21/06/2025

Հանրության համար մի քանի օր անց վարագույրն առնվազն որոշակի մասով կբացվի՝ տալով գնահատման հնարավորություն

Հայաստանի և Թուրքիայի փոխարտգործնախարարները քննարկել են երկկողմ շփումներին և ռեգիոնին վերաբերող հարցեր: Ըստ ամենայնի, սակայն, բուն հարցը կարող էր լինել Հայաստանի վարչապետ Փաշինյանի Անկարա այցը, որի մասին տեղեկությունը տարածվեց հայկական մեդիայում, ինչը չհաստատեց ու չհերքեց վարչապետ Փաշինյանի խոսնակը:

Ըստ այդմ` տեղեկության, Փաշինյանը հունիսի 20-ին կարող է մեկնել Անկարա և այնտեղ հանդիպել Էրդողանի հետ: Եթե տեղեկությունը պաշտոնապես չհերքվեց, ապա կնշանակի, որ այն քննարկվում է, ինչպես եզրակացրել էի դեռ այդ օրերին արված մեկնաբանություններում: Անկարայում փոխարտգործնախարարների հանդիպումը հուշում է, որ այցն իսկապես նախապատրաստվում է: Ինչ օրակարգո՞վ, սա է առանցքային ինտրիգը:

Արդյո՞ք ԱԳՆ-ների մակարդակով քննարկվում է Հայաստանի վարչապետի և Թուրքիայի նախագահի շոշափելիք հարցերի շրջանա՞կ միայն, թե անգամ փորձ է արվում համաձայնեցնել հնարավոր հանդիպման արդյունքում որևէ համատեղ հայտարարություն, հռչակագիր կամ մտադրությունների հուշագիր:

Հնարավոր է, որ այցը կայանալուց հետո Փաշինյանն ու Էրդողանը հանդես գան մամուլի համար հայտարարությամբ, որի տեքստն էլ գուցե քննարկվում է արտգործնախարարությունների մակարդակով: Ավելին, բացառված չէ, որ հենց դրա համաձայնեցումից է կախված՝ կկայանա՞ Փաշինյանի այցը Անկարա, թե՞ ոչ:

Ինչպես արդեն անդրադարձել եմ թեմային, հատկապես իրանա-իսրայելական այս պատերազմի և դրանից բխող ռեգիոնալ ռիսկերի ֆոնին Հայաստանի համար շատ կարևոր է դառնում դիվանագիտական բազմակողմ աշխատանքի միջոցով բարձրացնել անվտանգության միջավայրի օպերատիվ կառավարման աստիճանը: Դա, անշուշտ, ենթադրում է ի թիվս Կովկասով շահագրգիռ բոլոր կենտրոնների հետ աշխատանքի, իհարկե, աշխատանք նաև Թուրքիայի ուղղությամբ:

Անշուշտ, շատ կարևոր է, որ այդ աշխատանքն իրականում չլինի ընդամենը այն, որ Երևանը հայտնվի ներկայացվող նոր քաղաքական և այլ բնույթի պայմանների կամ պահանջների ներքո, երբ կստացվի, որ Երևանը Թուրքիայի հետ աշխատանքով ոչ թե անվտանգային ռիսկերն է կառավարում, այլ ընդամենը ռազմական բնույթի ռիսկերը «կերպափոխում» է քաղաքական ձևաչափով ռիսկերի և իմպլեմենտացիայի:

Դա, իհարկե, բացարձակապես չի կարող նույնական լինել դիվանագիտական աշխատանքի հետ: Մեծ հաշվով, հանրության համար մի քանի օր անց վարագույրն առնվազն որոշակի մասով կբացվի՝ տալով գնահատման հնարավորություն: