15/06/2025

Պետք է պատրաստ լինել ցանկացած զարգացման, չպետք է վախենալ պատերազմից. Հովհաննիսյան

Ռազմական փորձագետ, «Հայոց Հզոր Բանակ» հասարակական կազմակերպության հիմնադիր Կարեն Հովհաննիսյանն անդրադարձել է գիշերվանից տարածաշրջանում բորբոքվող սրացումներին՝ Իրանի ուղղությամբ Իսրայելի հարձակմանը:

«Իրանի վրա օդային հարձակումները կարո՞ղ են վերաճել և դառնալ ցամաքային՝ կարող են․․․

Միայն Աստված չի կարող մեր երկիրը պահի ու պահպանի, ինքներս պետք է այն պահենք ու պահպանենք Աստծու ողորմածությամբ, Հայոց բանակի բազկի ուժով․․․ Ադրբեջանը կարող է Իրանին սադրելու համար հենց Հայաստանի սահմաններին սադրանք սկսի, այնպես որ, պետք է պատրաստ լինել ցանկացած զարգացման, իսկ պատրաստ լինելը դա միայն ու միայն պատերազմին պատրաստ լինելն է ․․․ Չպետք է վախենալ պատերազմից, պետք է վախենալ դրան պատրաստ չլինելուց․․․

ԼՈՒՍԱՌԱՏ օր Հայրենիքիս»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հովհաննիսյանը:

Հունիսի 13-ի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել Է Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու մասին և սկսել է ռազմական գործողություն։ Վարչապետ Բենիամին Նեթանյահուի խոսքով՝ գործողությունը կտևի «այնքան օր, որքան անհրաժեշտ լինի»։

ՑԱԽԱԼ-ը պնդում է, որ Իրանը բավականաչափ հարստացված ուրանի պաշար ունի՝ մի քանի ատոմային ռումբ պատրաստելու համար մի քանի օրվա ընթացքում, և անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել այս «անխուսափելի վտանգը» կանխելու համար: Օդային և թիրախային հարվածներ են հասցվել Թեհրանին, Սպահանին, Նաթանզին, Ֆորդոյին, Ղոմին և Թավրիզին:

Իրանի գերագույն և հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին Իսրայելին զգուշացրել է Իրանի տարածքին հարվածներից հետո «դառը և ցավալի» հետևանքների մասին։

Խամենեին հայտարարել է, որ կատարյալ ազատություն է տալիս զինվորականներին:

Իրանական լրատվամիջոցները հայտնում են, որ Թեհրանին Իսրայելի հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ խաղաղ բնակչության շրջանում, ավերվել են բազմաթիվ ենթակառուցվածքներ: