02/07/2025

Զինվորականները տասը ամիս է կալանավորված են Փաշինյանին իբր վերացնելու պատճառաբանությամբ

Դատավոր Գագիկ Հարությունյանի նախագահությամբ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյան քաղաքի նստավայրում այսօր՝ հունիսի 5-ին շարունակվում է զինվորականներ, «Սև հովազ» ջոկատի լեգենդար հրամանատար Ռուստամ Գասպարյանի եղբոր Սերոբ Գասպարյանի, արցախցի զինվորական Արմեն Մնացականյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով նախնական դատալսումները։

Զինվորականները արդեն շուրջ 10 ամիս է կալանքի տակ են, իբրեւ Հայաստանը Նիկոլ Փաշինյանից եւ իր թիմից մաքրելու անհրաժեշտության մասին ՌԴ-ում կոչեր հնչեցնելու ենթադրյալ արարքի պատճառով։

Ապացույցների գրավոր հետազոտման փուլն է, բացի այդ հունիսի 17-ին լրանում է Սերոբ Գասպարյանի կալանքի 3 ամիսը, հանրային մեղադրողը հանդես է գալուս կալանքը երկարացնելու միջնորդությամբ։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ արցախյան երեք պատերազմների մասնակից Արմեն Մնացականյանը և այլք ՌԴ-ում գործող «Արբատ» ստորաբաժանման կազմում հատուկ պարապմունքներ անցնելու միջոցով պատրաստվում էին Հայաստանում իրականացնել զինված հեղափոխություն՝ ներկայիս իշխանությունից ազատվելու նպատակով։ Դատական նիստում, ի թիվս այլոց, քննարկվելու է նաև մեղադրյալների նկատմամբ ընտրված խափանման միջոցը պահպանելու կամ փոփոխելու հարցը։

«Հրապարակը» գրել էր, որ մի քանի տարեց խոպանչիների տված ցուցմունքների հիման վրա են կալանավորվել այս մարդիկ։  Մենք հարցազրույց էինք արել կառավարության շենքի առջեւ բողոքի ակցիա իրականացնող Արսեն Ավետիսյան անունով մի քաղաքացու հետ, որն ասել էր, թե ինքն է վերջերս աղմուկ հանած «իշխանազավթման» ծրագրի մասին իրավապահներին հաղորդում ներկայացրել։

Քննչական կոմիտեն այս մարդուց ցուցմունք էր վերցրել, եւ կցել գործին։ Ավելի ուշ մենք նաեւ պարզել էինք, որ նույն Արսեն Ավետիսյանը բազմիցս հայտնվել է ոստիկանության ուշադրության կենտրոնում՝ առերեւույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով։