08/06/2025

ՔՊ-ականներն ու իրենց պարագլուխը դեռ չեն հայտարարե՞լ, որ 1-ին նախագահի ու կաթողիկոսի հանդիպումը նոր պատերազմի կհանգեցնի

ԱԺ պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․

ՔՊ-ականներն ու իրենց պարագլուխը դեռ չեն հայտարարե՞լ, որ 1-ին նախագահի ու կաթողիկոսի հանդիպումը, Մայր Աթոռի չլուծարվելն ու ՀՀԿ-ի նախաձեռնությամբ անվստահության գործընթացի մեկնարկը նոր պատերազմի կհանգեցնի:

Դեռ սպասում եմ, հաստատ ասելու են: Ավերակապաշտների խմբակը իշխանատենչության երազանքների իրականացման շրջանակներում սեփական ժողովրդի դեմ ինքնության և գոյության պատերազմ է սկսել, ինչի հետևանքը նրանց իսկ քաղաքական ջախջախումն է լինելու:

***

Այն, որ անվստահության գործընթացի վերաբերյալ մարդիկ բազմաթիվ հարցեր կարող են ունենալ, զարմանալի չէ, որովհետև իրավական-քաղաքական առումով այն բազմաթիվ առանձնահատկություններ ունի:

Մեծ առումով, նման լուրջ գործընթացը 1-2 քայլանի կոմբինացիաներով չի կարող սահմանափակվել: Յուրաքանչյուր փուլ ունի իր հստակ անելիքների հաջորդականությունը, որը հետևողականորեն պետք է հաղթահարել:

Այս թեմայով այսօր բազմաթիվ մարդկանց հետ եմ զրուցել` քաղաքական գործիչների, լրագրողների, պարզապես ակտիվ կամ թեմայի նկատմամբ հետաքրքրություն ներկայացնող քաղաքացիների:

Հասկանալիորեն հարցադրումները բազմաթիվ են, տարբեր սրության, հրատապության և առաջնահերթությունների: Միայն մի բանի վրա եմ զարմանում, երբ մարդիկ հղում են անում իշխանության տգեղ պահվածքի, օպերատիվ քարոզչական արձագանքի և իրենց հատուկ տհաճ բսռապաշարի վրա:

Իսկ որևէ մեկն ակնկալում էր, որ իշխանությունը «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնությանը զուռնա-դհոլով կամ ծափողջյուններով էր դիմավորելո՞ւ: Բա պետք է անհանգստանան, մտահոգվեն, նյարդային լարում ունենան: Ինչի մտահոգվելու բան չունե՞ն, ինչի չգիտե՞ն, թե ինչ են արել մեր երկրի հետ: Լավ գիտեն, դրա համար էլ նյարդային շարժերի մեջ են:

***

«Եթե առաջնորդվենք այն սկզբունքով, որ ճիշտը որեւէ բան չանելն է, որպեսզի սխալներ չունենանք եւ սպասենք հերթական ընտրություններին, ապա այդ քայլով իսկ կապահովենք Նիկոլ Փաշինյանի հավերժական իշխանությունը»,-  ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ պատասխանելով հարցին՝ վարչապետի թեկնածուի պաշտոնում Դավիթ Համբարձումյանի թեկնածության առաջադրումն ի՞նչ սկզբունքով է որոշվել, քանի որ բազմաթիվ հարցեր է առաջացնում այդ ընտրությունը, այդ թվում նաեւ, որ այսպիսով հերթական անգամ պայքարի իմիտացիա է նախանշվում, ոչ թե իշխող ՔՊ-ի դեմ իրական պայքար։

Հիշեցնենք, երեկ ՀՀԿ ԳՄ-ն պատվիրակել էր «Պատիվ ունեմ» խմբակցությանը՝ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացի շրջանակներում վարչապետի թեկնածու առաջադրել։ «Պատիվ ունեմ» խմբակցությունն այսօր առաջադրել է Մասիս համայնքի քաղաքապետ, ՀՀԿ Քաղաքական խորհրդի անդամ Դավիթ Համբարձումյանի թեկնածությունը։

Ինչ վերաբերվում է վարչապետի թեկնածուի՝ իրենց ընտրությանը, ապա մեր զրուցակիցը հիշեցնում է, որ իմպիչմենտի նախնական փուլում ՀՀԿ-ն իր մի քանի հայտարարություններով, ըստ էության, ազդարարել է մի գործընթացի մասին, որտեղ ինքը իրեն առաջին պլան չի բերել, առաջնորդողի կամ առաջին դերի ֆունկցիա առաջ չի քաշել․ «Նաեւ վերջին մեկ ամսվա զարգացումները, ըստ էության, ցույց տվեցին, որ ընդդիմադիր դաշտում այլ առաջադրվողներ չկան։ Սա ես ասում եմ, որովհետեւ ՀՀԿ-ն այս հարցով բազմիցս հայտարարել է, որ որեւէ ամբիցիա չունի, մեզ համար կարեւոր է երկրում իշխանության փոփոխության իրականացումը եւ մենք պատրաստ ենք մտնել բոլոր այն գործընթացների մեջ, որոնք հնարավորություն են տալիս թեկուզ մեկ կամ երկու քայլով մոտենալու իշխանափոխության հնարավորությանը։ Հիմա, հաշվի առնելով ներքաղաքական դաշտում իրավիճակը, մասնավորաբար, այն հանգամանքը, որ ըստ էության, այլ թեկնածուի շուրջ համախմբում եւ գործընթացի մեկնարկ տեղի չի ունեցել, ՀՀԿ-ն առաջադրել է այս փուլի իր պատկերացումները, գործընթացը եւ այն առաջ մղող թեկնածուին։ Չեմ կարծում, թե Դավիթ Համբարձումյանն առանձնապես մեծ ներկայացման կարիք ունի, որովհետեւ իր քաղաքական կարիերայով, աշխատանքային դիրքով, Դավիթ Համբարձումյանն ինքն է իր քաղաքական կենսագրությունը կերտել․ այն անցել է նաեւ ՀՀԿ-ով։ Այն հանգամանքը, որ ստեղծված ծանր իրավիճակում, ոչ միայն ՀՀԿ-ն, այլ նաեւ Դավիթ Համբարձումյանը չեն խուսափում ծանր պատասխանատվությունից՝ գիտակցելով նաեւ թե դա ինչ ծանր հարվածներ է բերելու՝ թե քաղաքական բառապաշարի, թե ենթադրաբար այլ հարվածների տեսքով, համաձայնել են մտնել այդ գործընթացի մեջ»։

Ըստ զրուցակցի, գործընթացի յուրաքանչյուր փուլ իր աշխատանքն է ենթադրում․ «Սա այն փուլն է, որ քաղաքական ուժերը պետք է իրենց հստակ դիրքորոշումն արտահայտեն՝ այս կամ այն ուղղությամբ շարժվելու՝ մեծ առումով նաեւ ցույց տալու, թե իրականության մեջ իրենք ինչ խնդիր են դրել»։

Տիգրան Աբրահամյանը նաեւ հավելում է․ «ՀՀԿ-ն կադրային բազայի խնդիր չի ունեցել ոչ մինչեւ 2018-ը, ոչ էլ 2018-ից հետո, բայց ամեն իրավիճակ ենթադրում է համապատասխան մարդու առաջ քաշում եւ այս դեպքում որոշումը կանգնել է Դավիթ Համբարձումյանի վրա»։

Դիտարկմանը, որ Դավիթ Համբարձումյանի առաջադրման շուրջ առաջին իսկ արձագանքները, որոնք իշխող ՔՊ-ից են, հեգնական են․ Ալեն Սիմոնյանն էլ «հիշեցնում» է, թե ո՞վ է եղել Դավիթ Համբարձումյանը, Տիգրան Աբրահամյանն արձագանքեց․ «Բնականաբար, սպասելի էր, որ իշխանությունը ծափողջյուններով չէր դիմավորելու ՀՀԿ-ի այս նախաձեռնությունն ու ներկայացումը։ 2018-ից սկսած՝ Դավիթ Համբարձումյանը եւ նրա ընտանիքը այս իշխանության քաղաքական թիրախավորման տակ են եղել․ այնպես որ, որեւէ նոր կամ անակնկալ բան տեղի չի ունեցել»։