09/06/2025

Հողամասեր, բնակարան, աշխատավարձ և վարկ. ի՞նչ ունեցվածք են հայտարարագրել Սուրեն Պապիկյանն ու նրա կինը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը 2025 թվականի մայիսի 26-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2024 թվականի իր գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիրը:

Ըստ այդմ՝ նա հայտարարագրել է 2003 թվականին ձեռք բերած համատեղ սեփականությամբ երեք հողամաս Լոռու մարզի Բերդ գյուղում։ Նախարարը 2019 թվականին գնման միջոցով Երևանի Արաբկիր վարչական շրջանում ձեռք է բերել միանձնյա սեփականությամբ բնակարան։ Թվարկված բոլոր գույքերը տարեվերջին պահպանվել են։

Պապիկյանը հայտարարագրել է այլ անձի պատկանող բնակելի տուն, որը գտնվում է Երևանի կենտրոն վարչական շրջանում. վերջինս 90 օրից ավելի փաստացի օգուտ է ստանում կամ տնօրինում այն։

Տրանսպորտային միջոց նախարարը չի հայտարարագրել։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը 75 միլիոն 573 հազար 379 դրամի հանձնված և վերադարձված փոխառություններ ունի «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ից։

Որպես դրամական միջոց նա հայտարարագրել է 1 միլիոն 605 հազար 422.8 դրամ, 17 հազար 501.96 դոլար, 17 միլիոն 48 հազար 421.1 դրամ, 10 հազար 393.41 եվրո, որոնք տարեվերջին դարձել են 6 միլիոն 762 հազար դրամ, 30 հազար 001.96 դոլար, 10 միլիոն 306 հազար 319.46 դրամ, 15 հազար 193.41 եվրո։ Նախարարը տարեսկզբին կանխիկ դրամ չի ունեցել, իսկ տարեվերջին՝ 1 միլիոն դրամ, 20 հազար դոլար, 10 հազար եվրո:

Վերջինիս տարեկան ընդհանուր եկամուտները կազմել են 31 միլիոն 37 հազար 951 դրամ, որից 1 միլիոնը որպես այլ եկամուտ եղել է գյուղատնտեսական գործունեությունից ստացված եկամուտը, 7 միլիոն 100 հազարը՝ վարձակալության դիմաց ստացված վճարը կամ այլ հատուցումը, 1 միլիոն 742 հազար 776 դրամը՝ այլ եկամուտներ ՀՀ ֆինանսների նախարարությունից։

21 միլիոն 195 հազար 175 դրամ կազմել է նրա աշխատավարձը։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 55 միլիոն 398 հազար 871 դրամ. հիփոթեքի առարկաներ են նշվել 2 բնակարաններն ու 1 ավտոկայանատեղի։ Տարվա ընթացքում նա վարկի մարմանն ուղղել է 8 միլիոն 473 հազար 808 դրամ։

Սուրեն Պապիկյանն ու նրա ընտանիքի անդամները 2024 թվականին հանգստի համար ճանապարհածախս են նշել 2 միլիոն 543 հազար դրամը, ևս 14 միլիոն 476 հազար դրամ էլ կազմել է անշարժ գույքի վերանորոգման համար կատարված ծախսը։

Նախարարի կինը՝ Արմինե Մուրադյանը, շարժական կամ անշարժ գույք չի հայտարարագրել։

Որպես դրամական միջոց նա հայտարարագրել է 347 հազար 600 դրամ, 1 միլիոն 40 հազար 41 դրամ, 3 միլիոն 600 հազար 538.9 դրամ, որոնք տարեվերջին դարձել են 600 հազար 400 դրամ, 5 միլիոն 461 հազար 517.67 դրամ, 3 միլիոն 603 հազար 782.6 դրամ, ինչպես նաև՝ 17 հազար 700 դոլար, որը տարեվերջին պահպանվել է։

Կանխիկ դրամը եղել է 2 հազար եվրո, որը տարեվերջին պահպանվել է, 3 միլիոն 400 հազար դրամ, որն էլ տարեվերջին դարձել է 2 միլիոն 700 հազար դրամ։

Որպես տարեկան ընդհանուր եկամուտ նախարարի կինը հայտարարագրել է միայն 5 միլիոն 458 հազար 500 դրամ աշխատավարձ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամից։