Հայաստանի ԱԳՆ հայտնել է, որ Երևանն ու Բաքուն առաջարկներ են փոխանակում սահմանազատման ու սահմանագծման վերաբերյալ: Իսկ հարցը վերաբերել են այն բանին, թե արդյո՞ք Բաքուն պատասխանել է սահմանազատման ու սահմանագծման վերաբերյալ Երևանի առաջարկներին:
Այդ առաջարկների մասին շաբաթներ առաջ բարձրաձայնել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Թե ինչ է առաջարկների բովանդակությունը, Հայաստանի վարչապետը չէր նշել: Սակայն ինքնին հատուկ ուշադրության է արժանի առաջարկների փաստը, և այն հանգամանքը, որ «փոխանակվում» են առաջարկներ:
Համենայն դեպս, թվում է կամ տրամաբանությունը հուշում է, որ սահմանազատման ու սահմանագծման գործընթացի առումով ձևավորվել են մեկնարկի բավականին հաստատուն նախադրյալներ: Դեռևս 2024 թվականի հոկտեմբերի վերջին թե՛ Երևանը, թե՛ Բաքուն հայտարարեցին սահմանազատման ու սահմանագծման հարցերի հանձնաժողովների կանոնադրությունը հաստատելու մասին:
Ի դեպ, դա տեղի ունեցավ Կազանում Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև երկկողմ հանդիպումից անմիջապես առաջ և հետո: Հանդիպումը հոկտեմբերի 24-ին էր՝ ԲՐԻԿՍ գագաթնաժողովի շրջանակում:
Դրանից ժամեր առաջ հայտնի դարձավ, որ Հայաստանն է ավարտել ներպետական վավերացման ընթացակարգը, և նախագահը ստորագրել է կանոնադրությունը, իսկ հոկտեմբերի 25-ին էլ Ադրբեջանը հայտարարեց, որ կանոնադրությունը ստորագրել է Ալիևը:
Հատկանշական է, որ ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանում այդ կանոնադրությունը չի անցել ներպետական վավերացման ընթացք: Հանձնաժողովների մակարդակում ստորագրվելուց ամիսներ անց, երբ Հայաստանը հայտարարեց վավերացման ընթացքը ավարտելու և նախագահի ստորագրության մասին, Բաքուն էլ ստորագրեց նախագահի մակարդակով:
Սա նշանակում է, որ Ադրբեջանը հենց սկզբից ավելի ցածր իրավական մակարդակով է դիտարկել այդ կանոնադրությունը, քան Հայաստանը: Կանոնադրության հաստատման մասին հայտարարությունից երեք ամիս անց՝ 2025-ի հունվարին, Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարեցին, որ համաձայնեցրել են նաև սահմանազատման այսպես ասած աշխարհագրական ուղղությունը՝ սկսել Հյուսիսային կետից և հասնել մինչև հարավային կետ:
Դրանից էլ անցել է մոտ հինգ ամիս, սակայն սահմանազատման ու սահմանագծման աշխատանքը դեռևս չի մեկնարկել, իսկ Երևանն էլ հայտնում է ինչ-որ առաջարկներ «փոխանակելու» մասին, չմանրամասնելով, թե հատկապես ի՞նչ առաջարկների մասին է խոսքը:
Ավելին, Բաքուն այս թեմայով առայժմ լռում է ընդհանրապես, փոխարենը «խոսելով» սահմանամերձ բնակավայրերի հարևանությամբ դիրքերում շարունակվող կրակոցներով:
Բաց մի թողեք
Ֆրանսիան միջնորդ կարող է հանդիսանալ Կովկասի հարցում
Ադրբեջանը բավականին նվաստացուցիչ տեսանյութով է պատասխանում Ռուսաստանին
Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների «վերբեռնում» Ռուսաստանին չի հաջողվում