03/07/2025

Թրամփը սպառնում է խստագույն պատժամիջոցներով Ռուսաստանի դեմ․ Սենատում նույնպես աճում է ճնշումը

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ «բացարձակապես» մտածում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին՝ ի պատասխան Մոսկվայի կողմից Ուկրաինայի վրա իրականացված զանգվածային հրթիռային ու անօդաչու հարվածների, որոնք սպանել են առնվազն 12 քաղաքացի և վիրավորել տասնյակ ուրիշների։

Թրամփը Պուտինին որակել է «բացարձակ խելագար»՝ շեշտելով, թե «նրան ինչ-որ բան է պատահել»։ Սա կտրուկ շեղում է նախկինում որդեգրած՝ հրադադարի վրա կենտրոնացած ռազմավարությունից։ Նրա հրապարակային հիասթափությունն ուղեկցվում է նկատելի փոփոխություններով՝ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական մոտեցումներում։

Միաժամանակ, ԱՄՆ Սենատում աճում է անհամբերությունն ու դժգոհությունը։ Սենատոր Լինդսի Գրեհեմի գլխավորությամբ հանրապետականները նախաձեռնում են օրենսդրական քայլեր՝ նոր պատժամիջոցներ սահմանելու Ռուսաստանի դեմ։ Նրանք մատնանշում են Պուտինի ռազմավարական համառությունը և ընդգծում՝ ժամանակն է Վաշինգտոնը կոշտ արձագանքի։

Եվրոպական երկրները արդեն պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի «ստվերային նավատորմի» և ֆինանսական հատվածի դեմ։ Թրամփի վարչակազմը, ըստ որոշ գնահատականների, պատրաստվում է առաջիկա օրերին ներկայացնել պատժամիջոցների փաթեթ, որը կարող է նույնիսկ գերազանցել Բայդենի օրոք սահմանված սահմանափակումները։

Ակնհայտ է՝ Վաշինգտոնում դիվանագիտության լեզուն աստիճանաբար փոխվում է։ Երբ Պուտինը մերժում է խաղաղ բանակցությունները, ԱՄՆ-ը վերադառնում է ուժի և ճնշման գործիքակազմին։

Թրամփ․ Պուտինը խելագարվել է, կործանում է Ռուսաստանը. Զելենսկին իր հայտարարություններով վնասում է Ուկրաինային. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կտրուկ գնահատականներ է հնչեցրել ինչպես Վլադիմիր Պուտինի հասցեին, քննադատել՝ Զելենսկուն։

Truth Social-ում նա գրել է․ «Ես միշտ շատ լավ հարաբերություններ եմ ունեցել Պուտինի հետ, բայց նրա հետ ինչ-որ բան է պատահել։ Նա ամբողջությամբ խելագարվել է։ Առանց պատճառի սպանում է շատ մարդկանց՝ ոչ միայն զինվորների։ Հրթիռներ և անօդաչուներ են թռչում Ուկրաինայի քաղաքների վրա՝ առանց արդարացման։ Ես միշտ ասել եմ՝ նա ուզում է ամբողջ Ուկրաինան, և եթե այդպես է, ապա դա կդառնա Ռուսաստանի կործանումը»։

Թրամփը քննադատել է նաև Զելենսկուն՝ նշելով․ «Նրա խոսքերն ամեն անգամ խնդիր են առաջացնում։ Դա պետք է դադարի։ Զելենսկին այդ կերպ լավություն չի անում իր երկրին»։
Նա հավելել է, որ այս պատերազմը երբեք չէր սկսվի, եթե ինքը լիներ նախագահ։ «Սա Զելենսկու, Պուտինի և Բայդենի պատերազմն է, ոչ թե իմը։ Ես միայն փորձում եմ հանգցնել նրանց վառած մեծ ու տգեղ կրակները»։