20/06/2025

Փաշինյանը չի հանգստանում, 2 վախը մի մաh է

Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը ցույց տվեց, որ այնքան է պաշտում իր աթոռն ու իշխանական վայելքները, որ այդ իշխանությունը կորցնելու չնչին վտանգի դեպքում պատրաստ է երկիրը մի վայրկյանում կոլապսի ենթարկել, իրավապահ, ուժային մարմիններին դարձնել իր կամակատարը, գնալ օրենքների ու Սահմանադրության դեմ, աշխարհի առաջ խայտառակ լինել, միայն թե չեզոքացնի այդ վտանգը։

«Հրապարակ» թերթը գրել է․ Նախօրեին Սամվել Կարապետյանին բռնելու հրահանգ տված մարդը երեկ էլ չէր հանգստանում, չնայած հանրային արձագանքը 99 տոկոսով բացասական էր։

Ո՞րն է Կարապետյանի մեղքը` հարցնում էին մարդիկ, նա ընդամենը աջակցություն է հայտնել Եկեղեցուն եւ հայտարարել․ «Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձեւով ենք մասնակցելու Եկեղեցու դեմ արշավին»։ Թե ինչ է հասկացել Փաշինյանը, եւ այս միտքն ինչպես է մեկնաբանել նրա հիվանդ գիտակցությունը, դժվար է ասել: Ընդ որում՝ Նիկոլ Փաշինյանն այս հայտարարությունը ցիտելիս ամեն անգամ միտումնավոր կերպով «մասնակցելու» բառի փոխարեն օգտագործում էր «միջամտելու» բառը, իբր այդ բառի մեջ կոշտ գործողություն տեսնելով, որպեսզի դրա վրա հիմնվելով՝ գործ կարեն Սամվել Կարապետյանի վրա՝ իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը տապալելու հրապարակային կոչ անելու հոդվածով։

Սամվել Կարապետյանի ձերբակալությունից հետո էլ Փաշինյանը չխաղաղվեց, երեկ ողջ օրը նա հանձնարարել էր ստուգումներ իրականացնել Կարապետյանին պատկանող օբյեկտներում՝ ՀԷՑ-ում, «Տաշիր պիցցայում», որի մի քանի մասնաճյուղ փակվեց ժամերի ընթացքում՝ տասնյակ քաղաքացիների դարձնելով գործազուրկ: Ողջ օրը ինքն ու իր ուսապարկերը սպառնացին ՀԷՑ-ը պետականացնել, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անգամ հայտարարեց, թե այդ մասին նախագիծն արդեն ԱԺ-ում է` դեռ նախորդ ամիս ինքն է հանձնարարել: Սակայն մենք պարզեցինք, որ նման նախագիծ չկա: Պարզ է, որ Փաշինյանը փորձում է իր վախերը հաղթահարել «լավագույն պաշտպանությունը հարձակումն է» կարգախոսով։

Երեկ նաեւ շրջանառության մեջ դրեց արդեն ծեծված թեզը՝ իբր Ռուսաստանն է ուզում իրեն գահընկեց անել։ «Ես փոխադարձ վստահության վրա հիմնված շատ սերտ աշխատանքային հարաբերություններ ունեմ ՌԴ նախագահի եւ կառավարության ղեկավարի հետ։ Ես չեմ կարող հավատալ, որ Կրեմլից կամ ՌԴ կառավարությունից՝ «Սպիտակ տնից» կարող է Հայաստանի դեմ նման գործողություններ տեղի ունենալ, բայց չեմ բացառում, եւ մեծ է հավանականությունը, որ Ռուսաստանում, այնուամենայնիվ, կան որոշակի շրջանակներ եւ, ընդ որում, ոչ միայն Ռուսաստանում կան այդպիսի շրջանակներ, ես վստահ եմ, որ կոնկրետ այս դեպքում այլ երկրներում էլ կան շրջանակներ, որոնք այս հիբրիդային գործողությունների եւ պատերազմի հետեւում են կանգնած»,- հայտարարեց Փաշինյանը։

Նա համոզմունք հայտնեց, որ ունի բոլոր կարողությունները՝ կառավարելու այդ «հիբրիդային ռիսկերը» եւ ոչ միայն հիբրիդային ռիսկերը։ Քիչ ուշ նրան երկրորդեց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով իշխանության եւ Եկեղեցու միջեւ ծավալվող քննարկումներին եւ պատմական էքսկուրս անելով․ «Հայ հոգեւորականները, հայ օլիգարխիայի հետ կամ նախարարական տների հետ դաշնակցելով, երկու անգամ մատաղ են արել հայոց պետականությունը Արշակունիների եւ Բագրատունիների թագավորություններում, եւ այս երկու անգամ էլ ժողովուրդը խաղի մեջ չի եղել, եւ դա հասկանալի է, քանի որ այդ ժամանակ կարգերն էին ուրիշ, ժողովրդավարություն չէր: Բայց պետության կորստի երկու դեպքում էլ գինը վճարել է ժողովուրդը՝ իր հարյուրամյա եւ հազարամյա տառապանքներով, այսինքն՝ Եկեղեցու բարձրաստիճան պետերն ու օլիգարխիան պետության գլուխը կերել են, եւ գինը վճարել է ժողովուրդը, որովհետեւ իրենք պահել են այն, ինչ ունեին: Այսօրվա իրողությունների շրջադարձային տարբերությունը գիտե՞ք որն է, որ Հայաստանի, հայ ժողովրդի պատմության մեջ առաջին անգամ, երբ Եկեղեցու բարձրաստիճան ղեկավարությունն ու օլիգարխիան էլի ուզում են մատաղ անել մեր պետությունը, ժողովուրդը խաղի մեջ է, ժողովուրդը գործոն է: Առաջին անգամ ՀՀ-ում կա լեգիտիմ ընտրված իշխանություն, եւ կա ժողովրդի ու իշխանության դաշինք: Սա է, որ ուզում են քանդեն այս մարդիկ»:

Նրան լսողները, թերեւս, արձանագրում էին, որ այս իշխանությունն այլեւս հանրային աջակցություն չունի` միայն մի փոքրիկ խմբակ է մնացել Փաշինյանի շուրջը: Բայց նաեւ հիշեցին, թե երբ են Կոնջորյանին նկատել` երբ Էդմոն Մարուքյանի համագումարում նա Խրիմյան Հայրիկի թղթե շերեփի հայտնի պատմությունն էր պատմում, որից հետո հրաժարվեց իր քավորից` Մարուքյանից, եւ ճամբարափոխ եղավ: