին: Իսրայելական աղբյուրների փոխանցմամբ՝ Նաթանյահուի համար ԱՄՆ-ՀԱՄԱՍ բանակցությունները «շոկային էին»:
Ըստ երևույթին, Դոհայում իսրայելական պատվիրակության «ագրեսիվ և անպատասխանատու վարքը» պայմանավորված է Դոնալդ Թրամփի մերձավորարևելյան շրջայցի ընթացքում նրա կողմից Նաթանյահուի հանդեպ ցուցաբերած վերաբերմունքով:
ԱՄՆ նախագահը ոչ միայն Երուսաղեմ չի այցելել, այլև Պարսից ծոցի արաբական միապետների հետ բանակցությունների օրակարգից բացառել է Իսրայելի հետ նրանց հարաբերությունների թեման:
Երուսաղեմում ցավոտ են ընդունել նաև Թուրքիայի և Էրդողանի հասցեին Թրամփի հնչեցրած գնահատականները, ինչպես նաև՝ Սիրիայի անցումային կառավարության ղեկավար ալ-Շարաայի հետ նրա հանդիպումը:
Այս համատեքստում ուշադրություն է գրավում Իսրայելի «Դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Յաիր Գոլանի հայտարարությունը: «Իսրայելն «իզգոյ» երկիր դառնալու ճանապարհին է, ինչպես մի ժամանակ Հարավային Աֆրիկան էր:
Դա տեղի կունենա, եթե շրջադարձ չկատարվի դեպի ողջամիտ պետություն: Իսկ ողջամիտ պետությունը խաղաղ բնակչության դեմ պատերազմ չի վարում, չի սպանում կանանց և երեխաներին և բնակչության բռնատեղահանության նպատակ չի առաջադրում»,- ասել է Գոլանը:
Կատարի վարչապետի հայտարարությունը փաստացի բացահայտում է Իսրայելի և Միացյալ Նահանգների միջև առկա էական տարաձայնությունները: Դոնալդ Թրամփը, ինչպես արևմտյան մեկնաբաններից մեկն է ձևակերպել, մտադրված է Մերձավոր Արևելքի «նոր կառուցվածք ձևավորվել՝ հիմք ունենալով ոչ թե էթնիկ կամ կրոնական, այլ՝ գործարար շահերի ընդհանրությունը»:
Պարսից ծոցի արաբական միապետությունները նրան շռայլ խոստումներ են տվել: Թրամփի «ծրագրավորած» Մերձավոր Արևելքում Իսրայելին ի՞նչ կարգավիճակ է վերապահվում: Սա է, հավանաբար, ՀԱՄԱՍ-ի հետ բանակցություններում «ագրեսից և անպատասխանատու վարք» դրսևորելու մոտիվացիան:
Այս իմաստով չափազանց ուշագրավ է մայիսի 19-ին Իսրայելի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, ըստ որի՝ Երուսաղեմ է այցելել Ադրբեջանի ռազմական գերատեսչության ղեկավար Հասանովը: Նրան ընդունել է Իսրայելի պաշտպանության նախարար Կացը: Ալիևը համերաշխությո՞ւն է հայտնում Նաթանյահուին:






Բաց մի թողեք
Հովհաննավանքի «պատարագի» կեղծ դպիր ՔՊ-ականը, սա էլ են կեղծում․ Լուսանկարներ
Ադրբեջանում ցնծում են․ Փաշինյանի նոր առաջարկը կրճատում է ճանապարհը Թուրքիայի հետ
Ուկրաինայում պատերազմի դադարեցման ամերիկյան ծրագիրը «քննարկվում է»