21/06/2025

Իրավապահները սպասում են Նիկոլ Փաշինյանի հրահանգին

Մի քանի ժամ առաջ` Սամվել Կարապետյանի` ի աջակցություն եկեղեցուն արված հայտարարությունից հետո լուր տարածվեց, որ Կարապետյանը ձերբակալվել է:

Լրատվամիջոցները հրապարակեցին քարշակով տարածքից տարվող ավտոմեքենան, որը պատկանում է Սամվել Կարապետյանին: Ապա լուրեր տարածվեցին, որ նրա տանը խուզարկություն է ընթանում:

Այս պահի դրությամբ ներկայացնում ենք այն տեղեկատվությունը, որը հաջողվել է ստուգել:

Ազգային Ժողվում գտնվող Նիկոլ Փաշինյանը 4-5 գրառում է կատարել արդեն` Սամվել Կարապետյանին ուղղված սպառնալիքներով: Նրա ուսապարկերը ԱԺ հայտարարությունների ժամը վերածել են Եկեղեցուն եւ Սամվել Կարապետյանին թիրախավորելու ակցիայի:

Կարապետյանի` Ուլնեցու վրա գտնվող տան մերձակայքում մեծ թվով ԱԱԾ-ի աշխատողներ են` մեքենաներում նստած: Ասում են` սպասում են, որ ԱԺ նիստն ավարտվի, Նիկոլ Փաշինյանից հրահանգ ստանան` ձերբակալե՞լ Կարապետյանին, թե ոչ:

Տանը խուզարկություն չի ընթանում: Կարապետյանի տանը ԱԺ պատգամավորներ կան, բակում հավաքվել են նրա հարազատներն ու ընկերները, որոնք մարտական են տրամադրված եւ որոշել են թույլ չտալ, որ Կարապետյանին ձերբակալեն: Նրանք սպասում են իրավապահների ժամանելուն:

Ցերեկը Ուլնեցի փողոցից 40-45 մարդ է ձերբակալվել եւ տարվել ՆԳՆ: Նրանք Սամվել Կարապետյանի աշխատողներն են, ընկերները: Հատուկ ջոկատայիններն ուղղակի տան դեմից ձերբակալել եւ առեւանգել են նրանց, հավանաբար, որպեսզի դիմադրություն չլինի եւ երկրորդ փուլում արդեն Նիկոլ Փաշինյանին զայրացրած Սամվել Կարապետյանին տանեն:

Նման անթաքույց քաղաքական հետապնդում` խոսքի համար, անգամ աֆրիկյան երկրներում, Հյուսիսային Կորեայում տեղի չեն ունենում: