Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանի ընտանիքին առնչվող ընկերությունը մասնակցել ու հաղթել է համայնքապետարանի գնումների մրցույթներին։ «Գավառտրանս» ընկերությունը ոչ միայն Գավառի ղեկավարի հետ սերտ կապ ունի, այլ նաև՝ նույն համայնքի ավագանու անդամ Հրայր Գուլաբյանի։
Այսպես, այս տարվա հունիսի 5-ին «Գավառտրանսը» պայմանագիր է կնքել Գավառի համայնքապետարանի հետ, որի համաձայն, ընկերությունը համայնքապետարանին կմատակարարի սեղմված բնական գազ։ Հունիսի 5-ին կնքված պայմանագրի ընդհանուր արժեքը ավելի քան 1․5 միլիոն դրամ է։

«Փաստերի ստուգման հարթակը» պարզել է, որ «Գավառտրանսը» սերտ առնչություն ունի Գավառ համայնքի ղեկավարի հետ․ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների համաձայն, Գավառի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը եղել է այս ընկերության բաժնետեր 2003-2008 թվականներին։ Այնուհետև ընկերության ղեկավարի պաշտոնը փոխանցվել է նրա մերձավորներին։
Ի դեպ, Մարտիրոսյանը 2005 թվականից Գավառի ղեկավարն է։
Պետական գնումներին մասնակցած ու շահած «Գավառտրանսի» հետ համայնքի ղեկավարի կապը ուսումնասիրելիս պարզել ենք, որ դրա բաժնետերեր են նրա հայրը՝ Երվանդ Գուրգենի Մարտիրոսյանը, որդիները՝ Նարեկ և Յուրի Մարտիրոսյանները, ինչպես նաև քույրը՝ Նարինե Մարտիրոսյանը։

Ավելին, այս ընկերությունում 31 տոկոս մասնակցությամբ իրական շահառու է նաև Հրայր Գուլաբյանը, որը Գավառ համայնքի ավագանու անդամ է։

Վերջինը «Գուրգեն Մարտիրոսյան դաշինքի» կազմում 2021 թվականին կայացած ՏԻՄ ընտրություններում դարձել է ավագանու անդամ, աշխատում է «Գավառտրանսում» և ըստ համայնքի պաշտոնական կայքէջի, «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ է։

«Գավառտրանսի» մասնակցությամբ պետական գնումների մրցույթների մեր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այս ընկերությունը անցյալում ևս մասնակցել է Գավառի համայնքապետարանի պետական գնումների գործընթացներին։
Մասնավորապես, 2017-ին Գավառի համայնքապետարանի և «Գավառտրանսի» միջև կնքվել է պայմանագիր, համաձայն որի, «Գավառտրանսը» համայնքապետարանին տրամադրել է տրանսպորտային փոխադրումների ծառայություններ։ Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 3 միլիոն դրամ։

Բացի Գավառի համայնքապետարանից, «Գավառտրանսը» ակտիվորեն մասնակցել է նաև Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի պետական գնումների մրցույթներին։
Մասնավորապես, 2019, 2022, 2023 և 2024 թվականներին այս ընկերությունը պարբերաբար հաղթել է պետական գնումներում։ Գործընթացի ուսումնասիրությունից նկատելի է, որ դրանք գրեթե միշտ կատարվել են առանց մրցույթի, այսինքն՝ մարզպետարանը պարզապես ընտրել է այդ ընկերությանը՝ առանց մյուս ընկերություններին մասնակցության հնարավորություն տալու։
Բացի այդ, պայմանագրերի արժեքը հիմնականում եղել է շուրջ 990 հազար դրամ՝ մի փոքր պակաս 1 միլիոնից։ Մեխանիզմը հստակ է՝ գնումների մասին Հայաստանի օրենսդրությամբ, եթե գնումը չի գերազանցում 1 միլիոն դրամը, այն հնարավոր է կազմակերպել առանց մրցույթի՝ մեկ անձից գնման եղանակով։ Թեև սա օրենքի խախտում չէ, սակայն հարցեր է առաջացնում՝ ինչո՞ւ է պայմանագրերի արժեքը այդքան մոտ 1 միլիոնին և արդյո՞ք դա արվել է հատուկ՝ մրցութային պահանջներից խուսափելու համար։

Այսպիսով, «Գավառտրանս» ընկերությունն անխոչընդոտ կերպով մասնակցել ու հաղթել է Գավառ համայնքի, ինչպես նաև Գեղարքունիքի մարզպետարանի պետական գնումների մրցույթներին՝ մեկ անձից գնման եղանակով։ Չնայած Գավառի համայնքապետը պաշտոնական փաստաթղթերում «մաքրել» է իր կապը «Գավառտրանս» ընկերության հետ, այդուհանդերձ, ոչ պաշտոնապես նա այդ կապը պահպանում է մերձավորների միջոցով։ Ավելին, պետական գնումների մրցույթներում այս ընկերության հաջողությունները, ամենայն հավանականությամբ, պայմանավորված են նաև այն հանգամանքով, որ համայնքի ավագանու անդամը դրա ղեկավարն է։
Արևիկ Մանուկյան
Բաց մի թողեք
Էջմիածնի տոնին ու արդեն հայտարարված ուխտագնացությանն ընդառաջ քաղաքային իշխանությունը այսօրվանից փակել է Էջմիածնի կենտրոնը
Ալիևն ինչ է կատարում Նախիջևանում, դա որքանո՞վ է առնչվում «Զանգեզուրի միջանցքին»
Ադրբեջանցիները Ներքին Հանդի ուղղությամբ են կրակել